Նիկոլ Փաշինեանը պատերազմ է յայտարարել հայ ժողովրդին։ Վստահ եղեք՝ այդ պատերազմում նա պարտուելու է։

Նիկոլ Փաշինեանը պատերազմ է յայտարարել հայ ժողովրդին։ Վստահ եղեք՝ այդ պատերազմում նա պարտուելու է։

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

Գիւմրիում այսօր կատարուածը գործող վարչախմբի հերթական յարձակումն է ժողովրդի կամքի դէմ։ Ընտրուած քաղաքապետ Վարդան Ղուկասեանի ցուցադրական ձերբակալութիւնը, Գիւմրի քաղաքի ու համայնքապետարանի պաշարումը, ուժային համակարգի միջոցով հանրապետութիւնում վախի մթնոլորտ սերմանելու փորձերն ապացուցում են, որ գործող իշխանութիւնը չի հանդուրժում ժողովրդի ընտրութիւնը։

Վերջերս խորհրդարանում Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր Գիւմրի համայնքի ղեկավարին ուժով հեռացնելու մտադրութեան մասին։ Այսօր այդ մտադրութիւնը վերածուեց բռնի գործողութեան։ Յիշեցնենք, որ ՔՊ-ական իշխանութիւնները շինծու մեղադրանքներով դատապարտել կամ կալանաւորել էին Վանաձորի, Բերդի, Գորիսի եւ այլ համայնքների ընտրուած ղեկավարներին։

Վաղարշապատ խոշորացուած համայնքում նշանակուած ընտրութիւններից առաջ Գիւմրու համայնքապետի ձերբակալութիւնը յստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմիններին․ իշխանութիւնը պատրաստ չէ հանդուրժել որեւէ ինքնակառավարում, որեւէ ինքնուրոյնութիւն։

Մենք դատապարտում ենք ժողովրդաւարութեան հիմքերի դէմ հերթական յարձակումը եւ դիմում միջազգային կառոյցներին՝
Եւրոպական միութեանը, Եւրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարին, ինչպէս նաեւ Հայաստանում հաւատարմագրուած բոլոր դիւանագիտական ներկայացուցչութիւններին՝ անմիջապէս արձագանքել ժողովրդաւարութեան դէմ իրականացուող համակարգուած արշաւին։

Մենք սատարում ենք գիւմրեցիների մեծամասնութեան՝ իրենց ընտրութիւնը պաշտպանելու իրաւունքը եւ կոչ ենք անում Գիւմրու աւագանու անդամներին՝ համախմբուել եւ թոյլ չտալ գործող վարչախմբի կողմից իշխանազաւթումը։

Յորդորում ենք Հայաստանի քաղաքացիներին՝ ամէնուր մերժել այս իշխանութեանը։

Նիկոլ Փաշինեանը պատերազմ է յայտարարել հայ ժողովրդին։ Վստահ եղեք՝ այդ պատերազմում նա պարտուելու է։

«Հայաստան» խմբակցութիւն
20 հոկտեմբերի 2025թ.

Share