
Երեկ Մոսկուայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինեան-ի եւ Վլադիմիր Պուտին-ի միջեւ իր բովանդակութեամբ սովորական պաշտօնական հանդիպում չէր։ Խնամքով հաշուարկուած հրապարակային խօսքում Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ եւ՛ դիւանագիտական էր, եւ՛ քաղաքականապէս կործանարար։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը։
«Անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգութեան խնդիրներին, յիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Փաշինեանի անիրատեսական ակնկալիքները Եւրամիութեան հետ յարաբերութիւններից եւ նոյնիսկ ակնարկելով առաջիկայ ընտրութիւնները՝ նա պարզապէս երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների ամփոփում չէր անում․ նա յստակ հակադրութիւն էր ձեւակերպում այն բանի միջեւ, թէ ինչ Հայաստանը ունեցել է, ինչ է կորցրել եւ ինչ տակաւին կարող է կորցնել։
Պուտինի նախաբանը, ըստ էութեան, վճիռ էր Փաշինեանի վերաբերեալ։ Եթէ հանենք դիւանագիտական ձեւակերպումները, ուղերձը պարզ էր․ դուք կարծես չեք հասկանում, թէ ինչ եք անում, դուք սխալ ուղու վրայ եք, եւ եթէ շարունակեք այդպէս, հայ ժողովրդին կը հասցնեք անհամեմատ աւելի մեծ վնաս, քան արդէն հասցրել եք։
Մի պահ նոյնիսկ ակնկալում էի, որ Պուտինը կը հարցնի Փաշինեանին՝ ինչ է նա կրում իր բաճկոնի կրծքի հատուածում։ Իբր դա Հայաստանի քարտէզն է։ Փաշինեանը կրում է այդ քարտէզը՝ ընդգծելու համար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակուած է։ Բայց ո՞վ է քարտէզ կրում իր կրծքին։ Արդեօ՞ք որեւէ մէկը տեսե՞լ է, որ այլ երկրի ղեկավար նման բան անի։ Դրոշ՝ աեօ, բայց քարտե՞զ։ Պատկերացրեք հակառակը՝ Պուտինը միջազգային հանդիպումների ժամանակ կրի Ռուսաստանի քարտէզը, որը ներառում է Դոնբասը։
Իմ կարծիքով, այն, ինչ Փաշինեանը փորձում է փոխանցել այս խորհրդանիշով, ունի ճիշտ հակառակ ազդեցութիւնը։ Այդ քարտէզը՝ հէնց Փաշինեանի կրծքի վրայ, դառնում է մշտական յիշեցում հայ ժողովրդի համար, որ Լեռնային Ղարաբաղը կորցուել է անհարկի՝ հէնց նրա կառավարման ժամանակ, նրա կոպիտ սխալների պատճառով։
Աւելին, երբ երկրի ղեկավարը իր երկրի իր պատկերացրած քարտէզը կրծքին ման է գալիս, դա մատնում է այլ ներքին անվստահութիւն, որ այդ տարածքը նոյնպէս ոչ հաստատուն ու անպաշտպան մի բան է, որ նոյնպէս կարող է կորսուել ու պէտք է կրծքին կպցնել, ինքդ քեզ ու դիմացինին համոզելու որ գոնէ դա կարող ես պահել։ Որովհետեւ արդարացիօրէն վախենում ես, որ դրա պահելու ձեւն էլ չգիտես»։
