«Ադրբեջանը կանգ չի՛ առնելու. Գառնիկ Դանիելեան

«Ադրբեջանը կանգ չի՛ առնելու. Գառնիկ Դանիելեան

«Ադրբեջանական ագրեսիայի լուրը լսելուց անմիջապէս յետոյ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներով այցելեցինք Գեղարքունիքի մարզ: Սոթք մտնելիս մեր ճանապարհը փակեցին ՌՈ եւ Ոստիկանութեան աշխատակիցները՝ պատճառաբանելով, որ գիւղում անվտանգ չէ: Մեր հարցին, թէ՝ եթէ անվտանգ չէ, ինչո՞ւ գիւղի բնակիչները չէն տարհանւում, չկարողացան պատասխանել»,-168TV-ի «Ռեւյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը՝ ընդգծելով, որ այլ ճանապարհով են այցելել Սոթք եւ Կութ գիւղեր:

«Սոթք եւ Կութ գիւղերում բնակիչների հետ զրուցեցինք, այդ ընթացքում ակտիւ հրետակոծութիւն էր ընթանում: Գիւղի մերձակայքում արդէն հրետանի էր աշխատում. Անզէն աչքով երեւում էր, մի քանի հարիւր մետր այն կողմ հրետանի եւ այլ զինատեսակներ էին կիրառում: Կանայք եւ երեխաները գիւղը լքում էին՝ չսպասելով տարհանման: Ուզում եմ նշել այս իշխանութիւնների անկազմակերպուածութիւնը, որ չկայ յստակ պլան, որ նման դէպքերում գիւղերից կանանց, երեխաներին, տարէցներին անվտանգ վայր տեղափոխէն: Բնակիչներն իրենց անվտանգ չէն զգում: Նաեւ նախորդող դէպքերի արդիւնքում է Սոթքը հրետակոծութեան ենթարկուել, մարդիկ անորոշութեան, յուսահատութեան մէջ են:

Ադրբեջանը նորանոր, աւելի բարէնպաստ դիրքեր է զբաղեցնում, որտեղից կարողանում է վերահսկել բոլոր տեղաշարժերը: Մարդիկ տեսնում են պետութեան կողմից տարուող այս ապաշնորհ քաղաքականութիւնը եւ նաեւ մէզ հետ զրոյցներում ասում են, որ պետութեան կողմից պատշաճ վերաբերմունքի չէն արժանանում, իրենք իրենց զգում են անտէրութեան մատնուած: Ճիշտ է՝ մարդկանց ոգին տեղն է, պատրաստ են կռուել, բայց այս դաւաճանական քաղաքականութեան պատճառով մարդիկ իրենց վաղուայ օրը չէն տեսնում»,-նշեց նա:

Պատգամաւորն ասաց, որ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատուածում են հասել Սոթք գիւղի մօտ, որտեղ հանդիպել են նաեւ ԵՄ դիտորդներին. «Մենք շրջանցիկ ճանապարհով երբ գնում էինք գիւղ, իրենք այդտեղ կանգնած էին: Իրենց էլ թոյլ չէին տալիս, թէ իրենք առաջ չէին շարժւում, ես դժուարանում եմ ասել, բայց իրենք այդտեղ էին, եւ շատ տարօրինակ էր, որ այնտեղ մարտէր էին ընթանում, իսկ նրանք 10-20 կիլօմետր հեռուում էին եւ սպասում էին, թէ ինչ է կատարւում: Տեղ գիւղում տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ էլ նրանց կողմից որեւէ գնահատական չտրուեց, իրենք երկու կողմին էլ կոչ են անում, բայց յստակ գնահատական, որ ադրբեջանական կողմն է ագրեսորը, ինքն է սկսել, ոչ մի տեղ չեմ տեսել:

Գառնիկ Դանիելեանը նկատեց՝ ադրբեջանական կողմը յստակ յայտարարում է, որ կանգ չի առնելու.
 «Հայաստանում գրեթէ տարածք չկայ, որի նկատմամբ իրենք յաւակնութիւններ չունենան: Ես նաեւ պատկան մարմիններին եմ այդ հարցերն ուղղել եւ եկել եմ այն եզրակացութեան, որ իրենք էլ գիտէն՝ Ադրբեջանը կանգ չի առնելու: Թէ ինչի՞ համար չի ասւում ժողովրդին, որ՝ սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանը երբեք կանգ չի առնելու, «խաղաղութեան դարաշրջանը» ձախողել ենք, Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնում, նորանոր տարածքների յաւակնութիւններ ունի: Թէ ինչո՞ւ չի ասւում, ես մի քանի վարկած ունեմ, որոնցից մէկն այն է, որ փորձում են հասարակութեանը բթացնել, թմբիրի մէջ թողնել, նոր կապիտուլեացիոն փաստաթուղթ ստորագրէն, որով նոր զիջումների սկիզբը կդնէն»:

Երեկ Հանրային հեռուստաընկերութեան եթերում Ժիրայր Լիպարիտեանը յայտարարեց, որ եթէ Հայաստանն ուզում է պահել պետականութիւնը, պէտք է փաստաթուղթ ստորագրի, այլապէս կը լինի նոր պատերազմ, եւ Հայաստանը շատ աւելին կարող է կորցնել.
 «Եթէ չտանք, եւ Ալիեւը շատ աւելին վերցնի, ինչպէս եղաւ 2020թ. պատերազմի ժամանակ, ի՞նչ ենք անելու, իսկ եթէ մենք մի բան ստորագրենք, գոնէ 10-20 տոկոս շանս կայ, որ ուրիշ բան չի պատահի»:

Գառնիկ Դանիելեանը նկատեց. «Ժիրայր Լիպարիտեանի դաւաճանական յայտարարութիւնները նոր չէն, նա բազմիցս այդպիսի յայտարարութիւններ է արել: Ինձ համար անընդունելի է, որ Հանրային հեռուստաընկերութիւնը նման մարդկանց տաղաւար է հրաւիրում եւ այդ դաւաճանական խօսոյթով հանդէս է գալիս, հասարակութեանը կերակրում է նման ստայօդ ինֆորմացիաներով:

Թշնամին երբեք կանգ չի առնելու եւ ժիրայրլիպարիտեանների նման մարդիկ ընդամէնը գործիք են իշխանութեան ձեռքին, որպէսզի մարդկանց մօտ տպաւորութիւն ստեղծուի, թէ մենք անկարող ենք, որեւէ բան չենք կարող անել, ոչինչ չի ստացւում, նորից կասէն՝ փրկեցինք էսքան մարդու՝ տուեցինք Սոթքը կամ Տաւուշի գիւղերը:

Ժիրայրլիպարիտեանները նման բաների համար են, որ ժողովրդին վախեցնեն, նրանց յոյսն ու հաւատը կոտրէն եւ նոր զիջումների տանեն, դրա համար էլ իրենց եթեր են տալիս Հ1-ում, որ նմանյայտարարութիւններ անէն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանիւթում

Share