Ոչ միայն անհրաժեշտութիւն, այլ նաեւ պարտականութիւն

Ոչ միայն անհրաժեշտութիւն, այլ նաեւ պարտականութիւն

 ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

«Ապառաժ»-ի խմբագրական

Ոչ մի իշխանութիւն իրաւունք չունի «խաղաղութեան» պատրուակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպէս նաեւ միջազգայնօրէն ճանաչուած ինքնորոշման իրաւունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

ԱՀ Ազգային ժողովի յայտարարութիւն

14 Ապրիլի, 2022թ.

Նախորդ օրերի ընթացքում Նիկոլ Փաշինեանի «յատուկ» յանձնարարականներ կատարող դեսպանի՝ Ստեփանակերտի շուկայում անփառունակ արկածներ ունեցած Էդմոն Մարուքեանի շուրթերով ոչ պաշտօնական թարգմանութեամբ ներկայացուեց Հայաստանի Հանրապետութեան կողմից Ադրբեջանի հետ բանակցութիւնների օրակարգի 5 կէտէրին ի պատասխան տրուած 6 կէտանոց անբովանդակութիւնը: Վերոնշեալ բացայայտմամբ պարզուեց, որ ըստ էութեան հայկական կողմից որեւէ պահանջ չի ներկայացւում Ադրբեջանին, բացի երրորդ կէտից, որտեղ անդրադառնալով Արցախի հիմնահարցին, նշւում է.

«Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգութեան երաշխաւորման, նրանց իրաւունքների եւ ազատութիւնների յարգման, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։

Պարզւում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտի եւ Արցախի բոլոր քաղաքական ուժերի եւ իշխանութեան ու հասարակական շրջանակների մտահոգութիւնները տեղին են եղել դեռ սրանից մէկ ամիս առաջ, որտեղ զգուշացրել եւ պահանջել են, որ Հայաստանի իշխանութիւնները յարգէն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Բաւականին երկար ժամանակ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքների պատգամաւորները հարցադրման միջոցով յորդորում էին ՀՀ իշխանութիւններին արտաբերել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասութիւնը, սակայն ամէն անգամ խուսափողական պատասխաններ էին տրւում: Իսկ ահա «նախկիններից էլ նախկին» պատգամաւոր Վիգէն Խաչատրեանը, որը համարւում է ՔՊ գաղափարական «ծանրակշիռ» տեսաբան, համարձակւում է ասել՝ «ճիշտ չի եղել այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագայ չունի»:

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը ազգային համախմբման եւ ազգի գոյաբանական փիլիսոփայութեան մէջ ստեղծել են արժէքներ, որոնք պէտք է առաջնորդող փարոսը դառնան ոչ միայն մեր օրերի, այլ նաեւ ապագայ սերունդների համար: Այդ առումով Հայաստանում վարուող քաղաքականութիւնը, ինչպէս նշւում է Արցախի բոլոր քաղաքական ուժերի տեսակէտն արտայայտող յայտարարութեան մէջ, աղէտաբեր է: Իսկ աղէտի դէմ պայքարը ոչ միայն անհրաժեշտութիւն է, այլ նաեւ պարտականութիւն: Դիմադրութեան շարժումն այսօր ստանձնել է այդ ազգային պարտքի կատարումը, եւ իւրաքանչիւր մասնակից իր լուման է ներդնում իր հայրենիքի բարօրութեան ու ապագայ սերունդների հայրենի երկրում բարգաւաճ եւ անվտանգ ապագայ ապահովելու համար:

Միայն՝ առ ի յիշեցում: Յաճախ հակադաշնակցական քարոզչութեան լծակները արծարծում են 1992թ. Լեւոն Տեր-Պետրոսեանի հրաժարականի պահանջով ՀՅԴ-ի կողմից կազմակերպած ցոյցերը՝ որպէս ծանր օրերին ներքաղաքական անդորրի խաթարման փորձեր: Արժէ արձանագրել, որ հէնց այդ ցոյցերի շնորհիւ ՀՀ Գերագոյն խորհուրդը 1992թ. յուլիսի 8-ին ընդունեց որոշում, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի է համարւում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշուած կը լինի Ադրբեջանի կազմում, իսկ նոյն թուականի հոկտեմբերին պաշտպանութեան նախարար նշանակուեց Վազգէն Մանուկեանը: Այժմ արդէն անհերքելի է, որ վերը նշուած իրողութիւններն անկիւնադարձային նշանակութիւն ունեցան Արցախեան առաջին պատերազմի յաղթանակի գործում:

Share