Կոռնիձորում կայացած հանրահաւաքը և մասնակիցների ուղերձը, միաժամանակ քայլերթ Արցախում

Կոռնիձորում կայացած հանրահաւաքը և մասնակիցների ուղերձը, միաժամանակ քայլերթ Արցախում

Մայիսի 20-ին Կոռնիձորում մեկնարկեց «Կամաւորական շարժում» ՀԿ նախաձեռնած բազմահազարանոց հանրահաւաքը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից ժամանած քաղաքացիներ, քաղաքական- հասարակական գործիչներ:

Հանրահաւաքը մեկնարկեց ՀԱԵ Սիւնեաց թեմի հոգեւորականների օրհնութեամբ եւ Տերունական աղօթքով:



Ելոյթներ ունեցան Սիսական գնդի հրամանատար Աշոտ Միանասեանը («Աշոտ երկաթ»), ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսեանը, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանը,ՀՅԴ քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը։
Հանրահաւաքի աւարտին հնչեց ուղերձ՝ ուղղուած հայութեանը եւ ի լուր աշխարհին: 

Նշէնք, որ նոյն պահին Արցախում նոյնպէս երթ եւ հանրահաւաք է տեղի ունեցել՝ ի աջակցութիւն Կոռնիձորի հանրահաւաքի: Արցախցիները՝ Ստեփանակերտի Զինուորական Պանթեոնից քայլերթով շարժուելէն դէպի Արցախը Մայր Հայաստանին կապող աւտօճանապարհի Զառին բաղ կոչուող տեղամաս։

2023 թ. մայիսի 20-ին Կոռնիձորում կայացած հանրահաւաքի մասնակիցների ուղերձը

Մենք՝ Արցախի եւ արցախահայութեան զօրակցութեան հանրահաւաքի մասնակիցներս յայտարարում ենք, որ՝

-հայութիւնն ունի բաւարար ներուժ յաղթահարելու առկայ մարտահրաւէրները եւ բեկում մտցնելու վիճակի մէջ.
-հայութեան դիմադրութեան ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիւ գործողութեան համար.
-Արցախի ազատութեան եւ ինքնորոշման իրաւունքի իրացման դէմ կատարուող ցանկացած գործողութիւն արժանանալու է հակազդեցութեան, ում կողմից էլ որ այն կատարուի.
-Արցախի ինքնիշխանութեան եւ արցախահայութեան անվտանգութեան ապահովմանն ուղղուած ռազմավարական ծրագրի մշակումը եւ գործադրումը Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների պարտաւորութիւնն է.
-Հայաստանի որեւէ իշխանութեան իւրաքանչիւր գործողութիւն, որը կասկածի տակ կը դնի Արցախում անցկացուած հանրաքուէների արդիւնքները, Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնն ու դրա անքակտելի մասը կազմող անկախութեան հռդակագիրը, ի սկզբանէ առ ոչինչ են.
-Կանխելու ենք խաղաղութեան անուան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցութեան որեւէ համաձայնութեան կայացում.
Իրական եւ երաշխաւորուած խաղաղութիւն կարող է լինել, եթէ այն հաստատուած է արդարութեան ու ճշմարտութեան վրայ։ Չի կարող լինել խաղաղութիւն, քանի դեռ գերուած են Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակուած է Արցախը, վտանգուած է արցախահայութեան ազատ ապրելու իրաւունքը.
-Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դէպքում մենք պատրաստ ենք մէկ մարդու պէս զինուորագրուել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծուած իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանութեան եւ անվտանգութեան հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի.
-Որպէս արժանապատիւ եւ հայրենատէր հայեր մենք վճռական ենք ու տէր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք եւ ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականութիւնը։
Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական։

Կեցցէ Արցախը, Կեցցէ Հայաստանը, կեցցէ հայ ժողովուրդը։

Քայլերթ Արցախում

Այսօր Ստեփանակերտից քաղաքացիները երթով շարժուել են Կոռնիձորում «Կամաւորական շարժում» ՀԿ կողմից նախաձեռնուած «Հանուն Արցախի, ընդդէմ Ադրբեջանի» համաժողովրդական հանրահաւաքի մասնակիցներին ընդառաջ։

Երթը մեկնարկել է Ստեփանակերտի Եղբայրական յուշահամալիրից եւ ուղեւորուել դէպի Ստեփանակերտ-Գորիս մայրուղու սկզբնամաս՝ Զառին Բաղ կոչուող տեղամաս։

Ակցիայի նպատակը Արցախի ու Հայաստանի ժողովրդի միասնականութեան ընդգծումն էր, Արցախը հայկական պահելու միասնական պայքարի ու կամքի արտայայտումը եւ մեր անհամաձայնութիւնը՝ պարտադրուող սահմաններին։

Քայլերթի աւարտին ելոյթներ են ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Տիրուհի Գասպարեանը, «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման եւ «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ»-ի անդամներ Արշակ Աբրահամեանն ու Դաւիթ Բաղրեանը։

ՀՅԴ ԱԵՄ-ի ԿՎ Անդամ Տիրուհի Գասպարեանը ելոյթի իր խօսքում ասել է, որ այստեղ հաւաքուելու նպատակը մեր արժանապատուութեանը, մեր կամքի ուժին, Արցախ-Հայաստանին տէր լինելու մեր պատրաստակամութեանը, այս հողի վրայ ապրելու ու պայքարելու մեր նպատակին այո ասելն էր։

«Մեզանից մի քանի կիլօմետր այն կողմ՝ սահմանամերձ Կոռնիձոր գիւղում մեր հայրենակիցներն են հաւաքուել, ովքեր Մայր Հայաստանի տարբեր անկիւններից եկել են ասելու, որ մեր կողքին են, որ համամիտ են մեր այո-ին եւ կողմ են մեր ոչ-ին, որ մէզ պէս տէրն են Արցախին եւ չէն ընդունելու այն, ինչ փորձում են պարտադրել: Մենք տէր կը լինենք մեր պատմական իրաւունքներին, մենք չենք ընկրկի ոչ մի փորձութեան առջեւ. սա է մեր ուղերձը Ադրբեջանին եւ ողջ աշխարհին․․․ Զիջումը երբեք քաղաքականութիւն չպիտի դառնայ», ասել է Տ․ Գասպարեանը։

Նախաձեռնող խմբի անդամ Արշակ Աբրահամեանն իր խօսքում նշել է, որ երթին միացած արցախցիներն ապացուցում են, որ որքան էլ ՀՀ վարչապետն ու իշխող վարչակազմը փորձեն ձեռքերը լուանալ Արցախից, դա նրանց մօտ չի ստացուելու: Արցախը եղել է, կայ ու մնալու է հայկական:

«Ապրիլի 23-ից սկսած մեր թշնամին, եռակողմ յայտարարութիւնն ու միջազգային բոլոր կազմակերպութիւններին անտեսելով, հնարաւոր եւ անհնարին բոլոր միջոցներով փորձում է մէզ ճնշել, արցախցուն իր տնից հանել: Արցախը արցախցունն է»,- իր խօսքում նշել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնութեան անդամ Դաւիթ Բաղրեանը:

Քայլերթի մասնակիցներից Արմէն Աւէտիսեանն էլ իր խօսքում ասել է, որ ՀՀ-ի իշխանութիւնը օկուպացիայի ենթարկած իշխանութիւնը կպնում է մեր սրբութիւններին, մեր լեռներին, փորձում է գերի մնացած Արարատի կարգավիճակը հաւասարեցնել պետական սահմանի ներսում գտնուող Արագածի հետ, որն անընդունելի է:

Share