Իշխանութեանը վռնդելն է մեր օրակարգը. առանձին պատգամաւորի սուբյեկտիւ կարծիքը մի տարածէք խմբակցութեան վրայ. Արծուիկ Մինասեան

Իշխանութեանը վռնդելն է մեր օրակարգը. առանձին պատգամաւորի սուբյեկտիւ կարծիքը մի տարածէք խմբակցութեան վրայ. Արծուիկ Մինասեան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը պնդում է՝ իրենք արմատական ընդդիմութիւն են, արմատական են իրենց քաղաքականութեամբ, ինչը հակադրուում է Հայաստանի իշխանութեան վարած հակապետական քաղաքականութեանը, իսկ ինչ վերաբերում է մարտավարութեան արմատական լինել-չլինելուն, ապա նախ պէտք է հասկանալ, թէ ի՞նչ են քաղաքացիները ցանկանում տեսնել՝ ընդդիմութիւնից արմատական մարտավարութիւն պահանջելով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ընդդիմութեան հասցէին հնչող քննադատութիւններին այսպէս արձագանքեց Արծուիկ Մինասեանը՝ շարունակելով.

«Իմ գնահատմամբ՝ արմատական մարտավարութիւնն այն է, որ իշխանութեան ցանկացած ստին ընդդիմութիւնը պէտք է հակադարձի ստի բացայայտումով և ոչ թէ՝ իշխանութեան վրայ կօշիկ շպրտելով և հայհոյելով։ Իհարկէ՛, ակնյայտ է, որ մեր հասարակութիւնը սիրում է ամէն անգամ մեղաւոր կարգել ընդդիմութեանը՝ իր օբյեկտիւ և սուբյեկտիւ ակնկալիքները նրանից չստանալու պատճառով։ Դրանից բացի, կան ուժեր, որ քննադատում են ընդդիմութեանը և փորձում մղել ծայրայեղ գործողութիւնների՝ շատ լաւ իմանալով, որ ելքը չի բերելու պետականութեան փրկութեանը»։

Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցութեան քարտուղարի համոզմամբ՝ ընդդիմութեան քննադատների մի էական հատուածի թուում է, թէ իրենք Ֆեսյբուքում շատ աւելի արմատական են, քան խորհրդարանական ընդդիմութիւնը։

«Ուստի, առաջարկում եմ այդ քննադատութեան մէջ գտնել ռացիոնալ հատիկը, իսկ դա այն է, որ մեզ ձայն տուած մարդիկ ասում են՝ գնացէ՛ք և իշխանութեան ճակատին ասէ՛ք իրենց ստերն ու սխալները. մենք դա անում ենք»,- ասաց Մինասեանը։

Դիտարկմանը՝ արդեօք ընդդիմութեան քննադատութեան մէջ ռացիոնալ հատիկ չե՞ն նաև հրապարակուած վերջին սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց, 21 տոկոս վարկանիշով 2021 թուականին խորհրդարան մտած ընդդիամադիր դաշինքի ղեկավարն ունի ընդամէնը 2 տոկոսանոց վարկանիշ, Արծուիկ Մինասեանը պատասխանեց.

«Անգամ այս թուերի պարագայում, ցաւօք, աւելի բարձր գնահատական ստացած ընդդիմադիր չկայ, իսկ սա նշանակում է, որ շարունակում ես մնալ ամենահիմնական ընդդիմադիր բևեռը»,– ասաց Մինասեանը՝ ուշադրութիւն հրաւիրելով սոցիոլոգիական հարցման մէկ այլ տուեալի վրայ, ըստ որի՝ հարցուածների 65 տոկոսը որևէ ուժի ձայն չի տա։

Ըստ Մինասեանի՝ այս անտարբերութիւնն ամենավատ բանն է, ինչը նաև արդիւնք է այն իրողութեան, որ ընդդիմութեան ներսում տարբեր ուժեր շարունակաբար քննադատում են միմեանց։

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ իրենք քննադատուում են ոչ միայն իշխանութեան, այլ նաև այլ ընդդիմադիր ուժերի կողմից, Մինասեանն արձագանքեց.

«Ես շնորհակալ եմ այն քննադատութիւնների համար, որոնց նպատակն ընդդիմութեանը ուժեղացնելն է։ Բայց կան նաև քննադատողներ, որոնց նպատակն էդ անտեր մանդատներն ու կարգավիճակն ունենալն է։ Այս առումով, մեզ մօտ մարտավարական ծրագրերում ունենք անգամ մանդատներից վերջնականապէս հրաժարուելու տարբերակ ևս։ Հրաժարուելու պահն այնժամ է լինելու, երբ կտեսնենք, որ քաղաքական ճգնաժամի միակ ելքն Ազգային ժողովում 101 պատգամաւորից աւելի ցածր թուով պատգամաւորական մանդատ թողնելն է, որպէսզի այդ մարմինն այլևս դադարի լինել սահմանադրական մարմին։ Այդ քայլին կարող ենք գնալ, երբ տեսնենք մարդկանց հսկայական քանակ»,- ասաց «Հայաստան» խմբակցութեան քարտուղարը՝ շեշտելով, որ խմբակցութեան օրակարգում շարունակում է մնալ իշխանութեանը վռնդելու հարցը։

«Մենք խորհրդարան ենք գնացել իշխանութեանը վռնդելու համար։ Այո՛, մենք այդ գործի վրայ ենք, մեր օրակարգը չի փոխուել, ամբողջ ցաւն այն է, որ մարդկանց թուում է, երբ ասում ես՝ վռնդել, մի ճտտոցով պէտք է դա անել»,- ասաց Մինասեանը։

Հարցին՝ այդ դէպքում ինչո՞ւ է իրենց խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Նազարեանի համար անհասկանալի այն մտայնութիւնը, թէ իրենք գնացել են խորհրդարան՝ իշխանութեանը վռնդելու համար, Արծուիկ Մինասեանը պատասխանեց.

«Մեր խմբակցութեան տեսակէտը կարող են ներկայացնել խմբակցութեան ղեկավարը կամ քարտուղարը։ Եթէ մեր պատգամաւորներից առանձին անձ իր սուբյեկտիւ ընկալմամբ յայտարարութիւն է անում, դա չպէտք է վերագրել ամբողջ խմբակցութեանը։ Կրկնում եմ՝ մեր օրակարգն այս իշխանութեանը վռնդելն է, և այդ հարցում փոփոխութիւն չկայ»։

Հարցազրոյցի մանրամասները՝ տեսանիւթում։

Share