Դէ ինչ, փիղը երկնեց եւ մուկ ծնեց…. Նիկոլ Փաշինեանը հրապարակեց «Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։ Հրապարակած փաստաթղթերը թոյլ են տալիս մի քանի եզրակացութեան գալ։ Իհարկէ, աւելի խորը վերլուծութիւնը եւ այլ աղբիւրների հետ համեմատութիւնը լրացուցիչ բացայայտումների կարող է բերել, բայց հիմա առաջնորդւենք «առաջին մօտարկմամբ»։
- Փակ աչքերով ընտրէք կարգաւորման ցանկացած տարբերակ (փաստաթուղթ), որը Փաշինեանը հրապարակել է։ Ցանկացած կարգաւորումը շատ աւելի հայանպաստ կը լինէր, քան այն ինչի առաջ մեզ կանգնացրեց Փաշինեանը…
- Նոյնիսկ այն ինչ հրապարակւել է ապացուցում է, որ Փաշինեանի պնդումները, թէ Արցախի կարգաւորումը միջազգային հանրութիւնը դիտարկում էր բացառապէս Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում կեղծ են։ Ծանօթացէք 2006-2019 թթ․ ներկայացւած առաջարկներին։ 2011 թւականին Կազանում ամբողջական փաստաթուղթ էր ներկայացւել։ Ադրբեջանի կողմից Կազանի տապալումից յետոյ Արցախի ժողովրդի ազատ եւ ոչնչով չսահմանափակւած ինքնորոշման իրաւունքն առկայ է «Լաւրովի պլանի» բոլոր աշխատանքային փաստաթղթերում։ Հրապարակած փաստաթղթերը հերքում են Փաշինեանի այլ պնդումներ նոյնպէս, օրինակ՝ միջանկեալ կարգավիճակի առաջարկի զեղչման վերաբերեալ իր յայտարարութիւնները։
- Փաթեթը թերի է։ Կարող եմ ներկայացնել 90-ականներին ներկայացւած եւս մի քանի առաջարկ` Ժելեզնովոդսկից սկսած մինչեւ ռուս-ֆիննական համանախագահութեան կողմից 97-ի ապրիլին ներկայացւած համապարփակ առաջարկութիւնը։ Եթէ աւելի խորն ուսումնասիրելու ցանկութիւն լինի, կարող եմ տրամադրել նաեւ դեռեւս 1988-ին ներկայացւած Սախարով-Ստարովոյտովայի կարգաւորման առաջարկը։
- ՄԱԿ ԱԽ բանաձեւերի իմաստն ու նպատակը լրիւ այլ են, քան ներկայացնում էր պոստ-պատերազմեան Փաշինեանը։ ՄԱԿ-ն այդ բանաձեւերով չի ամրագրել, որ Արցախեան հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում։ ՄԱԿ ԱԽ առնւազն 874 (1993) եւ 884 (1993) բանաձեւերը կարգաւորման ընդհանուր փաթեթի մի մասն են։ Դրանցով ամրագրւում էր կարգաւորման այն տարբերակը, որն առաջարկւել էր ԵԱՀԽ կողմից։ Նշեմ, որ ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի իննեակը փաթեթային կարգաւորման առաջարկ էր ներկայացրել, որը ներառում էր թէ՛ Լեռնային Ղարաբաղի ապագայ իրաւական կարգավիճակի որոշումը Մինսկի խորհրդաժողովի ժամանակ, թէ՛ պատերազմի հետեւանքների վերացումը, ներառեալ Արցախի յարակից շրջաններից Լեռնային Ղարաբաղի զինւած ուժերի, իսկ Մարտակերտի շրջանից ադրբեջանական ուժերի դուրսբերումը։ Ի դէպ նշեմ, որ ՄԱԿ ԱԽ բանաձեւ ենթադրւում էր նաեւ «Լաւրովի պլանով», որոնց տարբեր աշխատանքային տարբերակներ կողմերին ներկայացւել էր 2014-2019 թւականներին։
- Կազիմիրովի գրքից կարգաւորման առաջարկների արտատպումն ուղղակի ծաղր են։ Ով որ Արցախեան բանակցութիւններով հետաքրքրւած էր, այդ առաջարկների հետ վաղուց էր ծանօթ։ Ի դէպ, աչքեր ունեցողը կը տեսնի, որ Փաշինեանը հրապարակաւ թիւր էր ներկայացրել «ընդհանուր պետութեան» ամբողջ տրամաբանութիւնը։
- Կասկածում եմ, որ իշխանութիւնները խղճի խայթ են զգացել, կամ գիտակցել են, որ սուտն էլ չափ ու սահման պէտք է ունենայ, բայց Փաշինեանը չի հրապարակել 1999 թւականի ԵԱՀԿ Ստամբուլի հռչակագիրը եւ կրկին պնդել, թէ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները ճանաչելով Հայաստանի իշխանութիւններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Երեւի այդ հռչակագրի մասին ուղղակի մոռացել են։ Ամէն դէպքում, վնաս չի տայ, եթէ եւս մէկ անգամ էլ պնդեմ, որ Ստամբուլում Հայաստանն Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչել։
- Քի Վեսթ…. Որեւէ փաստաթուղթ հրապարակւած չէ։ Փաստաթղթի փոխարէն Փաշինեանը ներկայացրել է իր ընտանեկան թերթում տպւած ինչ որ բառակոյտ, որն, ըստ նրա, իրեն փոխանցել էին 2008 թւականին Լեւոն Տէր-Պետրոսեանի նախընտրական շտաբից։ Հետաքրքիր է, եթէ փաստաթուղթը չունեն, ինչպէ՞ս էին դրա բովանդակութեան մասին դատողութիւններ անում։ Եթէ դատողութիւններ էին անում, ուրեմն ունեն կամ կարդացել են։ Եթէ 2018-ին այդ փաստաթուղթը ԱԳՆ-ից «անհետացել էր», ինչու ամերիկացիներից, ռուսներից ու ֆրանսիացիներից (ում հետ «առանձնաշնորհեալ» յարաբերութիւններ ունենք) մի օրինակ չէին խնդրել։ Համարեայ 8 տարի է իշխանութիւն են։ Եթէ Թրամփն իր WhatsApp-ի համարը Փաշինեանին տւել էր, մի քանի էջն ի՞նչ է, որ քսերոքս չանէր ու չտար։ Պարոնայք, կամ փաստաթուղթը հրապարակէք, կամ խոստովանէք, որ ժողովրդի աչքերին Երեւանի թոզն էք այսքան ժամանակ փչել։
Յ․Գ․- Իսկ եթէ ուզում էք շատ փաստաթղթերի հետ ծանօթանալ, կարդացէք իմ հեղինակած «Արցախեան բանակցութիւններ» երկհատորեակը։
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ
ՀՅԴ ԱՆԴԱՄ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ
