Փաշինեանը հակահայկական դիրքորոշում է արտայայտել միջազգային հանրութեանը

Փաշինեանը հակահայկական դիրքորոշում է արտայայտել միջազգային հանրութեանը

«Եւրոխորհրդարանի պատգամաւորների գործադրած ճնշումների արդիւնքում ԵՄ արտաքին հարցերի եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը յայտարարել է, որ եթէ Ադրբեջանը շարունակի Արցախը շրջափակման մէջ պահել, ապա պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտութեան վերաբերեալ խնդրանքը կը փոխանցի ԵՄ նախարարներին, որ նրանք այդ հարցը դնեն քննարկման»,- Alpha News-ի հետ զրոյցում ասաց Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը։

«Մենք բարձր ենք գնահատում Եւրոխորհրդարանի պատգամաւորների ջանքերը, որոնք իրենց հնարաւորութիւնների չափով տէր են կանգնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչութեան իրաւունքներին:

Ափսոս միայն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչման վերաբերեալ յայտարարութիւն անելով՝ հակահայկական դիրքորոշում է արտայայտել միջազգային հանրութեանը»:

Գասպար Կարապետեանը նկատեց, որ Եւրոպական Խորհրդարանի լիագումար նիստին ընդգծւած հակահայկական դիրքորոշում ունեցող երկու պատգամաւորներ՝ Լեհաստանից Աննա ֆորտիգան, Լատւիայից Անդրիւս Կուբիլիուսը գովել են Նիկոլ Փաշինեանին՝ ասելով, որ վերջապէս գտնւեց մէկը, որը քաջութիւն ունեցաւ եւ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը:

«Եթէ ես լինէի երկրի ղեկավարը, ապա ինձ շատ վատ կը գզայի, որ իմ թշնամին ինձ գովէր: Անհեթեթ է ասել, որ որեւէ նախկին իշխանութիւն ճանաչել է Արցախը որպէս Ադրբեջանի մի մաս: Ցաւալի է, որ Բորէլը կամ բորէլների նմանները ճիշտ լուծում գտնելու իրենց անկարողութիւնը քողարկում են՝ ասելով, թէ ինչ էք ուզում, որ մենք անենք, երբ որ հայերն իրենք Արցախը չեն ուզում պահել, իսկ Փաշինեանն այդ առիթը տւել է նրանց»,-ընդգծեց Գասպար Կարապետեանը:

Յիշեցնենք, որ Եւրոպական Խորհրդարանի լիագումար նիստի հարց ու պատասխանին պատգամաւորները քննադատական հարցեր են ուղղել ԵՄ արտաքին հարցերի եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլին՝ ԵՄ-ի վարած քաղաքականութեան վերաբերեալ Արցախի հարցում:

Նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարութեան անգործութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում եւ նշել, որ Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելութիւնը անարդիւնաւէտ է։

Եւրոխորհրդարանի պատգամաւորները կոչ են արել ԵՄ ղեկավարութեանը՝ օգտագործել իրենց ունեցած լծակները՝ Արցախը շրջափակումից ազատելու համար, որը յանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

Եւրոխորհրդարանի պատգամաւորները նաեւ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ վերջինս չի յարգում միջազգային համաձայնագրերն ու դատական ատեանների որոշումները։ Տեսակէտներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանութիւնը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների լուրջ խախտումները։

Share