Նիկոլ Փաշինեանն ու ՔՊ-ական վերնախաւը, Արցախում իրենց առաջնորդութեամբ արձանագրուած աղէտալի պարտութիւնը հիմնաւորելու համար, մշտապէս յիշատակում են Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ծախսերի տարբերութիւնը։ Նրանք պնդում են, թէ մեր պարտութեան գլխաւոր պատճառներից մէկն այն էր, որ Ադրբեջանը Հայաստանից շուրջ երեք անգամ աւելի մեծ ռազմական պիւտճէ ունէր։ Նրանց հաւաստմամբ՝ այսօր Հայաստանի բանակն աւելի լաւ վիճակում է, քանի որ պետութիւնը զգալիօրէն մեծացրել է ռազմական ծախսերը։
Սակայն որքանո՞վ է ռազմական պիւտճէի չափը որոշիչ բանակի հզօրութիւնը գնահատելու հարցում։ Որպէսզի քննարկումը լինի հնարաւորինս առարկայական, եկէք դիտարկենք ԱՄՆ-ի եւ Իրանի օրինակը եւ հասկանանք, թէ իրականում որքան մեծ է ռազմական ծախսերի դերը։
2025 թուականին ԱՄՆ-ի ռազմական ծախսերը գերազանցել են 920 միլիառտ տոլարը, մինչդեռ Իրանի ռազմական ծախսերը պաշտօնապէս կազմել են 7,4 միլիառտ տոլար։ Անկախ մասնագէտների գնահատմամբ՝ Իրանի իրական ռազմական ծախսերը կարող են հասնել մինչեւ 23 միլիառտ տոլարի։ Այսինքն՝ նոյնիսկ այդ գնահատականն ընդունելու դէպքում ԱՄՆ-ի ռազմական պիւտճէն աւելի քան 40 անգամ գերազանցում է Իրանի ռազմական ծախսերը։
Այդպիսի հսկայական անհամաչափութեան պայմաններում Իրանը կարողացաւ երկար ժամանակ դիմադրել ԱՄՆ-ի ճնշմանը եւ ստեղծել մի իրավիճակ, որտեղ Վաշինկթընը ստիպուած եղաւ քննարկել Թեհրանի համար ընդունելի պայմաններով լուծումների տարբերակներ։ Սա, իհարկէ, չի նշանակում, թէ բոլոր խնդիրները լուծուած են կամ Իրանը հետագայում մարտահրաւէրների չի բախուելու։ Սակայն այս օրինակը առնուազն ցոյց է տալիս, որ ռազմական ծախսերի մեծ տարբերութիւնն ինքնին չի երաշխաւորում յաղթանակ։ Բանակի արդիւնաւէտութիւնը պայմանաւորուած է ոչ միայն ֆինանսական ռեսուրսներով, այլեւ ռազմավարութեամբ, կառավարման որակով, քաղաքական կամքով, հասարակութեան համախմբուածութեամբ եւ պայքարելու պատրաստակամութեամբ։
Մի բան, սակայն, ակնյայտ է. Փաշինեանն ու ՔՊ-ն 2020 թուականին եւ դրանից յետոյ նոյնպէս ունեցել են յստակ նպատակներ եւ դրանց իրականացման համար գործադրել են իրենց ամբողջ ներուժը։ Այդ նպատակը եղել է պարտութիւնը, եւ նրանք հասել են դրան։
