ԵՐԵՒԱՆ — Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը օգոստոսի 13-ի խորհրդարանական նիստում հակադարձեց իշխանական պատգամաւորների այն յայտարարութիւններին, թէ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացն այլեւս Հայաստանի առաջնահերթութիւնների մաս չի կազմում եւ կարող է նոյնիսկ վտանգներ ստեղծել երկրի համար։
Վարդանեանը շեշտեց, որ Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը պէտք չէ դիտարկել Թուրքիայի նկատմամբ ատելութեան կամ թշնամանքի համատեքստում։ Վարդանեանը նշեց, որ այդ գործընթացը նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեանն առնչուող խնդիր է եւ կարող է ծառայել որպէս նոր ցեղասպանութիւններ կանխելու զսպիչ գործօն։
Պատգամաւորը յիշեցրեց, որ Հայոց ցեղասպանութիւնը միջազգային ճանաչում է ստացել նաեւ այն ժամանակաշրջանում, երբ անկախ Հայաստանի Հանրապետութիւն գոյութիւն չունէր։ Նա այս առումով առանձնացրեց Ուրուգուայի օրինակը՝ նշելով, որ ճանաչման այդպիսի ձեռքբերումները մեծ չափով պայմանաւորուած էին Հայ դատի կառոյցների տասնամեակների գործունէութեամբ։
Վարդանեանն ասաց, որ այսօր Հայաստանի իշխանութիւնները հակադրուած են նոյն այդ կառոյցներին, մինչդեռ դրանց աշխատանքը երկար տարիներ ուղղուած է եղել Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ու հայկական ազգային շահերի պաշտպանութեանը։
Անդրադառնալով Հայաստանի անվտանգութեան սպառնալիքներին՝ ընդդիմադիր պատգամաւորը նշեց, որ իր եւ իշխանութիւնների միջեւ հիմնական տարակարծութիւններից մէկը վերաբերում է հէնց «սպառնալիք» հասկացութեան սահմանմանը։ Հայաստանի հիմնական սպառնալիքները Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական քաղաքականութիւններն են, եւ երկրի սահմանափակ պաշարները պէտք է նախ եւ առաջ ուղղուեն այդ վտանգներին դիմակայելուն, ասաց Վարդանեանը։
Վարդանեանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանը պէտք չէ վերածուի որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի գործիքի՝ այլ պետութեան դէմ։ Նա նշեց, որ նոյն մօտեցումը պէտք է որդեգրել թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Միացեալ Նահանգների եւ թէ՛ այլ ուժային կենտրոնների նկատմամբ։
«Հայաստանը պաշարներ չունի, որպէսզի դառնայ մի գերտէրութեան գործիքը միւսի դէմ», յայտարարեց Վարդանեանը՝ շեշտելով, որ երկրի առկայ միջոցներն անգամ ամբողջութեամբ բաւարար չեն Հայաստանի անմիջական անվտանգային մարտահրաւէրներին դիմակայելու համար։
