ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը իր առաջկցութիւնն է յայտնում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանին․
«Ինչպէս յայտնի է, Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրաւիրում:
Այս իրադարձութիւնից առաջ իշխանութիւնն անցել է ճնշումների:
Քիչ առաջ Քննչական կոմիտեում ԱԱԾ կողմից Արշակ Սրբազանի կալանաւորումը դրա վառ դրսեւորումն է:
Սա յստակ քաղաքական հրահանգ է: Սրբազանը շինծու տեսանիւթերի հրապարակումից յետոյ յայտնել էր, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրւում:
Վարչակարգի պարագլխի հետ մի խումբ ուխտադրուժների հանդիպմանը յաջորդեց յայտարարութիւն, որտեղ Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հաւատարմութիւն յայտնեցին Վեհափառին:
Սա եւս հիստէրիայի առիթ հանդիսացաւ վարչակարգի պարագլխի համար:
Սրանք անգամ չէն զլանում ուժայիններին՝ ծառայեցնելով սեփական նենգ նպատակներին, ապօրինի հրահանգներին:
Փաշինեանն այսօր խոստովանեց, որ Պատարագների ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնելու պահանջը փոխանցւում է ԱԱԾ աշխատակիցների միջոցով:
Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր:
Օրուայ բռնապետական ռեժիմը գործադրում է ահաբեկելու բոլոր միջոցները պետականաքանդ եւ եկեղեցահալած քաղաքականութեանն ընդդիմացողների նկատմամբ:
Վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետի առաջնորդութեամբ մեր եկեղեցին յաղթահարելու է այս փորձութիւնը եւս»,- նշել է Դանիելեանը:
Նշէնք, որ Քննչական կոմիտէն յայտնել է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ յարուցուել է հանրային քրէական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնութեամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։ Նա ձերբակալուել է։
