Առեւանգուած ժողովրդավարութիւն. Հայաստանի կեղծուած խորհրդարանական ընտրութիւնները

Առեւանգուած ժողովրդավարութիւն. Հայաստանի կեղծուած խորհրդարանական ընտրութիւնները

Յարութ Սասունեան
www.TheCaliforniaCourier.com

Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները կայացան Յունիսի 7-ին՝ լայնածաւալ, համակարգային եւ փաստաթուղթերով հաստատուած կեղծիքների պայմաններում։

Այս ընտրութիւնների նպատակը պարզապես ժողովրդի ներկայացուցիչներին կամ երկրի ապագայ կողմնորոշումը որոշելը չէր։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը լիովին գիտակցում էր, որ դրանց արդիւնքից է կախուած՝ կը շարունակե՞ր ինքը եւս հինգ տարի միանձնեայ ղեկավարել երկիրը, թէ՞ կ՚ենթարկուէր քրէական պատասխանատուութեան՝ Սահմանադրութիւնն ու հարիւրաւոր օրէնքներ խախտելու համար։

Գիտակցելով, որ սա պայքար է սեփական գոյատեւման համար՝ Փաշինեանը օգտագործեց իր տրամադրութեան տակ եղած բոլոր օրէնական եւ անօրէնական միջոցները՝ վերընտրուելու եւ բանտարկութիւնից խուսափելու համար։

Ընտրակեղծիքներն սկսուել էին դեռեւս քուէարկութեան օրուանից շատ առաջ։ Ընտրութիւններին նախորդող ամիսներին կիրառուած մի շարք դրակոնեան միջոցառումների շրջանակներում Փաշինեանը հրամայեց ձերբակալել ընդդիմութեան հարիւրաւոր կողմնակիցների՝ նրանց մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մէջ։ Այդուհանդերձ, ձերբակալուածներից ոչ մէկը մինչ այժմ չի դատուել կամ մեղաւոր չի ճանաչուել։ Աւելին, առանց որեւէ իրաւական հիմքի, նա հրամայեց ձերբակալել ընդդիմութեան մի քանի պատգամաւորութեան թեկնածուների՝ նպատակ ունենալով տապալել նրանց նախընտրական քարոզարշաւը եւ վախեցնել նրանց կողմնակիցներին։ Փաշինեանը նաեւ խախտեց օրէնսդրական պահանջը, ըստ որի՝ խորհրդարանի պատգամաւորութեան թեկնածուին ձերբակալելու համար անհրաժեշտ էր նախապէս ստանալ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի համաձայնութիւնը։ Բացի այդ, նա արգելեց ընդդիմադիր առաջնորդներ Գագիկ Ծառուկեանին, Ռոբերտ Քոչարեանին եւ Նարէկ Կարապետեանին կարճատեւ ուղեւորութիւններով լքել երկիրը՝ կրկին առանց Կենտրոնական ընտրական յանձնաժողովի պահանջուող համաձայնութեան։

Փաշինեանը հրամայեց ձերբակալել յայտնի գործարար եւ բարերար Սամուէլ Կարապետեանին հենց այն օրը, երբ վերջինս յայտնեց իր աջակցութիւնը Հայ առաքելական եկեղեցուն։ Ամիսներ շարունակ նախնական կալանքի վայրում՝ ծանր պայմաններում գտնուելուց յետոյ, Կարապետեանը տեղափոխուեց տնային կալանքի։ Այս քայլով Փաշինեանը փաստացի զրկեց քաղաքական խոշոր ընդդիմախօսին ընտրութիւններից առաջ իր կուսակցութեան օգտին քարոզարշաւ իրականացնելու հնարաւորութիւնից։

Ընտրութիւններին նախորդող շաբաթների ընթացքում Փաշինեանը շրջեց ողջ երկրով՝ իր քաղաքական քարոզարշաւի համար անօրինաբար օգտագործելով պետական հսկայական ռեսուրսները։ Նրան ուղեկցում էին կառավարութեան նախարարներ եւ խորհրդարանի ղեկավարներ, որոնք չարաշահում էին իրենց պաշտօնական դիրքերը՝ առանց արձակուրդ գնալու։

Հակառակ ընտրական օրէնսդրութեանը՝ կառավարութիւնը հարիւրաւոր դպրոցականների եւ ուսուցիչների ստիպեց դասաժամերին մասնակցել Փաշինեանի քարոզարշաւի հանրահաւաքներին՝ զանգուածային հանրային աջակցության պատրանք ստեղծելու նպատակով։ Նման պարտադիր ներկայութեան ենթարկուեցին նաեւ պետական աշխատողները։

Ընտրողների ցուցակների վերաբերեալ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը յայտարարել էր 2.5 միլիոն գրանցուած ընտրողների մասին՝ առաւելագոյնը երեք միլիոն բնակչութիւն ունեցող երկրում։ Այս ցուցակներում ներառուած էին մեծ թուով 18 տարեկանից փոքր երեխաներ եւ հարիւր հազարաւոր հայեր, որոնք տարիներ առաջ արտագաղթել էին, սակայն նրանց անունները շարունակում էին մնալ ընտրողների ցուցակներում։ Այս անհամապատասխանութիւնը լայն հնարաւորութիւն էր ստեղծում ընտրակեղծիքների համար, քանի որ կառավարութիւնը կարող էր քուէարկել բացակայ քաղաքացիների փոխարէն։ Արդարեւ, մի շարք ընտրողներ, ժամանելով ընտրատեղամասեր, պարզել էին, որ իրենց փոխարէն ինչ-որ մէկն արդէն քուէարկել է։

Լրացուցիչ ընտրակեղծիքներ տեղի ունեցան, երբ իշխանութիւնները մեծ թուով զինուորների բերեցին ընտրատեղամասեր եւ հրահանգեցին նրանց քուէարկել վարչապետի կուսակցութեան օգտին։ Այս զինուորները բազմակի քուէարկութիւն իրականացրին՝ տեղաշարժուելով մի քանի ընտրատեղամասերով՝ մարտավարութիւն, որը յայտնի է որպէս «կարուսելային քուէարկութիւն»։

Իշխանութիւնները խոչընդոտներ ստեղծեցին նաեւ Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք արտերկրից յատուկ եկել էին քուէարկութեանը մասնակցելու նպատակով։ Ժամանելուն պէս նրանցից շատերին անմիջապէս ուղարկեցին 25-օրեայ զինուորական հաւաքների՝ այդպիսով զրկելով նրանց ընտրական իրաւունքից։

Զարմանալիօրէն Յունիսի 7-ին դեռեւս քուէարկութեան արդիւնքների փոքր մասը հաշուելուց յետոյ Փաշինեանը շտապեց յայտարարել, թէ իր կուսակցութիւնը ստացել է մեծամասնութիւն՝ այդպիսով ճնշում գործադրելով Կենտրոնական ընտրական յանձնաժողովի վրայ՝ իրեն յաղթող հռչակելու համար։

Յունիսի 8-ի նախնական հաշուարկից յետոյ լուրջ անհամապատասխանութիւններ ի յայտ եկան ընտրատեղամասերում արձանագրուած ձայների եւ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի հրապարակած ընդհանուր թուերի միջեւ։ Ընդդիմադիր կուսակցութիւնների օգտին տրուած հարիւրաւոր, եթէ ոչ հազարաւոր ձայներ պակաս էին հաշուարկուել։ Բոլոր երեք խոշոր ընդդիմադիր կուսակցութիւնները մերժեցին արդիւնքները՝ դրանք որակելով կեղծուած, եւ պահանջեցին նոր ընտրութիւններ ու դիմեցին Սահմանադրական դատարան։ Սակայն նոր ընտրութիւնները, ամենայն հաւանականութեամբ, կը բերէին նոյն արդիւնքը՝ կիրառուած նոյն կեղծ մեթոտների պատճառով։ Աւելին, Սահմանադրական դատարանի բոլոր անդամները նշանակուել են Փաշինեանի խորհրդարանական գործընկերների կողմից, ինչն արդիւնքների չեղարկումը գրեթէ անհնարին է դարձնում։

Յունիսի 14-ին՝ ընտրութիւններից ուղիղ մէկ շաբաթ անց, Կենտրոնական ընտրական յանձնաժողովը հրապարակեց վերջնական արդիւնքները։ Չնայած «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ներկայացրած փաստաթուղթերին, որոնք ցոյց էին տալիս բազմաթիւ չհաշուարկուած ձայներ, Յանձնաժողովը պնդեց, որ կուսակցութեանը մի քանի ձայն է պակասել 4%-ի շեմը յաղթահարելու համար։ Արդիւնքում յայտարարուեց, որ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը ստացել է ձայների 49.75%-ը՝ ապահովելով 64 խորհրդարանական մանդատ, «Հզօր Հայաստան» կուսակցութիւնը՝ 23.27%՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան դաշինքը»՝ 9.9%՝ 12 մանդատ։ Փաշինեանի կուսակցութիւնը ապահովեց խորհրդարանի մանդատների մօտ 60%-ը, չնայած ստացուած հանրային ձայների միայն 49%-ին, քանի որ մնացած 15 կուսակցութիւնները չյաղթահարեցին 4%-ի շեմը, եւ նրանց ձայները վերաբաշխուեցին՝ հիմնականում ի նպաստ Փաշինեանի կուսակցութեան։

Այնուամենայնիւ, Փաշինեանի կուսակցութեանը չյաջողուեց ապահովել անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնութիւնը՝ նախագահ Իլհամ Ալիեւի պահանջած նոր Սահմանադրութիւնն ընդունելու համար։ Հետեւաբար, Ադրբեջանը կը հրաժարուի ստորագրել Փաշինեանի կողմից լայնօրէն գովաբանուած Խաղաղութեան պայմանագիրը։ Այս արդիւնքը Փաշինեանին դնում է խիստ անհարմար դրութեան մէջ, քանի որ նա քարոզարշաւ էր վարում խաղաղութեան խոստման հիման վրայ՝ միաժամանակ ընդդիմութեանը մեղադրելով «պատերազմի կուսակցութիւններ» լինելու մէջ։

Անցած շաբաթուայ ընթացքում Հայաստանում ծաւալուել են լայնածաւալ քննարկումներ այն մասին, թէ արդեօք ընդդիմադիր կուսակցութիւնները պէտք է վերցնեն իրենց մանդատները կեղծուած խորհրդարանում, թէ՞ հրաժարուեն դրանցից եւ բոյկոտեն։ Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առաւելութիւններն ու թերութիւնները։ Առաջիկայում նրանք կը յայտարարեն իրենց որոշման մասին։

Անկախ նրանից, թէ ընդդիմադիր կուսակցութիւնները կորոշեն վերցնել մանդատները, թէ ոչ, նրանք պէտք է ձեռնարկեն հետեւեալ երկու կարեւոր քայլերը․

  1. Միաւորել բոլոր ընդդիմադիր ուժերին եւ համատեղ կոչ անել հարիւր հազարաւոր հայերի՝ ողողել Երեւանի եւ այլ քաղաքների փողոցները՝ մասնակցելու անընդմէջ բողոքի ցոյցերի մինչեւ Փաշինեանի հրաժարականը։
  2. Ձեւաւորել «ստուերային կաբինետ»՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին նշանակելով ոչ պաշտօնական նախարարական պաշտօններում։ Այս կառոյցը կը ղեկաւարի Փաշինեանին պաշտօնանկ անելու գործընթացը եւ կը նախապատրաստի իշխանութեան սահուն փոխանցումը նրա հեռացումից յետոյ։

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

Share