Ադրբեջանական անտառահատումներ Շիկահողի արգելոցում. Նախարարութիւնը տեղեակ է, փաշինեանը` ո՞չ

Ադրբեջանական անտառահատումներ Շիկահողի արգելոցում. Նախարարութիւնը տեղեակ է, փաշինեանը` ո՞չ

ՀՀ շրջակայ միջավայրի նախարարութիւնը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրաւոր հարցմանը, անուղղակի հաստատել է Սիւնիքի մարզի Շիկահողի պետական արգելոցում Ադրբեջանի կողմից ծառերի հատման մասին տեղեկութիւնը։

Յունուարի 15-ին կառավարութեան նիստից յետոյ լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին հարց էին ուղղել, թէ ինչու իշխանութիւնները չէն բարձրաձայնում Շիկահողի պետական արգելոցում Ադրբեջանի կողմից ծառերի հատման դէպքերը։

«Ծառերի հատման մասին տեղեկութիւն երբեք չեմ ստացել: Եթէ նման տեղեկատուութիւն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատւում կամ էկոլոգիական աղէտ է տեղի ունենում, բնականաբար, մենք դրան չենք կարող որեւէ ձեւով չարձագանքել: Ես մամուլի ոչ բոլոր հրապարակումներն եմ կարդում: Եթէ լինէն մամուլի հրապարակումներ կամ տեղեկութիւններ, որոնք պատշաճ կը լինի, որ վարչապետին զեկուցուի, այդ մասին կզեկուցուի»,- պատասխանել էր Փաշինեանը լրագրողներին:

Նշէնք, որ 2021-2022 թուականներին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, այդ թւումՍիւնիքի մարզի Ներքին Հանդի հատուած գրաւելով Շիկահող արգելոցի մի մասը։

Google Maps-ում հեշտութեամբ կարելի է տեսնել ներխուժումից յետոյ արգելոցում կատարուած ինժեներական աշխատանքներն ու անտառահատումները (յատկապէս տարբեր տարիների պատկերները համեմատելիս), նոր ճանապարհներն ու ադրբեջանական դիրքերը։

Ադրբեջանի կողմից օկուպացուած տարածքը Ներքին Հանդի հատուածում (կարմիրով նշուածը)

Այս կապակցութեամբ մենք գրաւոր հարցում էինք ուղարկել ՀՀ շրջակայ միջավայրի նախարարութիւն` հասկանալու համար. 1) ՇՄՆ-ն հետեւե՞լ է 2021 թուականից յետոյ Ադրբեջանի իրականացրած ծառահատումներին, 2) ՇՄՆ-ն որեւէ տեղեկութիւն չի՞ ստացել արգելոցի աշխատողներից, Ներքին Հանդի գիւղացիներից, ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնից, «Սոսու պուրակ» արգելավայրի աշխատողներից, Սիւնիքի մարզպետարանից եւ այլ կառոյցներից, 3)Եթէ նախարարութիւնը ստացել կամ վերլուծել է իրավիճակը, ապա ի՞նչ տուեալներ կան ծառահատման ծաւալների մասին: 4) Ծառահատումների մասին տուեալները չե՞ն փոխանցուել Նիկոլ Փաշինեանին:

Հարցերին պատասխանելու համար նախարարութիւնը յաւելեալ ժամանակ էր խնդրել։ Գրաւոր պատասխանը ստացանք հարցումից 1.5 ամիս անց։

«Շրջակայ միջավայրի նախարարութեան «Զանգեզուր» կենսօլորտային համալիր ՊՈԱԿ-ի կառավարման ներքոյ գտնուող «Շիկահող» պետական արգելոցի եւ «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատուածներում գտնուող անտառային էկոհամակարգերը 2021 թուականին տեղի ունեցած զինուած հակամարտութեան արդիւնքում կրել են որոշակի վնասներ, ինչը 2021 թուականից ի վեր գտնւում է ուշադրութեան կենտրոնում», – ասուած է գերատեսչութեան պատասխանում։

Նախարարութիւնը նշել է` սահմանամերձ գոտում գտնուելու հանգամանքով պայմանաւորուած՝ առկայ իրավիճակի վերաբերեալ տեղեկատուութեան հաւաքագրման եւ հրապարակման աշխատանքների իրականացումը գտնւում է նաեւ այլ գերատեսչութիւնների լիազօրութիւնների տիրոյթում:

ՇՄՆ–ն պնդում է, որ սահմանամերձ գոտում գտնուելու հանգամանքով պայմանաւորուած՝ այդ հատուածներում առկայ էկոհամակարգերի կրած վնասների ամբողջական գնահատումը հնարաւոր կը լինի իրականացնել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներից յետոյ:

Նախարարութիւնը նաեւ նշել է, որ համագործակցելով համապատասխան գերատեսչութիւնների հետ շարունակւում է իրականացուել ծառահատումների հետ կապուած իրավիճակի մշտադիտարկում եւ տուեալների հաւաքագրում:

Հարցին, թէ ինչու ծառահատումների մասին տուեալները չէն փոխանցուել Նիկոլ Փաշինեանին, նախարարութիւնը չի պատասխանել։

«Շիկահող» պետական արգելոցը ստեղծուել է 1958 թ-ին Կապանի անտառտնտեսութեան հիման վրայ` Մեղրու լեռնաշղթայի հիւսիսային լանջերի վրայ գտնուող լայնատերեւ անտառների իւրայատուկ ֆլորան եւ ֆաունան պահպանելու, ուսումնասիրելու եւ վերականգնելու նպատակով: Պահպանութեան հիմնական օբյեկտները լայնատերեւ (կաղնու, բոխու) անտառներն են, իւրայատուկ բուսական համակեցութիւնները (կէնու, արեւելեան սոսու եւ արեւելեան հաճարէնու պուրակները), դրանց բուսական եւ կենդանական աշխարհը:

Բուսական աշխարհը հարուստ է Կովկասեան տիպի խոնաւասէր բոյսէրով, ջերմախոնաւասէր ծառաթփային տեսակներով ու խոտաբոյսէրով։ Բազմաթիւ են էնդէմիկ տեսակները: Տարածքի մօտ 94 տոկոսն անտառապատ է։ Այնտեղ տարածուած են արեւելեան հաճարենին, արեւելեան սօսին: Կան նաեւ վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենիներ, արեւելեան խնձորենիներ, յունական վայրի ընկուզենիներ եւ այլն:

Share