«Golden Gate International Film Festival»-ի յատուկ մրցանակ` Նայիրի Բանդարեանի «Eyes on Artsakh» վաւերագրական ֆիլմին

«Golden Gate International Film Festival»-ի յատուկ մրցանակ` Նայիրի Բանդարեանի «Eyes on Artsakh» վաւերագրական ֆիլմին

Ամերիկաբնակ իրանահայ Նայիրի Բանդարեանի «Eyes on Artsakh» վաւերագրական ֆիլմն արժանացել է «Golden Gate International Film Festival»-ի յատուկ մրցանակի: Վաւերագրող լուսանկարիչ Նայիրի Բանդարեանի ֆիլմը պատմում է Արցախեան 44-օրեային յաջորդած արցախցիների կեանքի մասին, երբ ռեժիսորն ընկերակցելով օգնութեան համար Արցախ մեկնած երիտասարդների խմբին նկարահանումներ է արել պատերազմին յաջորդած արցախցիների կեանքից:

Նայիրիի ասութեամբ, նա մեկնել էր լուսանկարելու այն ցաւի մասին, ինչը դեռ թարմ էր ու վառօդի հոտ ունէր: Բայց մտափոխւելով սկսել է նկարահանումներ անել եւ ֆութէյջներ հաւաքել, որի համար բոլոր դժւարութիւնների կողքին իր թաց աչքերն էին, որոնք յաճախ նկարահանումների պահին նախընտրում էին թեթեւացնել ներքուստ զգացւած ցաւը:

Նայիրին «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ շուրջ երկու տարի այդ ֆութէյջները պահւել են իր համակարգչում, մինչեւ փառատօնին մասնակցելու որոշում է կայացրել, եւ անցել նկարահանումների խմբագրման գործին: Արդիւնքում պատրաստւել է 17 րոպէ տեւողութեամբ «Eyes on Artsakh»-ը: Նա նշեց նաեւ, որ ֆիլմը մրցոյթ-փառատօնին ներկայացւած հարիւրաւոր այլ ֆիլմերի ցանկից յայտնւել է մրցանակային անւանակարգերի լաւագոյն 76-ի ցուցակում:Աւելի ուշ Նայիրիին տեղեկացրել են, որ «Հայեացք Արցախին» ֆիլմը երկու «լաւագոյն ուսանողական աշխատանք»-ի եւ «Վաւերագրական ֆիլմի դերակատարուհու» անւանակարգում տեղ է գտել մրցանակին յաւակնորդների ցանկում:

«Երկու անւանակարգերի դէպքում էլ մրցանակը հասաւ այլ ֆիլմերի, սակայն ժուրիների որոշմամբ, «Հայեացք Արցախին» ֆիլմը երկու այլ ֆիլմերի հետ միասին յայտարարւեց, որպէս փառատօնի յատուկ մրցանակակիր ֆիլմ»,- յաւելեց Նայիրի Բանդարեանը:

Իրանում ծնւած ու մեծացած Նայիրի Բանդարեանը Հայաստանի Ֆրանսիական համալսարանն աւարտելուց յետոյ տեղափոխւել է Լոս Անջելէս՝ զբաղւելով վիզուալ արւեստով եւ լուսանկարչութեամբ։ Նա այժմ CSUN-ում (Կալիֆորնիայի համալսարան-Նորթրիջ) վաւերագրական հրապարակումների արտադրութեան ուղղութեամբ շարունակում է ուսումը: Միաժամանակ աշխատում է վաւերագրական նախագծերի վրայ իր ժամանակն ու կեանքը բաժանելով Լոս Անջելէսի եւ Արցախ-Հայաստանի միջեւ:

«ԱԼԻՔ»

Share