Չփորձե՛ք սպառնալիքի լեզուով խօսել․ փաստաբանը՝ ԱԺ փոխնախագահին
Ռուբէ՛ն Ռուբինեան, խորհուրդ եմ տալիս հետեւել սեփական խորհրդին եւ չփորձել սպառնալիքի լեզուով խօսել Տեր Օշինի հետ․ դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանին՝ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արմինէ Ֆանեանը։
«Նախ, նրան ճանաչողները գիտէն, որ նա վախեցողներից չէ: Բացի այդ, դա Տեր Օշինի գնահատականն է առ ձեզ (եթէ իհարկէ նա նման բան ասել է), ինչը լիովին տեղաւորւում է խօսքի ազատութեան սահմանադրական իրաւունքի շրջանակներում:
Եթէ առարկութիւններ ունեք, փաստարկուած ներկայացրեք, տեսնենք ո՞ր արածի համար պէտք է հակառակ կարծիք ունենան մարդիկ ձեր մասին»:
Յիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը Facebook-ի իր էջում գրել էր, թէ օրերս Սաղմոսաւանքի հոգեւոր հովիւ Տեր Օշինն իրեն ծանօթ երիտասարդ զոյգի, որը պատրաստւում է պսակադրուել, ասել է. «Կարեւորը քաւորը նորմալ տղայ լինի, թասիբով տղայ լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:
ԱԺ փոխխօսնակն այսօր՝ փետրուարի 23-ին, գնացել էր Սաղմոսաւանք՝ հոգեւորականից ճշտելու՝ նման բան ասե՞լ է, թե՞ ոչ։
Տեր Օշինն էլ չէր հերքել, որ պսակադրուել պատրաստուող երիտասարդիներին ասել է նման բան։
Սաղմոսաւանք շատ մարդիկ են գալիս, ինքն էլ իրենցից մէկն էր՝ եկաւ, գնաց․ ABC Media-ի հետ զրոյցում այսպէս է մեկնաբանել Սաղմոսաւանքի հոգեւոր հովիւ Տեր Օշինը՝ ԱԺ փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանի այցը։ Հարցին, թէ ի՞նչ էր ուզում Ռուբինեանը՝ Տեր Օշինը պատասխանեց․
«Ինձնից ոչ ոք, ոչինչ չի կարող ուզել։ Ամէն ինչ նորմալ է, իմ մօտ ամէն բան լաւ է։ Չեմ մեկնաբանում Ռուբինեանի գրառումը, հիմա ամէն ինչ կարող են հոգեւորականի փոխարէն գրել ու հրապարակել՝ լրիւ սուտ»,- ասել է հոգեւորականը։
Յիշեցնենք, որ Ռուբէն Ռուբինեանն այսօր գրել էր, թէ իրեն ծանօթ երիտասարդ զոյգը պատմել է՝ Սաղմոսաւանքի քահանայ Տեր Օշինը հարցրել է՝ քաւորը նորմա՞լ, թասիբո՞վ տղայ է, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չի՞։
Միջադէպին անդրադարձել է նաեւ Արագածոտնի թեմի քահանաներից տէր Վրթանես Բաղալեանը։
«Մենք՝ բոլորս էլ ասում ենք, որ քաւորը պիտի Հայ եկեղեցու անդամ լինի, Աստուածասէր լինի, հայրենատէր լինի, հաւատաւոր անձ լինի։ Տեր Հայրն այս ամէնին աւելացրել է՝ պէտք է հայրենավաճառ, դաւաճան, ուրացող չլինի։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Այ, որ Ռուբինեանն այս ամենն իրենց վրայ է վերցրել՝ ցաւում եմ իր համար։ Տեր հայրը չի անձնաւորել, որեւէ մէկի մասին վիրաւորական բան չի ասել, ընդամէն խօսել է եկեղեցասէր ու հայրենասէր քաւոր ունենալու մասին։ ՔՊ-ականներից չգիտեմ՝ ով է պսակուող եղել, Ռուբինեանին ինչ է հասցրել։ Ռուբինեանը, եթէ փաստէր ունի, ձայնագրութիւն ունի, որտեղ Տեր հայրը որեւէ մէկին վիրաւորում է՝ թող հրապարակի։ Տեր հոր ասածը կնենգափոխէն, համացանցում նրա հասցէին ինչ ասես կասէն իրենց ֆեյքերով ու քպ-ականներով»,- ասել է Բիւրականի հոգեւոր հովիւ Տեր Վրթանես քահանայ Բաղալեանը։
