Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբէն Վարդանեանի կինը՝ Ալէն Սիմոնեանին

Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբէն Վարդանեանի կինը՝ Ալէն Սիմոնեանին

Բաքւում պահուող Ռուբէն Վարդանեանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, դիմել է Անվտանգութեան խորհրդի քարտուղար Ալէն Սիմոնեանին։

«Լրատուամիջոցների հաղորդումներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարաւոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամութիւնը եւ յոյս ունեմ, որ այն լրացուցիչ հնարաւորութիւններ կը ստեղծի հայ գերիների եւ նրանց ընտանիքների հետ կապուած հումանիտար խնդիրների լուծման համար։

Դուք նախկինում ընդգծել էք․

«Խաղաղութեան հասնելու ճանապարհին բոլոր հումանիտար հարցերի լուծումը կենսական նշանակութիւն ունի, եւ այս համատեքստում առաջնահերթ է հայ գերիների շտապ եւ անվտանգ վերադարձը»։

Կիսում եմ այս դիրքորոշումը։ Ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկութիւն ունեն նաեւ այլ կալանաւորուածների ընտանիքներ։ Խնդրում եմ դիտարկել մեր մասնակցութեան հնարաւորութիւնը, եթէ այցը կայանայ, եւ աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպմանը։

Այս կապակցութեամբ ցանկանում եմ Ձեզ ուղղել հետեւեալ հարցերը․

Այցի ընթացքում նախատեսո՞ւմ էք այցելել հայ կալանաւորուածներին։

Պատրա՞ստ էք այցից առաջ հանդիպել կալանաւորուածների ընտանիքների հետ՝ նրանց խնդրանքները լսելու եւ կալանաւորուածներին փոխանցելու համար նամակներ ընդունելու նպատակով։

Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց առողջական եւ հոգեվիճակի մասին տեղեկանալու եւ անձամբ սէր ու աջակցութիւն փոխանցելու հնարաւորութիւնն անչափ կարեւոր է։

Կալանաւորուածների համար դա հնարաւորութիւն է զգալու, որ իրենց կապը ընտանիքի հետ չի ընդհատուել, եւ որ իրենց ճակատագիրը մնում է ուշադրութեան կենտրոնում։

Յոյս ունեմ ստանալ Ձեր պատասխանը եւ քննարկել, թէ ինչպէս կարելի է այս հնարաւորութիւնն օգտագործել կոնկրետ հումանիտար քայլ իրականացնելու համար»,- նշել է նա։

Share