Ի պատասխան լրատուամիջոցների հարցումների

Ի պատասխան լրատուամիջոցների հարցումների

Վերջերս մամուլով եւ տարբեր անձանց կողմից դիտաւորեալ շրջանառւում է անհիմն այն պնդումը, թէ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չունի կանոնադրութիւն։

Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդուել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով եւ Հայրապետական կոնդակներով։ Դեռեւս Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալութեան օրօք Հայոց Եկեղեցին ձեռնամուխ է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրութեան ստեղծմանը, որի աշխատանքները շարունակուել են Գարեգին Ա Վեհափառի եւ աւելի լայն թափով՝ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալութեան շրջանում։

2009 եւ 2014 թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարուած Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովների (ԵՆԺ) ընթացքում հաստատուել են Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ), Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագոյն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) կանոնադրութիւնները, ինչպէս նաեւ թեմական, ծխական կանոնադրութիւնների ուղենիշները։ Հաստատուած եւ պատրաստի այս կանոնադրութիւնները, բացառութեամբ ԱԵԺ-ի կանոնադրութեան, գործածելի են մեր եկեղեցում, որոնց վերջնական վաւերացումը պէտք է կատարուի նաեւ ԱԵԺ-ի կողմից։

Ուստի Հայոց Եկեղեցին «կանոնադրութիւն չունի» անհարկի պնդումը ճշմարտութեան եւ իրականութեան հետ որեւէ աղերս չունի։ Աւելին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ ստեղծուած համապատասխան յանձնախմբերը շարունակում են այս ուղղութեամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրութիւնը, որի ընդունումը կը դառնայ իսկապէս կարեւոր եւ հանգրուանային իրադարձութիւն մեր եկեղեցու կեանքում։

Միեւնոյն ժամանակ ցաւ ի սիրտ պէտք է արձանագրենք, որ կանոնադրութիւնների մշակման յանձնախմբերի աշխատանքները խաթարուած են, քանի որ նրանց ատենապետներն այժմ ապօրինաբար ազատազրկուած են։

Ինչ վերաբերում է ԱԵԺ գումարմանը, հարկ ենք համարում ընդգծել, որ Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնութիւնն է եղել եւ է՝ եօթ տարին մէկ գումարել ԱԵԺ՝ քննարկելու համար Հայոց Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներն ու մարտահրաւէրները, լուծումներ տալու առկայ հարցերին եւ նախանշելու մեր եկեղեցու գործունէութեան առաջնահերթութիւնները։ Ցաւօք, այն յետաձգուեց համաւարակի եւ արցախեան պատերազմի պատճառներով։ Հուսով ենք, որ առաջիկային Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կ’ունենայ ԱԵԺ, որը կպատասխանի եւ լուծումներ կը տայ առաջադրուած խնդիրներին ու մտահոգութիւններին։

Share