Չէ՛ք լռեցնի…

Չէ՛ք լռեցնի…

Երեկ պարզ դարձաւ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/ արտասահմանեան գրականութեան ամբիոնը։ Դէ, սրանք այնքան են վարպետացել, որ մի հիմնաւորում կգտնէն․ օրինակ՝ փակուող 229 դպրոցները ներկայացւում է որպէս որակեալ կրթական ծառայութիւն։ Այս ամբիոնի տասնեակ տարիների անուարանալի վաստակի՝ արտասահմանեան գրականութեան հանրահռչակման, ուսանողութեանը ակադեմիական գիտելիքներ փոխանցելու եւ, առհասարակ, արեւմտեան գրականութեան ու մտքի դարպասները բացելու, նաեւ դասախօսների փառահեղ փաղանգի մասին կարելի է էջեր գրել։

Բայց խնդիրը բոլորովին էլ ակադեմիական չէ, որ ես էլ փորձեմ հիմնաւորել անառարկելին՝ այդ ամբիոնի անխուսափելի անհրաժեշտութիւնը։

Ո՞ւմ համար պարզ ու ակնյայտ չէ, որ այս քստմնելի քայլը հասցէական է․ ուղղուած հէնց այդ ամբիոնի վարիչ, ունդիւերսալ գիտելիքների տէր, թարգմանական, գրականագիտական, քաղաքական ու փիլիսոփայական գիտելիքների տէր, խարիզմատիկ ու անթաքոյց ընդդիմադիր, ես կասէի՝ չկաղապարուող, ինքնուրոյն ու մեր օրերում խրախուսուող մոխրագոյն հօտից շահեկանօրէն առանձնացող Անուշ Սեդրակեանից ազատուելուն։

Այսօր պարզ է դառնում, որ իշխանութիւնների թիրախում ԵՊՀ մէկ այլ դասախօս էլ կայ։ Այս ժամէրին դատարանում վիճարկւում է ԵՊՀ դոցենտ՝ քաղաքագէտ Ալէն Ղեւոնդեանի խափանման միջոցը։ Քաղաքացիական առանձնացող դիրքորոշում, ընդդիմադիր հայեացքներ ունեցող ու չլռող, մասնագիտական ու քաղաքացիական խղճի հետ գործարքի չգնացող Ալէն Ղեւոնդեանին էլ, որքան հասկացայ, ֆեյսբուքեան ինչ-որ գրառման համար են պատժում, թէ իբր՝ սահմանադրական կարգի դէմ կոչեր․․․

Դուք ողորմելի եք, պարոնայք իշխանապահներ․ ձեզ խժռում է չկառավարուող վախերի պարանոյեան․․․ Բայց լռեցնելով, բերան փակելով, մութ փողոցներում կամ դատարանի դահլիճներում այլախոհ սպանելով, բանտերը լցնելով, ձայն գողանալով, 600000 ընտրողի «կաշառակեր» պիտակաւորելով՝ չեք թաղի ընդդիմադիր ձայնը։

Չէ՛ք լռեցնի…

Այսպէս գրեթէ մէկ տարի, ՔՊ-ականներդ ԱԺ ամբիոնից փրփրաբերան յայտարարում էիք Սրբազան պայքարի «հակասահմանադրական վարքի», «ահաբեկչական օպերացիայի» մասին։ Զրոյ ապացոյց․․․․

Բայց դուք ամօթ չունենք, ձեզանից բարոյականութիւն, պրոֆէսիոնալիզմ կամ պետականութեան արժէքներ ակնկալելն անիմաստ է։

Բայց ես հարց ունեմ հազարաւոր ուսանողներին, դասախօսներին, իրաւապահ համակարգի աշխատակիցներին, բուհերի կառավարման խորհրդի անդամներին․․․ Դուք չեք տեսնո՞ւմ, որ ձեր լռութեամբ, խլութեամբ, կուրութեամբ, հաշտուելով ու գործիք դառնալով, ստրկական հնազանդութեամբ դաւաճանում եք մարդկայնին խղճին, դաւաճանում եք ինքերդ ձեզ․․․Էս ամէնը մի օր վերջանալու է․․․Հաստատ․․․

Իսկ ձեր լռութիւնը թէ՛ գին ունի, թէ՛անուն․․․երեսուն արծաթը վկայ։

Լիլիթ Գալստեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share