Երևանում հանրահաւաքից առաջ՝ ԱԱԾ–ն նախազգուշացնող յայտարարութիւն է տարածել, վախի մթնոլորտ են ստեղծում

Երևանում հանրահաւաքից առաջ՝ ԱԱԾ–ն նախազգուշացնող յայտարարութիւն է տարածել, վախի մթնոլորտ են ստեղծում

ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը սահմանադրական կարգի պահպանման իր գործառոյթի շրջանակներում յորդորում է 2024 թուականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականութիւնը եւ չոտնձգել իրաւակարգի դէմ։ Այս մասին ասուած է ԱԱԾ յայտարարութեան մէջ։

«Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգութիւնից պահպանելու Ազգային անվտանգութեան ծառայութեան առաքելութիւնը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրաւաչափ ցանկացած վարքագիծ չէզոքացուելու է օրէնքով սահմանուած ողջ գործիքակազմի կիրառմամբ»,-ասւում է տեքստում։


Ինչպե՞ս փչացնել այսօրուայ հաւաքը. Փաշինեանը յանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետութեան հրապարակում այսօր սպասուող հաւաքը խառնել է իշխանականների անդորրը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ ՔՊ-ականները հրահանգ են ստացել այսօր ամենան ուշադրութեամբ հետեւել՝ որքան մարդ է մասնակցում հաւաքին, ովքեր են մասնակցում, ինչպիսինն են հանրային տրամադրութիւններն եւ ինչպէս փչացնել հաւաքը քարոզչական դաշտում:

ՔՊ-ում այսպիսի տեսակէտ է շրջանառւում, որ եթէ անգամ մէկ-երկու հաւաքով չյաջողուի հասնել իրենց՝ իշխանութիւնից հեռացմանը, միեւնոյնն է, նման ըմբոստութիւնները եւ հաւաքները կարող են «ձնագնդիի» էֆեկտ ունենալ, ու քիչ-քիչ շարժումը աւելի մեծ թափ հաւաքի:

Հենց սա է նաեւ պատճառը, որ այսօրուայ հաւաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիւացել են, ու մէկը միւսին հերթ չտալով՝ վարկաբեկում են շարժման լիդերներին, աջակիցներին, ու յատկապէս, փորձում են տպաւորութիւն ստեղծել, որ եթէ շարժումը յաջողի, ու իրենք հեռանան իշխանութիւնից, ապա նոր պատերազմն անխուսափելի է լինելու, նախկինները վերադառնալու են եւ այլն:

Միւս կողմից՝ արդէն ակնյայտ է դարձել, որ ՔՊ-ի ամենասիրելի մեթոդը՝ «նորեր-նախկիններ», «սեւեր ու սպիտակներ», այլեւս ազդեցիկ նարատիւներ չէն, ու հանրութիւնն այլեւս անհետաքրքրութեամբ կամ զուարճանքով է վերաբերւում նրանց այս ծեծուած թեզերին»։


Փաշինեանի կամակատար ուժայինները վախի մթնոլորտ են ստեղծում

Վաղ առաւօտից Նիկոլ Փաշինեանի կամակատար ուժային կառոյցները իրար հերթ չտալով հաղորդագրութիւններ են տարածում, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել՝ կասեցնելու Բագրատ սրբազանի առաջնորդութեամբ դէպի Երեւան հասնող երթը։ Այսօր լոյսը չբացուած՝  Արմէն Աբազեանի ղեկավարած ԱԱԾ-ն եւ Փաշինեանի դասարանցի Վահէ Ղազարեանի՝ ՆԳՆ-ն յայտարարութիւններ տարածեցին՝ յորդորելով այսօրուայ հաւաքի մասնակիցներին պահպանել հասարակական կարգը։

Մասնաւորապէս, «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին յորդորել են պահպանել օրինականութիւնը եւ չոտնձգել իրաւակարգի դէմ։ Քիչ առաջ էլ Արգիշտի Քեարամեանի  ղեկավարած Քննչական կոմիտէն է տեղեկացրել, թէ բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից «ապօրինի զէնք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով 2 անձ է ձերբակալուել», ուժային կառոյցները՝ Փաշինեանի կամակատար ղեկավարներով փորձում են տպաւորութիւն ստեղծել, թէ շարժման մասնակիցները ծանր յանցագործներ են, որ սպասւում է յանցագործութիւն, իսկ իրենք արդէն մի քանիսին ձերբակալել են։

Share