Ռուբէն Վարդանեանն առաջադրուել է 2024 թ. Խաղաղութեան Նոբելեան մրցանակի համար

Ռուբէն Վարդանեանն առաջադրուել է 2024 թ. Խաղաղութեան Նոբելեան մրցանակի համար

Ռուբէն Վարդանեանն առաջադրուել է 2024 թ. Խաղաղութեան Նոբելեան մրցանակի՝  իր բարեգործական եւ մարդասիրական գործունէութեան համար: Նրա թեկնածութիւնն առաջադրել են մի շարք հեղինակաւոր անձինք, որոնցից թւում նաեւ Խաղաղութեան Նոբելեան մրցանակի դափնեկիր կայ. յայտնել են  Ռուբէն Վարդանեանի գրասենեակից․

«Հեղինակաւոր անձանց կողմից Ռուբէն Վարդանեանը ներկայացուել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնեակի հասնող նոր եւ աննախադէպ կրթական, բարեգործական, գիտական եւ մարդասիրական կառոյցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք երկրներում: Առաջադրողները տպաւորիչ եւ միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբէն Վարդանեանի՝ որպէս մարդասէրի եւ բարերարի կերպարը եւ նրա հետեւողական ջանքերը՝ ուղղուած անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի, ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամէրի ընթացքում մարդասիրական, բարեգործական ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատեւ կայունութեան ու զարգացման գործիքների ներդրմանը:

Այդ համատեքստում մասնաւորապէս յիշատակուել է նրա գործունէութիւնը շրջափակուած Արցախում, որտեղ Ռուբէն Վարդանեանը մեծ ջանքներ է ներդրել ՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլեւ ստեղծել դժուարին վիճակում յայտնուած մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելաւման հնարաւորութիւններ:

Գնահատելի է համարուել այն, որ Ռուբէն Վարդանեանի բարեգործութիւնն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլեւ միջազգային մակարդակները եւ գլոբալ ազդեցութիւն ու նշանակութիւն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մէկը՝ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն ուղղուած է աշխարհի բոլոր անկիւններում, բոլոր մայրցամաքներում օգնելու եւ ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կեանքը բարիք են գործում: Վարդանեանին առաջադրման ներկայացուած յարգարժան անձանց նամակում կարոեւոր է համարւում նաեւ այն, որ նա յարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրօնի, այլեւ այլոց ժառանգութեան նկատմամբ. որպէս դրա վառ օրինակ նշւում է Ռուբէն Վարդանեանի նախաձեռնութեամբ վերանորոգուած Շուշիի իրանական մզկիթը»։

Share