«Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար Արմէն Գրիգորեանը, կարծես թէ, որոշել է այլեւս չլռել։ Պաշտօնից անակնկալ հեռանալուց մօտ երեք ամիս անց նա հրապարակային խօսք է հնչեցրել, որը բաւականին անհարմար դրութեան մէջ է դրել իշխանական թիմին։
Գրիգորեանի վերջին յօդուածը ոչ միայն կասկածի տակ է դնում Հայաստանի՝ Եւրամիութեանն անդամակցելու հեռանկարը, այլեւ փաստացի քննադատութեան թիրախ է դարձնում Նիկոլ Փաշինեանի կառավարութեան որդեգրած արտաքին քաղաքականութիւնը։
Նոյեմբերի 11-ին հրապարակուած «ԵՄ անդամակցութեան պատրանքը» յօդուածում Արմէն Գրիգորեանը բաւական կոշտ գնահատականներ է տուել եւրաինտեգրման գործընթացին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի՝ Եւրամիութեանն անդամակցելու հեռանկարը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէ, իսկ այդ նպատակին ուղղուած քայլերը կարող են ոչ թէ նուազեցնել, այլ, ընդհակառակը, խորացնել Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի կախուածութիւնը։
Նախկին պաշտօնեան, մասնաւորապէս, արձանագրել է, որ ամէն անգամ, երբ Երեւանը փորձել է քայլ անել դէպի Արեւմուտք, բախուել է Ռուսաստանի աւելի ուժեղ ճնշմանը եւ արդիւնքում յայտնուել Մոսկուայի առաւել ուժեղ ազդեցութեան ներքոյ։
Գրիգորեանը զգուշացրել է նաեւ, որ առանց Արեւմուտքի իրական անվտանգային երաշխիքների՝ ԵՄ անդամակցութեան անիրատեսական օրակարգը կարող է Հայաստանին կանգնեցնել տնտեսական, քաղաքական եւ անվտանգային նոր խնդիրների առաջ։ Նա անդրադարձել է նաեւ Իրանի հետ յարաբերութիւններին՝ նշելով, որ եւրոպական օրէնսդրութեանը համապատասխանեցումը կարող է սահմանափակել իրանական գազից օգտուելու Հայաստանի հնարաւորութիւնները։
Փաստացի, նախկին ԱԽ քարտուղարը կասկածի տակ է դրել այն քաղաքական ուղեգիծը, որը Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը ներկայացնում է որպէս Հայաստանի ապագայի կարեւորագոյն ուղղութիւններից մէկը։
Ուշագրաւն այն է, որ Գրիգորեանը չի թաքցրել՝ այս հարցում իր դիրքորոշումը նորութիւն չի եղել նաեւ իշխանական թիմի համար։ Նա յօդուածում ուղղակիօրէն նշել է, որ իր նախկին գործընկերները տեղեակ են եղել իր տեսակէտներին։ Այս հանգամանքն էլ աւելի է սրել հարցը՝ եթէ այդ տարաձայնութիւնները յայտնի էին, ապա ինչո՞ւ են դրանք հրապարակայնօրէն հնչում հէնց հիմա՝ պաշտօնից հեռանալուց յետոյ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ ՔՊ-ականներն էլ երէկ ստիպուած են եղել խորհրդարանում արդարանալ։
ԱԺ ՔՊ խմբակցութեան պատգամաւոր Սոնա Ղազարեանը, փորձելով մեղմել իրավիճակը, յայտարարել է, որ Արմէն Գրիգորեանը լաւ գործընկեր է, նաեւ լաւ ընկեր, եւ որ նրա դիրքորոշումն իրենց համար անակնկալ չի եղել։
Ղազարեանը փորձել է ներկայացնել, թէ թիմում այլակարծութիւնը բնական է, իսկ Գրիգորեանի յօդուածը կարող է առողջ բանավէճի հիմք դառնալ։ Սակայն լրագրողների հարցերին նրա պատասխաններում եւս ակնյայտ էր, որ թեման հեշտերից չէ իշխանականների համար։ Երբ նրան հարցրել են՝ արդեօք Գրիգորեանը քաղաքական յայտ է ներկայացնում, պատգամաւորը չի բացառել այդ հնարաւորութիւնը՝ նշելով, որ խնդիր չի տեսնում, եթէ նախկին պաշտօնեան նման յայտ ներկայացնի։
Առաւել ուշագրաւ է, որ Ղազարեանը չի կարողացել պատասխանել նաեւ այն հարցին, թէ ինչու է Գրիգորեանն իր տեսակէտները հրապարակայնացնում հէնց հիմա։ Նա խորհուրդ է տուել այդ հարցն ուղղել հէնց նախկին պաշտօնեային։
Իսկ այստեղ արդէն հարցերն աւելի շատ են, քան պատասխանները։
Յիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինեանի որոշմամբ Արմէն Գրիգորեանն ազատուեց Անվտանգութեան խորհրդի քարտուղարի պաշտօնից, իսկ այդ պաշտօնում նշանակուեց Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը։
Ընդ որում, պաշտօնի փոփոխութեան հանգամանքներն ինքնին ուշագրաւ էին։ Աւելի ուշ Ալէն Սիմոնեանը, անդրադառնալով Գրիգորեանի հեռացմանը, չէր ցանկացել գնահատական տալ այն հանգամանքին, որ վերջինիս պաշտօնից ազատելու մասին տեղեկացրել էին վերջին պահին։ Նա միայն ընդգծել էր, որ Գրիգորեանն իրենց ընկերն է, եւ յոյս յայտնել, որ նա հետագայում կը վերադառնայ պետական ծառայութեան։
Իշխանական կուլիսներում տեղի ունեցածի վերաբերեալ հարցերը, սակայն, այդպէս էլ չփակուեցին։ Քաղաքական շրջանակներում Գրիգորեանի հեռացումը դիտարկւում էր որպէս անակնկալ փոփոխութիւն։ Մինչդեռ այժմ նրա հրապարակային խօսքը նոր ենթադրութիւնների տեղիք է տալիս։
Տպաւորութիւն է ստեղծւում, որ նախկին պաշտօնեան իշխանութիւններից հեռացել է ոչ այնքան հանգիստ ու հաշտ մթնոլորտում։ Նրա վերջին յօդուածում առկայ շեշտադրումները, նախկին գործընկերներին ուղղուած անուղղակի քննադատութիւնն ու յատկապէս այն հանգամանքը, որ նա իր դիրքորոշումը հրապարակայնացնում է պաշտօնը կորցնելուց յետոյ, կարող են վկայել նաեւ անձնական դժգոհութեան մասին։
Իհարկէ, Գրիգորեանն ինքը հրապարակաւ չի յայտարարել, թէ իշխանութիւններից նեղացած է կամ որ իր պաշտօնանկութիւնը կապուած է ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարցում ունեցած տարաձայնութիւնների հետ։ Սակայն նրա այսօրուայ խօսքն ու պաշտօնից հեռանալու պատմութիւնը միասին քաղաքական հարցերի բաւական հետաքրքիր շրջանակ են առաջացնում։
Մի բան ակնյայտ է. իշխանութիւնը նախկին ԱԽ քարտուղարի այս հրապարակումից յետոյ ստիպուած է բացատրել՝ որքանո՞վ է իր թիմում իրականում ընդունելի այլակարծութիւնը, յատկապէս երբ խօսքը վերաբերում է արտաքին քաղաքականութեան առանցքային հարցերին։
Եւ ամենակարեւորը՝ արդեօք Արմէն Գրիգորեանը պարզապէս իր տեսակէ՞տն է հրապարակայնացրել, թէ՞ սա նրա քաղաքական վերադարձի առաջին քայլն է»։
Արմէն Գրիգորեանը որ անցնող տարիներին եղել է այս իշխանութեան քաղաքական նպատակների հիմնական սիւններից մէկը, չի կարող մի օրով դառնալ իշխանութեան ընդդիմադիրը եթէ սա հաշուարկուած քայլ չէ «արտահերթ ընտրութիւններում» ցանկալի ընդդիմութիւն ձևաւորելու համար:
