Այսօր հայոց զինուած ուժերի գեներալ-մայոր Դաւիթ Մանուկեանի ծննդեան օրն է

Այսօր հայոց զինուած ուժերի գեներալ-մայոր Դաւիթ Մանուկեանի ծննդեան օրն է

Այսօր Հայոց զինուած ուժերի գեներալ-մայոր Դաւիթ Մանուկեանի ծննդեան օրն է։ Իր 55-րդ տարեդարձը զօրավարը դիմաւորում է Բաքուի բանտում՝ ադրբեջանական գերութեան մէջ գտնուելով արդէն երեք տարի։

Դաւիթ Մանուկեանի զինուորական ուղին ձեւաւորուել է Արցախեան առաջին պատերազմի տարիներին եւ շարունակուել ՊԲ-ի կայացման ու զարգացման ողջ յետպատերազմեան ժամանակաշրջանում։ Տարիների ծառայութեան ընթացքում նա անցել է զինուորական ու հրամանատարական տարբեր աստիճաններով՝ իր մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդնելով Արցախի զինուած ուժերի ամրապնդման գործում։ 2019 թուականի դեկտեմբերին նշանակուել է Պաշտպանութեան բանակի հրամանատարի առաջին տեղակալ, իսկ 2020 թուականի փետրուարին նրան շնորհուել է գեներալ-մայորի զինուորական կոչում։

44-օրեայ պատերազմի ծանրագոյն փորձութեան օրերին Դաւիթ Մանուկեանը շարունակում էր ծառայութիւնը Պաշտպանութեան բանակի հրամանատարական բարձրագոյն օղակում՝ մասնակցելով բանակի կառավարման եւ պաշտպանութեան կազմակերպման պատասխանատու աշխատանքին։

Նրա զինուորական կենսագրութիւնը սերտօրէն միահիւսուած է Արցախի զինուած ուժերի շուրջ երեք տասնամեակների պատմութեանը՝ առաջին պատերազմի մարտական փորձութիւնից մինչեւ Պաշտպանութեան բանակի կազմաւորման, կայացման ու զարգացման տարիները։ Եւ այսօր, երբ զօրավարը հարկադրուած է իր ծննդեան օրը դիմաւորել բանտային խցում, նրա անցած ուղին յիշեցնելը նաեւ պարտքի ու պատասխանատուութեան հարց է։

Շնորհաւոր ծնունդդ, գեներա՛լ։ Ազատութի՛ւն քեզ եւ բոլոր գերեվարուած հայերին։

Share