Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը

Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը

Ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը գրել է.

«Հարց, որի մասին շատ քիչ է խօսւում…

Ներկայումս շատերն են գրում եւ իրենց արդարացի մտահոգութիւնն արտայայտում Ադրբեջանի կողմից Հայաստանի դէմ մղուող թշնամական քաղաքականութեան նոր ալիքի վերաբերեալ։ Այն, որ Ադրբեջանն անցնում է ագրեսիւ խօսոյթի, ակնյայտ է, պատճառները կարող են լինել թէ՛ արտաքին, թէ՛ ներքին, թէ՛ դրանց համադրութիւնը։ Սակայն կայ մի թեմայ, որի շուրջ մեր հանրային դաշտում երբեք պատշաճ քննարկում չի ծաւալուել։

Եթէ յիշէք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը դեռեւս 2025 թուականի մարտի 13-ին յայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը վերջնականացուել է, բանակցութիւններն աւարտուել են, եւ խաղաղութեան համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի՝ նախկինում չլուծուած երկու յօդուածների վերաբերեալ առաջարկները՝ յետ կանչել երկու կողմերի ներկայացրած միջազգային դատական հայցերը եւ արգելել երրորդ կողմի դիտորդների կամ զօրքերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

Թւում էր, թէ այսպէս կոչուած խաղաղութիւնն աւելի մօտ է, քան երբեւէ, բայց համաձայնագրի նախագծի վերջնականացումից յետոյ Ադրբեջանը նախաձեռնեց ծաւալուն տեղեկատուական արշաւ։ Թէեւ այս արշաւն արդէն սկսուել էր մինչեւ մարտի 13-ի յայտարարութիւնը, հիմնականում Ադրբեջանի կառավարութեան հետ փոխկապակցուած լրատուամիջոցների միջոցով, այն ուժեղացաւ մարտի 13-ից յետոյ՝ Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութեան ուղղակի ներգրաւմամբ, որը շարունակաբար հրապարակում էր կեղծ եւ անհիմն հաղորդագրութիւններ՝ պնդելով, թէ իբր հայկական կողմը կրակ է բացել սահմանի տարբեր ուղղութիւններով։ Մարտի 16-ից մինչեւ ապրիլի վերջ Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակել է 26 նման հաղորդագրութիւն՝ 16-ը՝ մարտին եւ 10-ը՝ ապրիլին։

Վերջերս էլ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակաւոր հաւատարմատար Դէյւիդ Ալենը «Լուրջ Cast» հաղորդման շրջանակում խօսեց այն մասին, որ այդ պահին կար էսկալացիայի ռիսկ։

Այսինքն՝ ակնյայտ օրինաչափութիւն կայ. որքան արագ ու աներկբայ է Հայաստանի ղեկավարութիւնը համաձայնում իրագործել Ադրբեջանի պահանջները, այնքան վտանգաւոր, յանդուգն ու ագրեսիւ է դառնում Ադրբեջանը։ Ադրբեջանն ունի իր պատճառը՝ այդ պետութեան ղեկավարութեանը պէտք չէ իրական խաղաղութիւն։ Իրեն պէտք է երկարաժամկէտ առումով այնպէս ձեւախեղել հայկական ազգային պետութիւնը, որ այն իրենից ոչինչ չներկայացնի։ Իսկ նման մաշեցնող, միակողմանի զիջումներից բաղկացած գործընթացը դրա լաւագոյն միջոցն է։

Հիմա կ՚ասէք՝ Փաշինեանը ձեւախեղում է հայկական պետութիւնը, չէ՞, կ՚ասեմ՝ այո, բայց ինքը այդ հարցում իրականում չի յաջողում, նոյն Եկեղեցու թեման «Քանդենք պետութիւնը» կուսակցութեան քաղաքական մեծագոյն սխալն է եղել, իրենք երբեք չպէտք է մտնէին այդ դաշտ, իրենք այդ հարցում միայն կորցնում են։

Իսկ Ալիեւին զսպելու ձեւը դա նրա առաջ, կներեք բառիս համար, «կզելը» չէ, դա նրա հետ հաւասարը հաւասարի զրոյցն է, դա հզօրացումն է, դա միջազգայինների ակտիւ ներգրաւուածութիւնն ապահովելն է, դա նրան հայ գերիներ պահել թոյլ չտալն է, դա նրան պատերազմական յանցագործութիւններից չմաքրելն է, դա թոյլ չտալն է, որ նա հեշտ ու հանգիստ մարսի Արցախում իրականացրած էթնիկ զտման քաղաքականութիւնը։

Առհասարակ, եթէ ուզում ես քեզ յարգեն ու քո հետ հաշուի նստեն, պէտք է դադարես լինել խեղճ։ Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը, վերջին տարիների իրադարձութիւնները դրա վառ ապացոյցն են․․․»։

Share