Ռուսաստանը չի ցանկանում փչացնել Հայաստանի հետ յարաբերութիւնները. ԵՄՀԿ փոխտնօրէն

Ռուսաստանը չի ցանկանում փչացնել Հայաստանի հետ յարաբերութիւնները. ԵՄՀԿ փոխտնօրէն

Դմիտրի Սուսլովը համոզուած է, որ ՌԴ խուսափելու է Հայաստանի վրայ տնտեսական ճնշման միջոցներից։

Ռուսաստանը չի ցանկանում կործանել Հայաստանի հետ յարաբերութիւնները, բայց կարող է սկսել ՀՀ–ին դիտարկել որպէս Արեւմուտքի հակառուսական պլացդարմ։ Այս մասին ասաց Տնտեսագիտութեան բարձրագոյն դպրոցի համաշխարհային տնտեսութեան եւ միջազգային քաղաքականութեան ֆակուլտետի եւրոպական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնի փոխտնօրէն Դմիտրի Սուսլովը Երեւանում անցկացուող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թէ արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։

«Ռուսաստանը չի ցանկանում փչացնել յարաբերութիւնները Հայաստանի հետ` հասկանալով, որ քանդելն աւելի հեշտ է, քան կառուցելը։ Մոսկուան հիմա ազդակներ է ուղարկում այն մասին, որ Հայաստանի ներկայիս քաղաքականութիւնը չի նպաստում անվտանգութեանն ու բարգաւաճմանը», – նշեց փորձագէտը։

Նրա խօսքով` Մոսկուան յոյս ունի, որ որոշակի եզրակացութիւններ կարուէն, եւ ձգտում է նուազեցնել ռիսկերը։ Փորձագէտը համոզուած է նաեւ, որ ՌԴ–ն խուսափելու է Հայաստանի վրայ տնտեսական ճնշման միջոցներից, քանի որ պատժամիջոցային ճնշման պայմաններում ՀՀ–ն եղել եւ շարունակում է մնալ կարեւոր առեւտրատնտեսական գործընկեր։«Այն պահից, երբ ՌԴ–ն սկսի Հայաստանն ընկալել որպէս Արեւմուտքի հակառուսական պլացդարմ, հետեւանքները հանրապետութեան համար տխուր կը լինէն։ Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքականութեան շարունակութեան արդիւնքը կը լինի նրա դէմ ուրիշների կողմից ուժի զանգուածային կիրառումը։ Օրինակ` Թուրքիայի, որն արդէն ԼՂ–ում պատերազմել է Հայաստանի հետ», – ասաց Սուսլովը։

Նա կարծում է, որ Հայաստանի անվտանգութեան հարցում իրավիճակի վատթարացման, իրավիճակի խորացման հետ զուգահեռ հայ հասարակութիւնը ստիպուած կը լինի եզրակացութիւններ անել եւ ներքին գործընթացների արդիւնքում փոխել արտաքին քաղաքականութիւնը։

Յիշեցնենք` փետրուարի 23-ին յայտնի դարձաւ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տուած հարցազրոյցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հաւաքական անվտանգութեան պայմանագիրը չի կատարուել, ուստի Երեւանը սառեցրել է իր մասնակցութիւնը կազմակերպութեանը (ՀԱՊԿ): Աւելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն յայտարարութիւն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թէ ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինեանի խօսքերը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում (ՀԱՊԿ) Երեւանի մասնակցութեան սառեցման մասին: Նշէնք, որ Հայաստանի իշխանութիւնը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին իրենց պարտաւորութիւնները չկատարելու մէջ։ Յունուարին ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը յայտարարեց, որ Հայաստանն այլեւս որեւէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժէք արձագանք չի ստացել 2022 թուականի սեպտեմբերեան լայնամասշտաբ յարձակումների ժամանակ։ 2023 թուականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինեանը հրաժարուեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Share