Արթուր Մոսիեան. Նիկոլ Փաշինեանը ինչ–որ բան է պատրաստում, նա վտանգաւոր յայտարարութիւն արեց, ապա հերքեց

Արթուր Մոսիեան. Նիկոլ Փաշինեանը ինչ–որ բան է պատրաստում, նա վտանգաւոր յայտարարութիւն արեց, ապա հերքեց

Արցախի Ազգային ժողովի պատուիրակութիւնը նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանի, այսօր էլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւորների հետ է հանդիպել։ Ըստ ԱԳՆ–ի՝ հանդիպմանը քննարկուել են Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ազգային ժողովից էլ յայտնում են, որ հանդիպմանը քննարկուել են ՀՀ սւուերէն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդիւնքում ստեղծուած իրավիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ առկայ մարտահրաւէրները։

NEWS.am-ի հետ զրոյցում Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը, որը եղել է Արցախից ժամանած պատուիրակութեան կազմում, ասաց,  որ հանդիպումներին քննարկուել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ սեպտեմբերի 14–ին, խորհրդարանում արուած յայտարարութիւնը։

«Հայաստան այցի նպատակը Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնն էր, որից յետոյ Երեւանում եւ Ստեփանակերտում ընդվզումներ եղան։ Մենք եկանք հասկանալու, թէ ինչն էր դրա դրդապատճառը։ Իշխող խմբակցութեան եւ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնել ենք այդ յայտարարութեան հետ կապուած հարցեր, բոլորը հաւաստիացրեցին, որ չկայ եւ չի կարող լինել ինչ–որ փաստաթուղթ, իրենք դրա իրաւունքը չունեն, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը որոշեն, Արցախի ճակատագիրը պէտք է  որոշեն արցախցիները, իսկ իրենք էլ պարտաւոր են սատար կանգնել։ Մեզ ասացին, որ ճիշտ չենք հասկացել Փաշինեանին եւ որ նա իր լայւում ասել է, որ չկայ փաստաթուղթ եւ ինքը չի պատրաստւում ինչ–որ բան ստորագրել»,– ներկայացնելով յանդիման մանրամասները՝ պատմեց արցախցի պատգամաւորը։

Արցախցի պատգամաւորի խօսքով՝ առաջին անգամը չէ, երբ Նիկոլ Փաշինեանը տեսնելով իր այս կամ այն յայտարարութեան վերաբերեալ բողոքի ալիքներ, հետ կանգնեց իր խօսքերից։

«Նման բան եղաւ նաեւ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերեալ յայտարարութեան ժամանակ։ Ինքը հասարակութեանը ուղերձ է տալիս, փորձելով ստուգել ընդվզման աստիճանը եւ ըստ այդմ էլ շարժւում է առաջ։ Այսքանից յետոյ մի հետեւութիւն եմ արել. ինչ–որ բան է պատրաստում, Նիկոլ Փաշինեանը վտանգաւոր յայտարարութիւն արեց, յետոյ հերքեց, թէ մենք ճիշտ չենք հասկացել։ Ինքն ասաց՝ մի բան եմ անելու, որի համար կարող է նոյնիսկ ինձ դաւաճան ասէն, իսկ մենք էլ փորձեցինք պարզել՝ էդ ի՞նչ պէտք է անի, որ նրան դաւաճան ասէն, Փաշինեանը պէտք է այդ հարցին պատասխանի»,– նշեց Արթուր Մոսիեանը։

Արցախում Փաշինեանի յայտարարութիւնը մտահոգութիւնների տեղիք է տուել։ Նախորդ երկու օրերին Ստեփանակերտում հանրահաւաքներ են անցկացուել։ Ըստ Արթուր Մոսիեանի՝ Նիկոլ Փաշինեանը տեսնելով Բաղրամեան պողոտայում եւ Ստեփանակերտում հաւաքուած մարդկանց քանակը, հասկացել է, որ ընդվզում է լինելու, եթէ ինքը ստորագրի այդ փաստաթուղթը։

«Նիկոլ Փաշինեանն ասաց, որ պատասխանատու է Հայաստանի Հանրապետութեան  29, 800 քմ/կմ տարածքի համար, բոլորս էլ գիտենք, որ սրա մէջ Արցախի տարածքը չի մտնում։ Փաշինեանն այդ թուերը դրա համար ասաց, եւ ժողովուրդն էլ այդ մեսիջը հասկացաւ, հիմա էլ ասում են, թէ ժողովուրդը լաւ չի հասկացել»,– յաւելեց Արթուր Մոսիեանը։

Share