Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ողջունում է Երուսաղեմի հայկական թաղամասի յարձակումների կոնգրէսական քննութիւնը

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ողջունում է Երուսաղեմի հայկական թաղամասի յարձակումների կոնգրէսական քննութիւնը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Խոակին Կաստրոն անցած շաբաթ հիւրընկալել է կոնգրէսական քննարկում՝ ուշադրութիւն հրաւիրելով Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ յարձակումներին։ Մեկնաբանելով կոնգրէսական քննարկումը՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի կենտրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը յայտարարել է․ «Մենք ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել ներկայացուցիչ Կաստրոյին՝ Երուսաղեմի հայկական թաղամասի դէմ բռնի յարձակումների աճի շուրջ Կոնգրեսի այնքան անհրաժեշտ ուշադրութիւնը սեւեռելու կապակցութեամբ։ Այն քրիստոնեական աշխարհի կենտրոնական սիւն է, իսկական գանձ բոլոր դաւանանքների համար» Յուսադրող էր տեսնել օրէնսդիրների նման լայն շրջանակ, որոնք ներկայացուած էին այս կոնգրէսական քննարկմանը, որը վերաբերում էր խնդրի իրաւական, քաղաքական եւ հոգեւոր ասպեկտներին»։

Յունուարի 5-ին հրապարակուել է իրաւական վէճերում հայկական համայնքը ներկայացնող իսրայէլցի յայտնի փաստաբան եւ Երուսաղեմի հարցերով փորձագէտ Դանիել Սայդէմանի, Երուսաղեմի հայկական թաղամասի իրաւունքները պաշտպանող Save The ArQ շարժման առաջնորդ Յակոբ Ջերնազեանի եւ ԱՄՆ-ում բնակուող նշանաւոր փաստաբան Գառնիկ Քերքոնեանի զեկոյցը։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում իսրայէլցի կառուցապատողները ձգտել են հայկական թաղամասից հողեր գրաւել մասնաւոր առեւտրային անշարժ գոյքի կառուցապատման համար: Դեկտեմբերի 28-ին դիմակաւորուած մարդկանց զայրացած ամբոխը, ըստ երեւոյթին, մոբիլիզացուած եւ ուղղորդուած կառուցապատողների կողմից, դաժանօրէն յարձակուել է տասնեակ հայերի, այդ թւում՝ հոգեւորականների վրայ։

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը կրօնական ազատութեան հարցերով ԱՄՆ դեսպան Ռաշադ Հուսեյնին կոչ է անում յստակ եւ միանշանակ դատապարտել Երուսաղեմի պատմականօրէն ձեւաւորուած հայ քրիստոնեայ բնակչութեանն ահաբեկելու շարունակական փորձերը։ Հայկական թաղամասը Երուսաղեմի հին քաղաքի անբաժանելի մասն է։ Քաղաքում հայկական ներկայութիւնը թուագրւում է մ.թ. 4-րդ դարից, երբ Հայաստանը քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունած առաջին պետութիւնը դառնալուց յետոյ հայ վանականները հաստատուեցին Երուսաղեմում։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
11․01․2023թ․

Share