Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչեանը «Հրապարակ»-ին տուած հարցազրոյցում խօսել է իր ստեղծագործական ուղու, հայ երգարուեստի ներկայ վիճակի, ազգային արժէքների, Արցախի կորստի եւ Հայաստանի ապագայի մասին։
Արդէն 25 տարի դասաւանդելով Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի ջազ-վոքալի ամբիոնում եւ աշխատելով նաեւ Առնօ Բաբաջանեանի անուան քոլէճում ու Հանրային ռատիոյի երաժշտական բաժնում՝ նա նշել է, որ իր տարիքում այլեւս չի երգում եւ ամբողջովին նուիրուել է նոր սերնդի երգիչների պատրաստմանը։
Խօսելով հայկական երգարուեստի ներկայ վիճակի մասին՝ Ռաիսա Մկրտչեանը նշել է, որ երիտասարդների ներուժը մեծ է, սակայն շատերն աւարտելուց յետոյ չեն երգում այն ստեղծագործութիւնները, որոնք արժանի են ներկայացուելու։
«Երգում են ռեստորաններում, ակումբներում եւ շատ յաճախ կատարում են այնպիսի երգեր, որոնք ոչ մի կապ չունեն մեր հրաշալի կոմպոզիտորների ստեղծագործութիւնների հետ»,– ասել է նա։
Նրա խօսքով՝ 1970-ականներին հայկական էստրադան ծաղկում էր, իսկ հայ երգիչներն ու կոմպոզիտորները մրցունակ էին միջազգային բեմերում, մինչդեռ այսօր հանդիսատեսը նախընտրում է պարային երգերը։
«Երգերը հոգու, սրտի եւ լսելու համար են։ Այսօր մարդիկ համերգասրահներում սկսում են պարել, իսկ դա ցածր մշակութային մակարդակի հետեւանք է»,– նշել է երգչուհին։
Նա նաեւ մտահոգութիւն է յայտնել, որ այսօր առանց համապատասխան կրթութեան շատերը երգիչ են դառնում եւ տեսանիւթեր են նկարահանում։
«Ով հնարաւորութիւն ունի, այսօր երգիչ է»,– ասել է նա։
Ժամանակակից կատարողներից Ռաիսա Մկրտչեանը առանձնացրել է Գոռ Սուջեանին, Արամ MP3-ին եւ մի քանի այլ երգիչների, որոնց գնահատում է իրենց ինքնատիպ ոճի համար։
Անդրադառնալով ռաբիզ երաժշտութեան տարածմանը՝ նա ասել է, որ դրա պատճառներից մէկը պետական վերահսկողութեան բացակայութիւնն է։
«Մեր ժամանակ ժողովուրդը ռաբիզ չէր պահանջում։ Այն ժամանակ էլ կային ռաբիզ երգիչներ, բայց նրանք հիմնականում երգում էին հարսանիքներում ու խնջոյքներում։ Այսօր լսւում է արաբական ու թուրքական երաժշտութիւն, որը ոչ մի կապ չունի հայկական երաժշտութեան հետ»,– նշել է նա։
Արցախի կորստի մասին խօսելիս երգչուհին ասել է.
«Արցախի կորուստն ինձ համար ահաւոր ցաւ է։ Դա տարածքային եւ մարդկային մեծ կորուստ էր, որը չպէտք է տեղի ունենար։ Այդ մարդկանց տեղահանութիւնը, հայրենիքի կորուստը խենթացնելու բան է։ Դա մեծ ողբերգութիւն է իւրաքանչիւր հայի համար»։
Հարցին, թէ հաւատո՞ւմ է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել, նա պատասխանել է.
«Ոչ, չեմ հաւատում, թուրքը միշտ մնում է թուրք, նա չի կարող խաղաղ ապրել»։
Այն պնդման վերաբերեալ, թէ Արցախը վաղուց ադրբեջանական տարածք էր, Ռաիսա Մկրտչեանը ասել է.
«Դա ուղղակի աբսուրդ է, խենթութիւն։ Մեր ցաւն է, որ գալիս է դարեդար։ Մեր ազգին միասնականութիւնն է պակասում»։
Արցախի ապագայի մասին խօսելիս նա յոյս է յայտնել.
«Արցախը կարող է նորից մերը լինել, եթէ հայերը Հայաստանից չհեռանան։ Սա մեր երկիրն է, մեր հողն է։ Ինչպէ՞ս կարելի է Հայաստանը թողնել եւ արտասահմանում ապրել։ Տասը միլիոն հայից Հայաստանում ապրում է ընդամէնը մօտ մէկուկէս միլիոնը։ Այսպէս ինչպէ՞ս կարող ենք ապագայ ունենալ»։
Ռաիսա Մկրտչեանը նշել է, որ ինքը երբեք չի լքել Հայաստանը, թէեւ բազմաթիւ հնարաւորութիւններ է ունեցել։
«Ես երբեք չեմ գնացել Հայաստանից եւ չեմ էլ գնայ։ Իմ երկիրը շատ եմ սիրում։ Ինչ էլ լինի, մնալու եմ այստեղ»,– ընդգծել է նա։
Նրա կարծիքով՝ արտագաղթած հայերի ամէնամեծ ցաւը հայրենիքի կարօտն է։
«Բոլորը ցանկանում են թաղուել Հայաստանում, բայց Հայաստանը գերեզմանատուն չէ։ Հայաստանը շէնացնելու երկիր է»,– ասել է նա։
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ երգչուհին նշել է, որ հասարակութեան մէջ պատերազմի վախը դարձել է քաղաքական գործիք։
«Վախեցնում են, այո՛, եւ մարդիկ վախենում են։ Բայց ինչո՞ւ պէտք է մեր բանակն այսքան թոյլ լինի, ինչո՞ւ պէտք է այսքան անպատրաստ լինէինք»,– ասել է նա։
Բանակից ազատուելու դիմաց գումար վճարելու հնարաւորութիւնը նա գնահատել է որպէս անընդունելի։
«Ի՞նչ է դա՝ ապազգային որոշում է։ Ի՞նչ է նշանակում՝ գումար տալ ու բանակ չգնալ»,– նշել է Ռաիսա Մկրտչեանը։
Խօսելով նաեւ քաղաքական մթնոլորտի մասին՝ նա ասել է, որ ամաչում է Ազգային ժողովում հնչող վիրաւորանքներից։
«Մենք փոքր ազգ ենք։ Մեր մէջ անհատներն են տաղանդաւոր, բայց միասնականութիւն չկայ։ Այլ երկրներում հայերը շէնացնում ու ծաղկեցնում են, իսկ Հայաստանում՝ ոչ»,– եզրափակել է Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստը։
«Ժողովուրդ»
