Իրանահայ պատգամաւորի ուշագրաւ զրոյցը

Իրանահայ պատգամաւորի ուշագրաւ զրոյցը

Առանցքային էր, այդ օրերին Իրանի հէնց այն յայտարարութիւնն, որ դէմ է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութեանը։

«Իրաւունք»-ի զրուցակիցն է եղել հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը։

— Պարոն Շահվերդեան, որպէս Իրանում հայ պատգամաւոր ինչպէ՞ս էք գնահատում հայ-իրանական յարաբերութիւնները, յատկապէս յետպատերազմեան վերջին երկու տարիների ընթացքում։

— Իրանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնները, թէ՛ 44-օրեայ պատերազմից յետոյ, թէ՛ համավարակի բռնկման օրերին, արձանագրել են զարգացում, մասնաւորապէս՝ առեւտրաշրջանառութեան ծաւալները աճել են՝ հասնելով, շուրջ 600 մլն. դոլարի: Քաղաքական առումով եւս երկու երկրները արձանագրել են յարաբերութիւնների զարգացման միտում, ինչի վկայութիւնն է իրանցի բարձրաստիճան պաշտօնեաների հայաստանեան այցերն, այդ թւում՝ Գլխաւոր դատախազի, ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարի, ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարի, ինչպէս նաեւ՝ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի Թեհրան կատարած այցը, եւ բազում այլ երկկողմ հանդիպումներ, փաստում են Իրանի եւ Հայաստանի միջեւ վերջին շրջանում արձանագրւած յարաբերութիւնների խորացման միտման մասին: Եւ, նկատի առնելով տարածաշրջանային իրավիճակը եւ երկու երկրների միջեւ առկայ խորքը պատմական եւ մշակութային ընդհանրութիւնները անհրաժեշտ է արձանագրել, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ առկայ է յարաբերութիւնների խորացման կամք եւ վճռակամութիւն: Իրանը եւ Հայաստանը ի թիւս այլ ոլորտների քայլեր են ձեռնարկում նաեւ զարգացնել մշակութային եւ հասարակական ոլորտների գործակցութիւնների զարգացում, որպէս օրինակ՝ պայմանաւորւել են համատեղ մշակութային եւ հասարակական կապերի զարգացման ուղղութեամբ նախաձեռնութիւններ իրականացնել, այդ թւում՝ քաղաքների միջեւ կապերի սերտացման ծրագրեր, քոյր քաղաքների հռչակման նախաձեռնութիւններ եւ այլն: Իրանի համար Հայաստանը իւրօրինակ կամուրջ է համարւում ԵԱՏՄ- Իրան եւ ԵՄ-Իրան յարաբերութիւններում։

Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա, Ռուսաստանի եւ Ուկայինայի միջեւ պատերազմը տարածաշրջանային առումով եւս նոր իրողութիւններ թելադրեց: Մասնաւորապէս՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառման հետեւանքով, ակնկալւում է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրանան, յատկապէս նկատի առնելով փաստն, որ Իրանն երկար տարիներ է ինչ դիմակայում է արեւմտեան պատժամիջոցներին: Այսպիսով, Իրանը կարող է գերտէրութիւնների կողքին, յատկապէս՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին, վերածւել տարածաշրջանային առաւել կարեւոր գործօնի, ինչը կամրապնդի Իրանի կարեւոր ազդեցութիւնը տարածաշրջանում:

— Ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ ակնկալել Պուտինի եւ Էրդողանի Իրան այցից յետոյ։

— Անհրաժեշտ է ընդգծել Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումները եւ յատկապէս Իսլ. յեղափոխութեան առաջնորդի այդ ուղղութեամբ կատարած շեշտադրումները: Իսլ. յեղափոխութեան առաջնորդը հանդիպումների ընթացքում շեշտել է, որ եթէ Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու քաղաքականութիւն լինի, ապա Իսլամական Հանրապետութիւնը դէմ կը լինի նման որոշմանը, քանի որ այդ սահմանը հազարաւոր տարւայ վաղեմութիւն ունեցող հաղորդակցութեան ճանապարհ է: Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահների Թեհրան կատարած այցին եւ Աստանայի գագաթնաժողովի արդիւնքներին ու ակնկալիքներին, ապա, գագաթնաժողովի առանցքում եղել է տարածաշրջանային կոֆլիկտներում երրորդ ուժերի միջամտութեան բացառման հարցը: Ինչպէս Իրանի, Ռուսաստանի, եւ Թուրքիայի ղեկավարների համատեղ յայտարարութեան տեքստում է ասւում, նրանք պայմանաւորւել են ընդլայնել եռակողմ ձեւաչափը ե՛ւ գագաթաժողովի առանցքային հարցի՝ սիրիական խնդրի լուծման, ե՛ւ դրանից դուրս համագործակցութիւնների ծաւալման քայլերով: Այդուհանդերձ, առանցքային էր, այդ օրերին Իրանի հէնց այն յայտարարութիւնն, որ դէմ է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութեանը։

Զրոյցը՝ Իլոնա Ազարեանի

Share