«Իրանն ու Հայաստանը թոյլ չեն տայ երրորդ երկրի իրենց սահմանը փակել». Իսլ. խորհրդարանի պատգամաւոր

«Իրանն ու Հայաստանը թոյլ չեն տայ երրորդ երկրի իրենց սահմանը փակել». Իսլ. խորհրդարանի պատգամաւոր

Իրանի Իսլ. խորհրդարանի արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտէի նախագահ Շահրիար Հէյդարին նշել է, որ Հայաստանն ու Իրանը չունեն որեւէ երրորդ կողմի, այդ թւում՝ Թուրքիայի խորհրդի կարիքը սահմանային հարցերի առնչութեամբ, հաղորդում է ICANA-ը:

Շահրիար Հէյդարին այդ խօսքերն ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի՝ Թուրքիայի նախագահին ուղղւած խօսքերի համատեքստում:

«Ինչպէս յայտարարել է հոգեւոր առաջնորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը թոյլ չի տայ, որ Իրանի ու Հայաստանի սահմանը արգելափակւի»,- ընդգծել է Հէյդարին:

Մատնանշելով Հայաստանի Հանրապետութեան ռազմավարական դիրքը՝ իրանցի խորհրդարանականն ասել է, որ դա բազմաթիւ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որոնցից մէկը եղել է Ադրբեջանի հետ հակամարտութիւնը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Սակայն ըստ Շահրիար Հէյդարիի խնդիրը պէտք է լուծւի լրջօրէն եւ դիւանագիտութեան միջոցով։

«Իրանը միշտ համոզւած է եղել, որ երկու երկրները խնդիրը պէտք է հարթեցնեն քաղաքական ճանապարհով: Արտատարածաշրջանային որոշ ուժեր փորձում են Հայաստանի տարածքով Նախիջեւան տանող միջանցք ստեղծել, որ Իրանին լուսանցք մղեն, սակայն Հայաստանն ու Իրանը շեշտում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութիւնը պէտք է պահպանւի»:

Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանի համար Իրանը հարեւանական եւ եղբայրական երկիր է, որի հետ 47 քմ.-անոց համատեղ սահման ունենք:

Նա շեշտել է. «Մենք Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր սահման ունենք, որի մի մասը Արաքս գետի սահմանն է, եւ թոյլ չենք տայ, որ որեւէ կերպ վնաս հասցւի այդ սահմաններին: Իրանի եւ Հայաստանի սահմանը միշտ անվտանգ է եղել, դրա անվտանգութեան համար երկու երկրներն էլ ջանում են եւ կանխում են ցանկացած անօրինական երթեւեկութիւն ու սահմանային ոտնձգութիւն, եւ մենք որեւէ երրորդ կողմի, ինչպէս օրինակ՝ Թուրքիայի խորհրդի կարիքը չունենք»,- յայտարարել է Շահրիար Հէյդարին:

Share