Իրանը մինչեւ վերջին կէտը կը խուսափի տարածաշրջանում ռազմական բախումից․ Իրանի խորհրդարանի հայ պատգամաւոր

Իրանը մինչեւ վերջին կէտը կը խուսափի տարածաշրջանում ռազմական բախումից․ Իրանի խորհրդարանի հայ պատգամաւոր

Էրդողանի յայտարարութիւնն այն մասին, թէ Իրանը խանգարում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, ոչ միայն վերաբերում էր Իրանին, այլ տարածաշրջանի այլ երկրների, որոնք կարող են խանգարել միջանցքի բացմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։

«Թուրքիան փորձում է Իրանին ազդանշան տալ, որ ինքն իր նպատակները հետապնդելու է ամենալկտի եւ բիրտ ձեւերով։ Այդ յայտարարութիւնը վկայում է, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ յետոյ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկացել են իրենց տիրապետութեան տակ վերցնել Սիւնիքը, սակայն Իրանը խոչընդոտել է իրեն»,- նշեց նա։

Պատգամաւորի խօսքով՝ եթէ նման միջանցք, իրօք, տրուի Ադրբեջանին, ապա Իրանի համար մի շարք վտանգներ կառաջանան։

«Իրանի ճանապարհը դէպի հյուիս կխափանուի, ցամաքային առումով տնտեսական կապը խանգարւում է, յետագայի ծրագրերը Հնդկաստանի եւ Հայաստանի հետ կապուած՝ նոյնպէս։ Աշխարհաքաղաքական առումով կստացուի, որ Իրանի հիւսիսում թուրանական պատնէշ կստեղծուի։ Այն աշխարհագրական եւ էթնիկ առումով վտանգ կստեղծի։ Էներգաշարերի հաւանական վտանգ նոյնպէս կառաջանայ»,- ասաց Բեգլարեանը։

Ըստ նրա՝ ռազմական բախման Իրանը կը գնայ վերջում․ դա ամենածայրահեղ քայլը կը լինի։

«Իրանը, հաշուի առնելով տարածաշրջանում իսրայէլական եւ արեւմտեան գործոնը, մինչեւ վերջին կէտը կխուսափի ռազմական բախումից։ Ընդհանարապէս Իրանը փորձում է դիւանագիտական ճանապարհով լուծել խնդիրը։ Բայց այն, որ Իրանը կունենայ կամք իր անվտանգութիւնը պաշտպանելու, այս դէպքում՝ միջանցքի տրման դէմ, հաստատ է, դա կարմիր գիծ է»,- ընդգծեց Ռոբերտ Բեգլարեանը։  

Share