Հայաստանի կառավարութեան այս լռութիւնը որեւէ խոչընդոտ չի ստեղծում, որպէսզի ադրբեջանը հայազերծի եւ իսլամացնի արցախը

Հայաստանի կառավարութեան այս լռութիւնը որեւէ խոչընդոտ չի ստեղծում, որպէսզի ադրբեջանը հայազերծի եւ իսլամացնի արցախը


Արմինէ Հայրապետեան
Արցախի «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութեան» նախկին տնօրէն

Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգութիւնը, այլ նաեւ պատմութեան բռնայուրացում է իրականացնում։
Ի՞նչ է կատարւում Արցախի տարածքում, պարբերաբար տեղեկութիւններ են ստացւում, որ Ադրբեջանը ոչնչացրել կամ վանդալիզմի է ենթարկել հայկական եկեղեցիները, քանդել է ամբողջական բնակավայրեր, Ստեփանակերտի հին թաղամասէրը։ Ստոյգ տուեալներ չկան, թէ ինչ վնասներ են հասցուել Արցախի հայկական ժառանգութեանը։
Արմինէ Հայրապետեանն ասում է, որ իրենց տեղեկութիւններն այնքանով են, որքանով Ադրբեջանը դա թոյլ է տալիս։ «Ես վստահ եմ, որ աւերածութիւնները եւ կորուստներն աւելի շատ են, քան մենք տեղեակ ենք։ Այն, ինչը մտնում է Ադրբեջանի քարոզչութեան մէջ, այդ մասով մենք տեղեկանում ենք իրավիճակի մասին։ Իսկ Ադրբեջանն այսօր նաեւ հոգեբանական պատերազմ է վարում արցախցիների նկատմամբ՝ քանդելով արցախցիների տները, Արցախի բնակավայրերը, թաղամասէրը։ Այսինքն՝ ինքը գործում է մեր ժողովրդի հաւաքական յիշողութեան դէմ։ Նաեւ Արցախի տեղանուններն է փոխել։ Այսինքն՝ երբ փորձում ենք քարտէզի միջոցով որեւէ տուեալ իմանալ Արցախի մասին, մենք շատ դժուարութեամբ ենք գտնում այս կամ այն բնակավայրը, որովհետեւ լրիւ ուրիշ անուններ են տրուել։ Սա նոյնպէս պայքարի մաս է կազմում, Արցախի ամբողջ նկարագիրը փոխում են՝ սկսած Արցախի պատմամշակութային ժառանգութիւնից, արտաքին տեսքից, անուանումներից, իսպառ վերացնում են այն ամէնը, ինչ կապուած է հայի ու հայկականութեան հետ։ Զուգահեռ մզկիթներ ու ադրբեջանական յուշարձաններ կառուցելով՝ իսլամացնում են հայկական տարածքը։ Ադրբեջանն այնպիսի բնակավայրերում է մզկիթներ կառուցում, որտեղ որեւէ ժամանակահատուածում մզկիթ չի եղել։ Որպէս օրինակ կարող եմ նշել Հադրութը, Քարին տակը, Բերձորը։ Նոյնիսկ խորհրդային տարիներին եւ դրանից առաջ այդ տարածքներում մզկիթներ գոյութիւն չէն ունեցել»,- ասում է Արմինէ Հայրապետեանը։
Հայկական պատմամշակութային ժառանգութեան ոչնչացմանը զուգահեռ՝ Ադրբեջանը պատմութեան բռնայուրացում է իրականացնում։ Արցախի հայկական հոգեւոր ժառանգութիւնը՝ ի դէմս եկեղեցիների, վանքերի եւ խաչքարների, ներկայացւում է որպէս «աղուանական»։ Իսկ աշխարհիկ շինութիւնները, օրինակ՝ մելիքական պալատները, բերդերը ներկայացնում են որպէս «ադրբեջանական»։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը շատ ակտիւ կերպով աշխարհում քարոզում եւ արցախեան գորգերը ներկայացնում է որպէս «ադրբեջանական»։ Նոյնը կարելի է ասել ձիու ղարաբաղեան ցեղատեսակի մասին։ Անգամ արցախեան յայտնի ժենգլեալով հացն են ներկայացնում որպէս ադրբեջանական։
Եւ այս ամէնը տեղի էն ունենում միջազգային հանրութեան լռութեան պայմաններում։
Արմինէ Հայրապետեանի խօսքով՝ մշակոյթը միշտ էլ զոհաբերուել է քաղաքական շահին։ «Նախքան Արցախի դէպքերը մենք նոյն իրավիճակը տեսել ենք Արեւմտեան Հայաստանում, Նախիջեւանում, նոյն Ջուղայի հայկական գերեզմանոցի դէպքը յիշէնք։ Նախիջեւանի հարիւրաւոր եկեղեցիներից այսօր ոչ մէկը չկայ։ Երբ ապրում էինք Արցախի մնացած կտորի վրայ եւ փորձում էինք ՅՈւՆԵՍԿՕ-ին նամակներ գրել, ես յատուկ յոյս չունէի։ Ադրբեջանի նաւթն ու էներգէտիկ ռեսուրսներն այսօր շատ աւելի են քրիստոնեայ Եւրոպայի համար, քան քրիստոնեական արժէքները։ Ընդհանրապէս արդի աշխարհում քաղաքական շահից բացի՝ ուրիշ արժեհամակարգ ես արդէն չեմ տեսնում»,- ասում է մեր զրուցակիցը։
Նրա խօսքով՝ երբ խօսում ենք միջազգային տոտալ լռութեան մասին, պէտք է շեշտել նաեւ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների գործոնը, որոնք մաս են կազմում այդ լռութեանը։ Այսօր ոչ արցախցի փախստականների իրաւունքների համար կայ պետական մակարդակով պայքար, ոչ էլ պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան մասով։ Արմինէ Հայրապետեանի խօսքով՝ սա նշանակում է, որ Հայաստանն օտար երկրների նման կանաչ լոյս է վառում Ադրբեջանի առաջ, եւ Ադրբեջանի ձեռքերն ազատ են՝ Արցախում անելու այն, ինչ կարող է։ «Կյաջողի՞ Ադրբեջանը, եթէ վերցնենք Նախիջեւանի փորձը, պէտք է ասենք՝ կը յաջողի։ Բայց քանի դեռ սերունդ չի փոխուել, քանի դեռ մարդկանց յիշողութիւնը թարմ է, քանի դեռ արցախցիների վերադարձի յոյսը մարած չէ, այս հանգրուանում դժուար է։ Բայցի այդ, նաեւ ֆիզիկապէս է դժուար, որ Ադրբեջանը կարողանայ Արցախի հազարաւոր տարիների հայկական հետքը միանգամից ոչնչացնել։ Բայց ՀՀ կառավարութեան այս լռութիւնը, անտարբեր վարքագիծը որեւէ խոչընդոտ չի ստեղծում Ադրբեջանի համար, որպէսզի Արցախը հայազերծի եւ իսլամացնի»:
Անդրադառնալով հարցին, թէ ի՞նչ պէտք է անել այս պայմաններում, մասնաւորապէս, ի՞նչ անելիք ունեն արցախցիները, Արմինէ Հայրապետեանն ասում է՝ միջազգային դատարաններ պէտք է դիմել։ «Հաագայի դատարանը որոշում էր կայացրել Արցախի մասով, որ պէտք է պատմամշակութային ժառանգութիւնը պահպանուի։ Բայց մենք գիտենք, որ ցանկացած որոշում իրականութիւն է դառնում, եթէ այդ որոշման հետեւից գնում ես։ Բայց Հայաստանի իշխանութիւնների գնում են միջազգային դատարաններում եղած հայցերը հետ վերցնելու ճանապարհով, ինչը լաւ մեսիջ է Ադրբեջանի իշխանութիւններին, որ կարող են հանգիստ շարունակել այն, ինչ այսօր անում են Արցախում»,- ասաց նա։
Իսկ արցախցիների անելիքը, Արմինէ Հայրապետեանի խօսքով, այսօր Արցախի սուբյեկտայնութիւնը պահելն է։ Բոլոր արցախցիների անունից խօսող մի մարմին պէտք է ձեւաւորուի, նաեւ Արցախի շահերը պէտք է ներկայացնի Արցախի իշխանութիւնը։ «Կան երկրներ, որոնք ինչ-որ հետաքրքրութիւն են ցուցաբերում Արցախի հարցում, օրինակ՝ Շուեյցարիան, այդ երկրների հետ պէտք է սկսենք աշխատել։ Միջազգային կառոյցները պէտք է կապի դուրս գան արցախցիների կողմից ստեղծուած այդ մարմնի հետ։ Այդ ժամանակ արդէն արցախցիները կը տեսնեն, թէ ինչ դուռ պէտք է թակէն, ում հետ պէտք է խօսէն։ Հիմա ոնց որ տան մէջ փակուած ենք, սպասում ենք, որ հեռու-մօտիկ հարեւանները պէտք է ինչ-որ բան անէն մէզ համար, բայց այդ հարեւանները տեղեակ չէն, թէ մենք ինչ ենք ուզում»,- յաւելեց նա։

Share