Այսօր Շառլ Ազնաւուրի ծնունդն է                       նա կը դառնար 98 տարեկան

Այսօր Շառլ Ազնաւուրի ծնունդն է նա կը դառնար 98 տարեկան

Մայիս 22-ը Ֆրանսահայ նշանաւոր մայեստրօ, երգիչ, երգահան, գրող, բանաստեղծ, կինոդերասան եւ հասարակական գործիչ, երջանկայիշատակ Շառլ Ազնաւուրի (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնաւուրեան) ծննդեան օրն է. նա կը դառնար 98 տարեկան: 

Շառլ Ազնաւուրը ծնւել է 1924 թւականի մայիսի 22-ին Փարիզի Սէն Ժերմէն դէ Պրէ թաղամասում, հայ գաղթականներ Միշա եւ Քնար Ազնաւուրեանների ընտանիքում: 

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թւականից) Շառլ Ազնաւուրը տարբեր լեզուներով՝ ֆրանսերէն, անգլերէն, իտալերէն, իսպաներէն, գերմաներէն, հայերէն, նեապոլիտաներէն ձայնագրել է մօտ 1200 երգ: 

Դերասանական ունակութիւններն Ազնաւուրը ժառանգել էր մօրից՝ նախկին դերասանուհուց։ 5 տարեկանում արդէն հանդիսատեսի առաջ հանդէս էր գալիս ջութակով, իսկ 9 տարեկանում ռուսական պարերով էր հանդէս գալիս։ Միեւնոյն ժամանակ, նա սկսել է երգել տեղի եկեղեցու երգչախմբում։ 

Նա հեղինակել եւ համահեղինակել է աւելի քան 1000 ստեղծագործութիւն եւ իր եւ այլ երաժիշտների համար։ 

Նա ֆրանսալեզու ամենայայտնի երգիչներից մէկն է, որը ըստ Ստեֆան Օլդէնի «ֆրանսիական փոփ երաժշտութեան արքան» է։ 

Չմոռանալով ֆրանսիական մշակոյթը նա 1995 թւականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիւ միջազագային դիւանագիտական ատեաններում։ 

1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի օրերին անմիջապէս Հայաստան եկաւ, ստեղծեց «Ազնաւուրը Հայաստանի համար» հիմնադրամն ու այդ ժամանակւայ աշխարհահռչակ երաժիշտների հետ ձայնագրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի վաճառքից ստացւած ողջ հասոյթը եւս փոխանցւեց երկրաշարժից տուժած հազարաւոր ընտանիքների: 

2008 թւականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիութիւն եւ 2009 թւականի մայիսից Շւէյցարիայում Հայաստանի դեսպանն էր եւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենեակում եւ այլ միջազգային կազմակերպութիւններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 

2010 թւականին նա ստանում է «Victoires de la Musique» մրցոյթի գլխաւոր մրցանակը։ 2011 թւականից սկսւեց Ազնաւուրի նոր համաշխարհային շրջագայութիւնը՝ «Aznavour en Toute Intimité» խորագրով։ Նոյն թւականին թողարկւած նոր՝ «Aznavour toujours» ալբոմը Ֆրանսիայի եւ Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2017 թւականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացւել է Շառլ Ազնաւուրի պատւոյ աստղը: 

Շառլ Ազնաւուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնեօթամեայ Միշէլին Ռիւգէլի հետ (1946 թւականի մարտի 16), երկրորդ անգամ Էւէլին Պլեսիսի հետ (1955 թւականի հոկտեմբերի 28) եւ երրորդ անգամ շւեդուհի Ուլլա Տորսէլի հետ (1967 թւականի յունւարի 11)։ Այս ամուսնութիւնների արդիւնքում ունեցել է 5 երեխայ՝ Սեդան, Պատրիկը, Կատեան, Միշան եւ Նիկոլան։ 

Շանսոնիէն իր գործունէութեան ընթացքում արժանացել է մի շարք պարգեւների: 

Շառլ Ազնաւուրը մահացել է 2018 թւականի հոկտեմբերի 1-ին իր Մուրիէսում (Բուշ դիւ Ռոն) գտնւող տանը։ Դիահերձումից յետոյ պարզ դարձաւ, որ մահւան պատճառը թոքերի այտուցն է։

Share