Շրջափակուեց արտգործնախարարութեան շէնքը

Շրջափակուեց արտգործնախարարութեան շէնքը

«Դիմադրութիւն» շարժման մասնակիցներն այսօր, մայիսի 24-ի վաղ առաւօտեան հաւաքուել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկեց երթ Երեւանի փողոցներով:

Անցնելով մայրաքաղաքի փողոցներով, երթը հասաւ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան շէնքին, որտեղ նրանց սպասում էին պատ կազմած ոստիկանները:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ ԱԳՆ չի առաջնորդւում Հայաստանի ժողովրդի շահերով, ուստի պէտք է շրջափակել շէնքի մուտքերը, որից յետոյ երթի մասնակիցները ճեղքելով ոստիկանական պատը մօտեցան ԱԳՆ-ի շէնքի մուտքին եւ սկսեցին վանկարկել՝ «Նիկոյ՛լ դաւաճան»: Նա հրայեանգեց որեւէ այլ գործողութիւն չանել, միայն արգելափակել մուտքերը:

Ակցիայի մասնակիցները վայրկեանների ընթացքում ճեղքեցին ոստիկանական պատն ու շրջափակեցին նախարարութեան շէնքի մուտքերը։


Իշխան Սաղաթելեանը Արտգործնախարարութիւնում աշխատող բազմաթիւ պատրաստուած դիւանագէտներին կոչ արեց տարանջատուել Նիկոլից, չկրել այն դաւաճանութեան պատասխանատուութիւնը, որն ինքը ստանձնել է։

«Այս շրջափակումով ցոյց ենք տալիս, որ այս շէնքի իւրաքանչիւր աշխատանք հակապետական է, դէմ է մեր շահերին։ Կրկին կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ գալ, միանալ մէզ, միասնաբար արգելափակելու նախարարութիւնների շէնքերը՝ այդ թւում Կրթութեան նախարարութեան շէնքը, որը տարիներ առաջ սկսեց նաեւ պայքարը մեր եկեղեցու, մշակոյթի, մեր ազգային արժէքների նկատմամբ։ Սրանք բոլորն այսօր ծառայում են թշնամուն եւ մենք մեր վրդովմունքն ենք արտայայտում»,-յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Ակցիայի մասնակիցները Արցախի դրօշներ փակցրեցին շրջափակուած Արտգործնախարարութեան շէնքի վրայ։

«Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ առաջին անգամ Հայաստանի թիւ մէկ պաշտօնեան Արցախի մասին, Արցախի ինքնորոշման մասին ոչ մի բառ չի ասում»,- յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը՝ անդրադառնալով բրիւսելեան յայտարարութեանը։

«Հայաստանի իշխանութիւնը պէտք է լինի այնպիսին, որ պաշտպանի Արցախի շահը։ Ստացւում է, որ մեր նորագոյն պատմութեան մէջ առաջին անգամ արդէն Հայաստանի իշխանութիւնից պէտք է պահանջենք նաեւ Հայաստանը պաշտպանել։ Բրիւսելեան «համաձայնութեամբ» արդէն Հայաստանի սահմաններն էլ են խնդիր ունենում»,- ասաց Վարդեւանեանը։

Մեր պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի է ու մեր պայքարում հետքայլ չկայ»,- ասաց նա։

Ցուցարարները շարունակում են շրջափակուած պահել Արտգործնախարարութեան շէնքը․ Նրանք պարբերաբար վանկարկում են՝ «Նիկոլ, դաւաճան», «առանց թուրքի Հայաստան»։

ԱԺ ընդդիմադիր պատգամաւորները պատրաստւում են մտնել Արտաքին գործերի նախարարութեան շէնք։

«Կայ առաջարկութիւն, որ ԱԺ ընդդիմադիր պատգամաւորները բարձրանան ԱԳՆ եւ մօտիկից բոլոր պաշտօնեաներին փոխանցէն, որ Արցախը յանձնելու իրաւունք չունեն եւ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Նշէնք, որ աւելի վաղ, նախքան երթը Իշխան Սաղաթելեանը տեղեկացրել էր․ Այս պահին դաւաճանի հրահանգով ոստիկանութիւնը խուզարկութիւններ է իրականացնում Տաւուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:

Share