ՔՊ դրամահաւաքին առնչուող բացայայտման մասով քրէական գործ չի յարուցուել

ՔՊ դրամահաւաքին առնչուող բացայայտման մասով քրէական գործ չի յարուցուել

Չնայած հասարակական կազմակերպութիւնների գնահատականին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցական դրամահաւաքն իրականացրել է օրէնքի խախտմամբ, իրաւապահները քրէական վարոյթ չէն նախաձեռնել:

Գլխաւոր դատախազութիւնից «Ազատութեան»-ը փոխանցեցին՝ ուսումնասիրել են, բայց յանցանքի եւ զանցանքի մասին յատկանիշներ չէն յայտնաբերել: Հրապարակումից յետոյ յանցագործութեան մասին հաղորդում ներկայացրած Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակի ներկայացուցիչ Վարդինէ Գրիգորեանի համար այս որոշումը սպասելի էր:

«Եթէ լինէր իրական քաղաքական կամք՝ այդ ամբողջը քննելու, բացայայտելու, հանգիստ կարող էին, նաեւ հաշուի առնելով արժանահաւատ տեղեկութիւնները, ուսումնասիրել կամ հարցումների միջոցով, կամ հէնց տուեալ անձանց միջոցով պարզել օրինակ՝ եկամուտների չափը կամ այլ տարբեր հանգամանքներ, առնուազն պարզել հանգամանքները՝ իրենց կողմից նուիրատուութիւն իրականացնելու, որովհետեւ ակնյայտ է, որ համեմատութեան մէջ երեւում էր, որ անձի սոցիալական վիճակը թոյլ չէր տա իրեն կատարել այդպիսի նուիրատուութիւն, — ասաց ընտրական ոլորտի փորձագէտը։

Աւելի քանի մէկ ամիս առաջ «Ինֆօքոմը» բազմաթիւ փաստէր էր գտել, որոնք վկայում էին՝ Երեւանի քաղաքապետի վերջին ընտրութիւններից առաջ իշխող կուսակցութեանն անյայտ ծագման գումարներ են փոխանցուել տարբեր մարդկանց անունից: Ըստ հրապարակման՝ այդ մարդիկ, ապրելով սոցիալական վատ պայմաններում, ընտրութիւններին ընդառաջ միլիոնաւոր դրամներ են նուիրաբերել ՔՊ-ին կուսակցական եւ քարոզչական ծախսէրի համար, ընդ որում՝ շատերը նոյնիսկ տեղեակ չէն եղել, որ իրենց կամ իրենց հարազատի անունից գումար է փոխանցուել: Յետաքննութեան հեղինակները եզրակացրել էին, որ կուսակցութեան նախընտրական դրամահաւաքի մի մասի աղբիւրն առնուազն կասկածելի է։

«Մարդիկ ասում էին՝ մենք տեղեակ չենք, նուիրատուների ծնողներն ասում էին՝ եթէ ինքն այդքան գումար ունենար, վարկերը կփակեր, երեխաների համար ինչ-որ բան կաներ, ու բնակութեան պայմաններն էլ էին մէզ թոյլ տալիս ենթադրել, որ դժուար մարդիկ 2.5 միլիոն՝ շուրջ 6500 դոլար, նուիրաբերեին կուսակցութեանը», — ասում է հետաքննող լրագրողներից մէկը։

Յետաքննութիւնը մեծ աղմուկ էր բարձրացրել, դրան անգամ վարչապետ Փաշինեանն էր անդրադարձել խորհրդարանի ամբիոնից. — «Ես ինքս էլ տեսել եմ այդ հրապարակումը, եւ մենք էլ կուսակցութեան ներսում քննարկում ենք այդ իրավիճակներն ու իրադրութիւնները եւ, բնականաբար, մտադիր ենք նաեւ պարզաբանել եւ հասկանալ, թէ ինչի մասին է խօսքը, եւ ինչը ինչի համար է տեղի ունեցել»։

Առայժմ, սակայն, իշխող կուսակցութիւնից որեւէ պարզաբանում չի հնչել։ Ընտրութիւններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, խօսելով դրամահաւաքի մասին, պնդել էր նաեւ, թէ կուսակցութիւնը գնում է ոչ թէ մէկ հոգուց 1000 դրամ ստանալու, այլ 1000 հոգուց մէկ դրամ ստանալու ճանապարհով:

Մինչ օրս, սակայն, չի պարզաբանուել՝ ինչպե՞ս է ստացուել, որ ՔՊ-ն, այդուհանդերձ, 140 մարդուց ստացել է թոյլատրելի առաւելագոյն 2.5 միլիոն դրամը, այն էլ, ըստ հետաքննող լրագրողների, կասկածելի ճանապարհով:

«Ազատութիւն»-ը փորձեց ՔՊ-ականներից պարզել՝ ի վերջոյ կուսակցութիւնում, ինչպէս Նիկոլ Փաշինեանը վստահեցրել էր, հրապարակման առնչութեամբ քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ: Նրանք, սակայն, կայ՛մ զանգերին չէին պատասխանում, կայ՛մ տարբեր պատճառաբանութիւններով հրաժարւում էին մեկնաբանել:

Ընտրական ոլորտի փորձագէտը կարծում է՝ եթէ լրագրողների հետաքննութիւնը պատշաճ իրաւական արձագանք ստանար, ընտրական գործընթացի նկատմամբ վստահութիւնը կը բարելաւուեր: Յիշեցնում է՝ ըստ մի շարք կազմակերպութիւնների միաւորող «Անկախ դիտորդ» դաշինքի ուսումնասիրութեան՝ Երեւանի ընտրութիւններում վստահութիւնն ամենացածրն էր 2018 թուականի յեղափոխութիւնից յետոյ:

«Ցանկալի կը լինէր, իհարկէ, որ իրաւապահ մարմինները կաշկանդուած չլինէին քաղաքական կուսակցութիւնների դիրքորոշումներով կամ որոշումներով, այլ իրականացնէին իրենց գործառոյթները քրէական օրէնսդրութեան շրջանակներում», — նշեց նա։

Վարդինէ Գրիգորեանի փոխանցմամբ՝ «Անկախ դիտորդն» ամենան հաւանականութեամբ կբողոքարկի լրագրողական հետաքննութեան հիման վրայ գործ չյարուցելու՝ դատախազութեան որոշումը:

«Ազատութիւն»

Share