Յուսահատութեան ժամանակը չէ

Յուսահատութեան ժամանակը չէ

Արմինէ Օհանեան` Հրապարակ օրաթերթի իր սիւնակում Ապրիլ 30ին գրել է՝

Եթէ ինչ-որ մէկը կարծում է, թէ այսօր 2018 թուականի չափ մարդ դուրս կը գայ փողոց, չարաչար սխալւում է։ Յենց միայն այն, որ 2018-ին դուրս եկած մարդիկ տեսան, թէ ինչով կարող են աւարտուել իրենց փողոցային պայքարն ու անզուսպ էյֆորիան, բաւական է, որ այլեւս երբեք փողոց դուրս չգան։ Բայց, բարեբախտաբար, մեր ժողովրդի մէջ նաեւ առողջ գենի կրողներ կան եւ գիտակից մարդիկ, որոնք հասկանում են, որ 2018-ի շարժումն ու այս մէկը միմեանց հետ չի կարելի համեմատել, եւ եթէ սխալուել ենք 18-ին, չի նշանակում, որ անպայման պէտք է սխալուենք նաեւ 22-ին։ Առհասարակ, պէտք չէ փոշմանել անցեալի համար եւ սեփական մազերը փիտել, թէ ինչու 2018-ին դուրս եկանք փողոց։

Պայքարը միշտ ճիշտ է, եւ նախկիններն էլ իրենց արած սխալների համար պէտք է պատժուեին, իսկ Սերժ Սարգսեանը, անկախ ամէն ինչից, պէտք է հեռանար՝ բոլոր գրուած ու չգրուած օրէնքներով։ Այլ բան է, որ մէկին ճանապարհելով, պէտք է չշտապեինք եւ յեղափոխութիւնն առաջնորդած մէկ ուրիշին կուրօրէն չդարձնէինք վարչապետ, նրա անփորձ թիմին էլ՝ իշխանութիւն։ Պետք է տասը չափեինք, մէկ կտրեինք, չտրուեինք էմոցիաներին եւ ջրի հետ «երեխային» էլ դէն չնետեինք։ Նախկին պաշտօնեաների, նախկին կեանքի մէջ լիքը լաւ բաներ կային, որոնք կարող էին եւ պէտք է պահպանուեին։ Հիմա նորից կանգնած ենք «ջնջենք՝ նորից սկսենք» հրամայականի առաջ։

Մաքսիմալիստական, յուսահատ մտքեր ենք արտայայտում, մեծ պահանջներ դնում ընդդիմութեան առաջ, աշխարհը բաժանում սեւ-սպիտակի։ Ոչ մի կոմպրոմիս, ոչ մի սանտիմետր նահանջ։ Պարտութիւնը համազօր է մահուան։ Յաղթանակ՝ նշանակում է Նիկոլ Փաշինեանի հրաժարական։ Իսկ ճկուն ժողովուրդները կարողանում են փոխել պայքարի վեկտորները, պարտութիւններից ուժեղացած դուրս գալ, հակառակորդին զիջումներ պարտադրել։

«Հրապարակ օրաթերթ»

Share