Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Լեւոն 14-րդ Պապի հետ։
Մայր Աթոռի հաղորդագրութեան մէջ ասուած է.
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատուիրակութեան եւ Սուրբ Աթոռի Քրիստօնեական միութեան խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխի ուղեկցութեամբ Վատիկանից մեկնեց Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատ, ուր հանդիպում ունեցաւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լեւոն 14-րդ Պապի հետ։
Եղբայրական ողջագուրումից յետոյ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հւուապետէրն ունեցան առանձնազրոյց։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր սրտագին շնորհաւորանքները բերեց Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալին ընտրութեան, ինչպէս նաեւ ծննդեան 70-ամեայ նշանակալի յոբելեանի առիթով՝ հայցելով, որ Երկնաւոր Տերը ուժ եւ կարողութիւն շնորհի նրան եւ առատ պտուղներով արդիւնաւորի Նորին Սրբութեան հւուապետութիւնը Աստծոյ փառքի եւ մարդկութեան խաղաղ ու բարօր կեանքի համար:
Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձաւ, որ երկու Եկեղեցիների միջեւ եղբայրական կապերն ամրապնդուել են շնորյառատ հանդիպումների եւ հաւատքի համատեղ վկայութիւնների միջոցով՝ յիշելով երջանկայիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելութիւնը Հայաստան 2001 թուականին, ապա 2016 թուականին երջանկայիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հիւրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնեայ երկիր» խորագրով ուխտագնացութեան կապակցութեամբ: Հայոց Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխյարաբերութիւնների յիշարժան հանգրուաններից Նորին Սրբութիւնը նկատեց 2015 թուականին Հայոց ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցի կապակցութեամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցուած սրբազան Պատարագը եւ Հայոց Եկեղեցու մեծագոյն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպէս Տիեզերական Եկեղեցու վարդապետ։




Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահութիւն յայտնեց, որ երկու Եկեղեցիների յարաբերութիւնները կը շարունակէն զարգանալ նոյն եղբայրական ոգով ու ջերմութեամբ՝ արդիւնաւորուելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։
Զրոյցի ընթացքում երկու Հովուապետէրն անդրադարձան աշխարհում տեղ գտնող արհաւիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին ու դիմագրաւուող փորձութիւններին։ Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրութեանը յանձնուեցին նաեւ իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից, տեղահանուած արցախահայութեան հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջեւ կանգնած հայ հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան պահպանութեան, ռազմագերիների եւ պատանդառուածների ազատ արձակման հրամայականը։
Հովուապետէրը կարեւորեցին Եկեղեցիների առաքելութիւնը աշխարհում արդարութեան ու խաղաղութեան հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցութեան ապահովման գործում՝ հաւատարիմ տէրունաւանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտէրում հաւատը, յոյսը եւ սէրը։ Ընդգծուեց անհրաժեշտութիւնը միաւորելու Եկեղեցիների ջանքերը հանուն Աւէտարանի լոյսի տարածման, մարդկանց իրաւունքների պաշտպանութեան եւ բարօր ու ապահով աշխարհի կերտման։
Վերջում Նորին Սրբութիւնը Լեւոն 14-րդ Պապին հրաւէր ուղղեց այցելելու Հայաստան։
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատուիրակութեան անդամները ստացան Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնութիւնը։ Տեղի ունեցաւ նուէրների փոխանակում։
Վատիկան այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղաւ նաեւ Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում, ուր երջանկայիշատակ Ֆրանցիսկոս Պապի շիրիմի առջեւ աղօթք բարձրացրեց առ Աստուած վախճանեալ Քահանայապետի հոգու հանգստութեան համար։
