Նշուեց Սոնա Զեյթլեանի գործունէութեան 70 ամեակը Գլենդելում

Նշուեց Սոնա Զեյթլեանի գործունէութեան 70 ամեակը Գլենդելում

Գլենդելում ՀՕՄ-ի եւ «Համազգայինի» նախաձեռնութեամբ ապրիլի 7-ին նշուել է գրող, մանկավարժ, ազգային եւ հասարակական գործիչ Սոնայ Զեյթլեանի գործունէութեան 70 ամեակը: Յոբելեանական երեկոյին ողջոյնի խօսք էր յղել ֆրանսահայ գրող Գրիգոր Պլտեանը, որն ընթերցել է ՀՕՄ-ի Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութեան ատենապետուհի Վիքի Մարաշլեանը:

Տեր Նժդեհ քահանայ Քեշիշեանը Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդի անունից շնորհաւորական խօսք է յղել անուանի մտաւորականին եւ ընթերցել առաջնորդ հոր նամակը, որը գնահատանքի խօսք էր՝ ուղղուած նրա հասարակական գործունէութեանն ու գրական ժառանգութեանը:

Սոնայ Զեյթլեանը յայտնի է դաձել իր «Հայ Կնոջ Կեանքի Ուղիին Հետքերով» աշխատութեամբ, որի համար արժանացել է Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Գէորգ Մելիտինեցի» մրցանակի, իսկ 1973 թուականին նա հրապարակել է «Մուսայ լերան ժողովրդական հեքիաթները», որ անձամբ էր հաւաքագրել Լիբանանի Անճար հայկական գիւղում բնակուող մուսալեռցիների պատմութիւններից: Նրա ուսումնասիրութիւնների թեման հայ կինն է՝ միջնադարից մինչեւ Հայաստանի առաջին հանրապետութիւն, գրող Զապել Եսայանից մինչեւ առաջին հայուհի դիւանագէտ Դիանայ Աբգար:

1980-ականներին էլ հրատարակել է հայ պատմական հերոսների կեանքին ու գործունէութեանը նուիրուած քառահատոր վիպակներն «Արի առանց» ընդհանուր խորագրով:

Կարեւոր աշխատութիւններից են նաեւ նրա «Վաղ միջնադարեան եւ արդի Եգիպտոսի պատմութեան մէջ հայութեան ներդրումները» ուսումնասիրութիւնը: 2004թ-ին հայերէն, 2006թ-ին անգլերեն թարգմանուած այս աշխատութիւնը դրական ազդեցութիւն է ունեցել Կահիրէի պետական համալսարանի Հայագիտութեան բաժնի աշխատանքի վրայ:

Միջոցառման ժամանակ Սոնայ Զեյթլեանի որդին՝ Հրազդանը, գնահատելով մայրիկի ժառանգութիւնն՝ ասել է, որ այսօր էլ 90-ամեայ Սոնան շարունակում է ստեղծագործել, զբաղուած է նորանոր ուսումնասիրութիւններով:

Չնայած իր ինսունամեայ տարիքին, Սոնայ Զեյթլեանը մշտապէս հետեւում է հայաստանեան իրադարձութիւններին եւ ինչպէս ինքն է ասում՝ սրտի ցաւով է հետեւում հայրենիքի ներկայ վիճակին։

Սոնա Զեյթլեանը ՀՅԴ վաստակաշատ և առևանգուած ղեկավար՝ Սարգիս Զէյթլեանի այրին է:

Share