Հրաշքի սպասելու փոխարէն

Հրաշքի սպասելու փոխարէն

Վահէ Հովհաննիսեան

Ունենք ակնյայտ խնդիր. Հայաստանը եւ սփիւռքը համարժէք չէն Արցախում այսօր ստեղծուած իրավիճակին։ Սա ազգային անոմալիայ է, եւ սրա ուղիղ հետեւանքն է, որ միջազգային հանրութիւնը նոյնպէս համարժէք չի արձագանքում։
120 հազար մարդ 200 օրից աւել գտնւում է տոտալ շրջափակման մէջ, թշնամու կրակոցների տակ, եւ առկայ է էթնիկ զտման իրական սպառնալիք։
Պարզունակ մօտեցում է՝ խնդիրը վերագրել ժողովրդի որակներին. այստեղ լաւի կամ վատի խնդիր չկայ. եւ´ Հայաստանի ժողովուրդն է սովորական-նորմալ, եւ´ սփիւռքը, եւ´ միջազգային հանրութիւնը։
Այստեղ կան ուրիշ խնդիրներ, որոնք պէտք է հասկանանք, եւ այդ խնդիրների լուծման ճանապարհով փոխենք վիճակը։ Ըստ իս, այդ խնդիրներն են.

1. ՀՀ իշխանութիւնները
2. Ազգային փլուզման խորութիւնը
3. Հետպարտութիւն յուսալքուած-անկումային տրամադրութիւնները
4. Պայքարի ինստիտուտների բացակայութիւնը (կամ՝ ոչ բաւարար զարգացած լինելը)
5. Այսպէս կոչուած «սոցիալական սոսնձի»՝ ճիշտ գաղափարների, արդիւնաւետ պատկերացումների սղութիւնը։

Եթէ ինչ-որ հրաշքով, ասենք պայմանականօրէն՝ յաջորդ կիրակի, Հայաստանում լինի նոր իշխանութիւն, ապա մենք կ’ունենանք լրիւ ուրիշ իրավիճակ։ Դա կնշանակի էֆեկտիւ մարդկանց ներգրաւուածութիւն նոր իշխանութեանը. 2-5 կէտէրի խնդիրները տրամաբանական շղթայում կը սկսէն լուծուել, շատ այլ հարցեր նոյնպէս կը սկսէն լուծուել, այդ թւում՝ բարդ, անգամ՝ անլուծելի թուացող։
Բայց մենք հասկանում ենք, որ սա տեսութիւն է։ Հրաշքին սպասելը նման պարագայում յիմարութիւն է։
Աւելի վատ է, սակայն, ոչինչ չանելը։ Այս վիճակում յանձնուելը դաւաճանութիւն է մեր պետականութեան եւ մեր հայրենիքի հանդէպ։

Ճիշտ ճանապարհը գտնւում է նշուած հինգ կէտէրի լուծման մէջ, սակայն՝ հակառակ հերթականութեամբ՝ հինգերորդ կէտից հասնելով առաջինին։ Իհարկէ, ոչ ոք չի բացառում հրաշքի հնարաւորութիւնը, բայց ռացիոնալ գիտակցութիւնը յուշում է, որ ճիշտը 5-ից 1 կէտէր ճանապարհն է։ Սա ամենեւին անվերջ երկար ճանապարհ չէ։ Ամէն քայլից յետոյ ձեւաւորուելու է նոր իրականութիւն, իսկ ամէն նոր իրականութիւն մօտեցնելու է ամբողջական լուծման հեռանկարը։
Առաջիկայում պարբերաբար կը ներկայացնեմ այդ կէտէրի համառօտ բովանդակութիւնը։


Այլընտրանքային նախագծեր խումբ

Share