Վատ լուր Նիկոլ Փաշինեանի համար

Վատ լուր Նիկոլ Փաշինեանի համար

Յակոբ Քոչարեան

Նիկոլ Փաշինեանն իր կառավարութեան ձախողումների մասին սովորաբար չի խօսում։ Բայց որտեղ մի չնչին առաջընթաց է տեսնում՝ շտապում է ներկայացնել որպէս աննախադէպ ու պատմական ձեռքբերում։

Օրերս «հաճոյքով արձանագրեց», որ 2025թ. առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիւն 8.600-ով աւելի շատ է եղել, քան Հայաստանից մեկնածներինը։

«Սա, ըստ էութեան, նշանակում է, որ 2025 թուականի արդիւնքներով՝ արտագաղթը փոխարինուել է ներգաղթի»,- շտապեց եզրակացնել Նիկոլ Փաշինեանը։

Նախ՝ առաջին տարին չէ, որ Հայաստան վերադարձողներն աւելի շատ են եղել, քան մեկնողները։ Նախկինում նման տարիներ էլի են եղել։ Խոսքն ամենեւին էլ քովիդի շրջանի մասին չէ։ Նիկոլ Փաշինեանից ու ՔՊ-ից շատ աւելի առաջ էլ եղել են տարիներ, երբ ներգաղթ է արձանագրուել։ Բայց խնդիրը դա չէ. Անցած տարուայ արդիւնքներով, Հայաստան վերադարձածներն 8.600-ով շատ են եղել, քան մեկնածները, Նիկոլ Փաշինեանը փորձում է դրանից աննախադէպ յաջողութիւն կերտել։ Իսկ որ տարիներ շարունակ «մեծ արտագաղթ» է թողել իր հետեւից, դրա մասին չի խօսում։

Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան 8 տարիներին Հայաստանից տասնեակ-հազարաւոր քաղաքացիներ են գնացել ու չէն վերադարձել։ Արտագաղթ է տեղի ունեցել՝ խոստացած «Մեծ հայրենադարձութեան» փոխարէն։

Ներկայացնենք՝ ըստ տարիների.

Պաշտօնական վիճակագրութեան տուեալներով, 2018թ. Հայաստանից գնացած քաղաքացիները 4 585-ով գերազանցել են վերադարձածներին։

2019թ., երբ Նիկոլ Փաշինեանը մեծ խոստումներով նոր էր եկել իշխանութեան ու դեռ շատ չէր բացայայտել այն կործանարար քաղաքականութիւնը, որը պատրաստւում էր իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանից գնացողների ու չուերադարձողների թիւը նոյնիսկ աւելի շատ էր։ Այդ տարի ելքերը 6529-ով գերազանցեցին մուտքերին։

2020թ. մուտքերն աւելի շատ էին, բայց պայմանաւորուած քովիդով, երբ համատարած սահմանափակումների պատճառով ոչ միայն քաղաքացիները դուրս չէին կարողանում գնալ, այլեւ դրսում գտնուողներն էին ստիպուած վերադառնալ։

Իսկ այն, ինչ կատարուեց 2021թ., վեր էր բոլոր սպասելիքներից։ Այդ տարի մասսայական արտագաղթ արձանագրուեց։ 2021թ. Հայաստանից հեռացած քաղաքացիների թիւը 73.571-ով գերազանցեց վերադարձողներին։

Արտագաղթի միտումը շարունակուեց նաեւ յաջորդ տարիներին, երբ Նիկոլ Փաշինեանն ու ՔՊ-ն «ապագայ կայ» էին խոստանում Հայաստանի քաղաքացիներին։ 2022թ. Հայաստանի քաղաքացիների ելքերը 27.941-ով գերազանցեցին մուտքերին։ 2023թ. տարբերութիւնը նոյնիսկ աւելի շատ էր՝ գնացողներն 36.512-ով շատ էին վերադարձողներից։ 2024թ. էլ բացասական տարբերութիւնը կազմեց գրեթէ 15.000։

Այս տարիներին ընդհանուր առմամբ Հայաստանից գնացել ու չի վերադարձել 164 հազարից աւելի քաղաքացի։

Այդքանից յետոյ, այն, որ անցած տարի վերադարձողները մի քանի հազարով աւելի են եղել մեկնողներից, փորձ է արւում ներկայացնել՝ որպէս մեծագոյն ձեռքբերում։ Իհարկէ, լաւ է, որ քաղաքացիների տեղաշարժի դինամիկան անցած տարի դրական է եղել, բայց թէ ինչքանո՞վ այդ միտումն առաջիկայում կը պահպանուի, ժամանակը ցոյց կը տայ։ Մեկ տարուայ դրական փոփոխութիւնը տեսնել ու չտեսնել դրան նախորդած շրջանի «կորուստները»՝ աչքակապութեամբ զբաղուել է։

Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան տարիներին Հայաստանից անգամներով աւելի շատ քաղաքացիներ են հեռացել, քան վերադարձել, ու դա պաշտօնական վիճակագրութեամբ հաստատուած փաստ է։ Հեռացել են, որովհետեւ այստեղ ապագայ չէն տեսել, ապրելու հնարաւորութիւն չէն ունեցել, իրենց ու իրենց երեխաների ապագան չէն կապել Նիկոլ Փաշինեանի հետ, ով «Մեծ հայրենադարձութիւն» էր խոստանում հայ ժողովրդին, բայց տասնեակ-հազարաւոր քաղաքացիների արտագաղթի պատճառ դարձաւ։

Անցած տարի քաղաքացիների տեղաշարժի դրական հաշուեկշիռ է արձանագրուել, բայց դա դեռ չի նշանակում, թէ մարդիկ սկսել են իրենց ու իրենց երեխաների ապագան կապել Հայաստանի ու Հայաստանի այսօրուայ կառավարիչների հետ։ Ընտրութիւններից առաջ Նիկոլ Փաշինեանը փորձում է սրանով միֆեր ստեղծել իր բերած «խաղաղութեան» վերաբերեալ։ Իբր «խաղաղութիւնն» արդէն եկել է, Հայաստանում անվտանգ է, մարդիկ գոհ ու երջանիկ ապրում են, գնացածները վերադառնում են, իրենց ապագան վերստին Հայաստանի հետ են կապում։ Բայց թէ իրականում ինչքանով է այդպէս, տեսնում ենք մէկ այլ, շատ աւելի կարեւոր, երկրի ժողովրդագրական վիճակը բնութագրող ցուցանիշում։ Խոսքը ծնուած երեխաների քանակի մասին է։

Անցած տարի Հայաստանում աւելի քիչ երեխայ է ծնուել, քան մէկ տարի առաջ։

Պաշտօնական տուեալներով՝ 2024թ. ծնուել էր՝ 33.593, 2025թ.՝ 32.042 երեխայ։

Անցած տարի ծնուած երեխաները 1551-ով կամ 4.6 տոկոսով աւելի քիչ են եղել, քան մէկ տարի առաջ, երբ ՔՊ-ի բերած «խաղաղութիւնը» դեռ չէր եկել։

Նախորդ տարիների մասին նոյնիսկ չենք ասում, երբ չեղած «խաղաղութեան» պայմաններում Հայաստանում անհամեմատ աւելի շատ երեխաներ էին ծնւում։

Օրինակ՝ 2017թ., երբ Նիկոլ Փաշինեանի «անվտանգ ու ապահով» Հայաստանը չկար, նախկին իշխանութիւններն էլ չէին մտածում Արցախը յանձնելու գնով «խաղաղութիւն» բերելու մասին, Հայաստանում 37.700 երեխայ էր ծնուել։ Անցած տարի ծնուել է ընդամէնը 32.042 երեխայ։

Նիկոլ Փաշինեանի Հայաստանում անցած տարի 5658-ով աւելի քիչ երեխայ է ծնուել, քան 8 տարի առաջ։

Դեռ չենք հաշւում, որ Արցախում նախկինում ծնուող երեխաները՝ Նիկոլ Փաշինեանի արցախակործան քաղաքականութեան պատճառով, արդէն 3 տարի է, ինչ Հայաստանում են ծնւում։ Ու դրանով հանդերձ, Հայաստանում ծնուող երեխաների թիւն անհամեմատ աւելի քիչ է, քան տարիներ առաջ, երբ երեխաներ էին ծնւում ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում։

Այսպիսի ապագայ է բերել Նիկոլ Փաշինեանը։ Ու հիմա հպարտանում է, որ 8 տարուայ մէջ, անցած տարի «առաջին անգամ» Հայաստանից աւելի քիչ մարդ է հեռացել, քան վերադարձել։ Երբ նոյն Հայաստանում մէկ տարում աւելի քան 1500-ով պակաս երեխայ է ծնուել, որովհետեւ մարդիկ չէն հաւատում Նիկոլ Փաշինեանի բերած «խաղաղութեանն» ու պատրաստ չէն իրենց ապագայ երեխաների ապագան տեսնել այսպիսի Հայաստանում:

168.am

Share