Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչեանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչեանը

84 տարեկանում մահացել է Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ, Մովսէս Խորենացու մետալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» Ա. աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչեանը։

Ռաիսա Մկրտչեանը 1963-1968 թուականներին սովորել է Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1968 թուականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի էստրադային նուագախմբի մենակատար։ 2002 թուականից դասաւանդել է Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայում։

Նրա կատարմամբ ձայնագրուել է աւելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանւում է Հայաստանի Ռադիոյի եւ Հեռուստատեսութեան ձայնադարանի ոսկէ ֆոնդում։

Ռաիսա Մկրտչեանը բազմաթիւ համերգներով հանդէս է եկել աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թւում՝ Նիւ Եորքի «Մեթրոփոլիթըն Օփերա»-ում եւ «Քարնըկի Հոլ»-ում, ինչպէս նաեւ Սիտնիի, Մոնրէալի, Պէյրութի եւ Պուէնոս Այրէսի հանրայայտ համերգասրահներում։

Նրա երգացանկում ընդգրկուած են Կոնստանտին Օրբելեանի, Առնօ Բաբաջանեանի, Ռոբերտ Ամիրխանեանի, Ալեքսանդր Աճեմեանի, Ալեքսէյ Յեքիմեանի, Մելիք Մաւիսակալեանի, Նիկոլայ Պետրովի, Մուրատ Քաժլաեւի եւ այլ հեղինակների ստեղծագործութիւնները։

Share