Արևմտյան թեմի առաջնորդ Յովնան սրբազանի այցերը հայկական դպրոցներ

Արևմտյան թեմի առաջնորդ Յովնան սրբազանի այցերը հայկական դպրոցներ

Յաճախակի են Արեւմտեան թեմի Առաջնորդ Գերշ. Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանի այցելոթիւնները հայկական վարժարաններ։ Նոյեմբերի 30-ին Յովնան Սրբազանն ունեցաւ իր հերթական այցելութիւնը, ուղեկցութեամբ Արժ. Տէր Նժդեհ Քահանայ Քեշիշեանի և Արժ. Տէր Կիրակոս Քահանայ Սիմոնեանի։ Առաջին հանգրուանը «Մերտինեան Հայ Աւետարական դպրոցն» էր։ Դպրոցի մուտքին Սրբազան Հօրն էին սպասում դպրոցի Տնօրէն  Դոկր․ Սիւզի Օհանեանը, Խնամատար մարմնի Ատենապետ Տիար Ներսէս Աբոշեանը, Խնամատար մարմնի անդամ Տիկին Սոսի Ահարոնեանը, ուսուցիչներ և աշակերտներ։ Մեծ ուրախութիւն ապրելով Սրբազան Հօրն իրենց յարկից ներս տեսնելու առթիւ և, ի յարգանս Սրբազան Հօր, աշակերտները մատուցեցին աւանդական աղ ու հաց։

Օրհնելով և ճաշակելով աղն ու հացը՝ յարգելի հիւրերը ճահանապարհուեցին դէպի դպրոցական աղօթքի տուն։ Այստեղ արդէն Սրբազան Հօրն սպասում էր դպրոցի ողջ աշակերտական և ուսուցչական կազմը։ Շնորհալի աշակերտները յատուկ մշակութային միջոցառում էին կազմակերպել Սրբազան Հօր այցելութեան առթիւ։ Միջոցառման թեման բազմաժանր էր։ Հնչեցին կատարումներ նուիրուած աղօթքին, մանուկ Յիսուսին, Սուրբ Ծնունդին, հայոց գրերին, Հայաստանին և այլն։ Յաւարտ միջոցառման բեմ հրաւիրուեց Սրբազան Հայրը՝ օրհնութեան խօսքի համար։ Իր խօսքում  Սրբազան Հայրը գնահատանքի խօսք ուղղեց Խնամատար մարմնին և տնօրինութեանը՝  նուիրեալ և անխոնջ ծառայութեան համար։ Ապա պատգամեց աշակերտներին սիրել իրենց դպրոցը, ուսուցիչներին եւ ընկերներին՝ իրենց հոգիներում անթեղուած պահելով հայկականութիւնը և սէրը Աստծոյ հանդէպ ։ Ապա աշակերտների և ներկաների հետ միասնաբար աղօթք բարձրացուեց աշխարհի բոլոր երեխաների համար, ինչպէս նաև մասնաւորաբար՝ Մերդինեան դպրոցի աշակերտների, նրանց ընտանիքների, ուսուցիչների, տնօրինութեան, խնամատար մարմնի անդմաների համար։ Յուրախութիւն ներկաների, Սրբազան Հայրն ինքը ևս կատարեց Սուրբ Ծննդեան շարականներից մէկը՝ ի գնահատութիւն և ի օրհնութիւն աշակերտների։ Օրհնութեան խօսքով հանդէս եկան նաև քահանայ հայրերը։

Հանդիսութիւնից յետոյ Սրբազան Հայրն ուղեկցութեամբ Հոգևոր Հայրերի և տնօրինութեան, մասնաւոր հանդիպումներ ունեցաւ նաև նախապրոցական դասրանների հետ՝ ուրախացնելով մանուկ մերտինեանականներին Ձմեռ Պապիկի մասին պատմութիւններով և Սուրբ Ծննդեան երգերով։

Վերջում աշակերտներին բաժանուեցին Սրբազան Հօր հեղինակած զանազան աղօթագրքեր և քարոզգրքեր։

Նոյն օրը Սրբազանն Հայրը այցելեց նաեւ «Սահակ Մեսրոպ» հայկական վարժարան։ Վաղ առաւօտից եռուզեռ էր դպրոցի միջանցքներում՝ պատրաստւում էին Սրբազան Հօր գալուստին, կրկնում իրենց յանձնարականները։ Եւ ահա սպասուած հանդիպումը։ Ժամանում  է Արևմտեան թեմի Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանը՝ ուղեկցութեամբ Տր Նժդեհ եւ Տէր Կիրակոս քահանաներիի։ Յարգելի հիւրերին սրտատրոփ սպասում էր թէ դպրոցի աշակերտական և թէ ուսուցչական կազմը։ Շնորհաշատ աշակերտները միջոցառում էին կազմակերպել այդ օրհնաբեր այցի առթիւ։ Գեղեցիկ կատարումներով հանդէս եկան առանձին դասարանների աշակերտներ՝ ներկայացնելով հատուածներ հայ դասական գոհարներից և հոգևոր երգերից։ Հոգեշահ ձեռնարկի աւարտին բեմ հրաւիրուեց Սրբազան Հայրը՝ իր հայրական պատգամը և օրհնութիւնը բերելու համար։ Իր խօսքում Սրբազան Հայրը պատուիրեց աշակերտներին՝ խոստանալ լինել բարի և օրինակելի քրիստոնեաներ, սիրել իրնեց դպրոցը, ուսուցիչներին, մէկը միւսին և հաւատարիմ մնալ իրենց հայրերի աւանդոյթներին։

Ապա սիրելի աշակերտներին և ուսուցիչներին բաժանուեցին աղօթագրքեր և քարոզգրքեր՝ հեղինակուած Սրբազան Հօր կողմից։

Դիւան Առաջնորդարանի

Share