«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարուել միջպետական բոլոր գանգատներից» Սիրանուշ Սահակեան

«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարուել միջպետական բոլոր գանգատներից» Սիրանուշ Սահակեան

«Հետքը» զրուցել է իրաւապաշտպան, «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակեանի հետ։

— Մեր զրոյցը սկսենք մի թեմայից, որի մասին շատ քիչ է խօսւում։ Գիտենք, որ թէ՛ 2020թ․ 44-օրեայ պատերազմից, թէ՛ 2023թ․ Արցախի վրայ Ադրբեջանի յարձակումից յետոյ եղել են անհետ կորածներ քաղաքացիական անձանց շրջանում։ Թուերի հրապարակման առումով մեր իշխանութիւնները շռայլ չէն։ Դուք ձեր փաստահաւաք աշխատանքների արդիւնքում ունե՞ք թուեր անհետ կորածների մասին, եւ նրանց իրաւաջորդների գանգատներով այս պահին Եւրադատարանում գործեր քննւու՞մ են։

— Թէ՛ 2020 թուականի եւ թէ՛ 2023 թուականի յարձակումների հետեւանքով անհետ կորածների շարքերում ունենք նաեւ քաղաքացիական անձինք։ Եւ բնականաբար նրանց իրաւունքների պաշտպանութեամբ եւս զբաղւում ենք։ Գանգատներ ներկայացուել են Մարդու իրաւունքների եւրոպական դատարան (ՄԻԵԴ) նաեւ քաղաքացիական անձանց մասով։ Մեր գործունէութիւնը, ցաւօք, նաեւ շատ բացասական միտումներ է բացայայտել, որ անհետ կորած համարուող քաղաքացիական անձանց մեծամասնութիւնը սպանուել է, եւ յետագայ որոնողական գործողութիւնների արդիւնքում յայտնաբերուել են նրանց դիերը։ Այսինքն՝ այստեղ պատերազմի սպառնալիքի ներքոյ տեղահանումների շրջանակում որոշ անձինք, մնալով բնակավայրերում, յետագայում յայտնուել են ադրբեջանական զինուած ուժերի հսկողութեան ներքոյ, եւ առանձնակի դաժան մեթոդներով նրանց սպանել են։ Եւ շատ տարածուած են եղել նաեւ գլխատումների կամ մարմնի մասնատումների դէպքերը։ Մենք չենք կարող ամբողջական տուեալներ յայտնել, բայց մեր վստայորդների մասով կարող ենք ասել, որ շուրջ 4 տասնեակ դէպքեր առնչուել են քաղաքացիական անձանց։

— Բայց որեւէ արդիւնք կա՞ այդ գործերով։

— Բոլոր գործերը դատարանի կողմից գրանցուել են, դրանք ձեւական հիմքերով չէն վերադարձուել։ Այս պահին նաեւ անընդունելիութեան յատկանիշներով մերժուած գործեր չունենք, սակայն ակտիւ կոմունիկացիայ այս փուլում դեռեւս սկսուած չէ, ինչը նաեւ պայմանաւորուած է դատարանի ծանրաբեռնուածութեամբ եւ գործերի քննութեան միջին ժամկէտներով, այսինքն՝ այս ձգձգումները դատարանի բնականոն պրակտիկայի մաս են կազմում։

— 2023-ի դեկտեմբերի ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջեւ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն՝ տեղի ունեցաւ գերիների փոխանակում։ 32 հայ գերիներ վերադարձան Ադրբեջանից Հայաստան, հակառակ ուղղութեամբ գնացին 2-ը, որոնք Հայաստանում դատապարտուել էին, եւ նրանցից մէկը հասցրել էր մարդ սպանել նոյնիսկ։ Այս փոխանակումից յետոյ, ձեր տուեալներով, քանի ռազմագերի մնաց Բաքւում, եւ առհասարակ ինչ-որ աշխատանքներ տարւում են նրանց վերադարձի եւ նրանց իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ։ Գիտենք, որ այդ իրաւունքների պաշտպանութիւնը կարող է լինել երկու ուղղութեամբ՝ պետական եւ մասնաւոր, այսինքն պետութեան եւ իրաւապաշտպանների մակարդակով։ Ի՞նչ է արւում առհասարակ այս ուղղութեամբ։

— Այս պահին, ըստ Ադրբեջանի կողմից հաստատուած տուեալների՝ դեռեւս անազատութեան մէջ պահւում են 23 անձինք, ընդ որում՝ նշեմ այդ տէրմինների օգտագործում որոշակի վիճելիութիւն կարող է ունենալ, որովհետեւ այստեղ իրաւական նրբերագներ կան։ Այս 23-ի մէջ ներառուած են 5 անձինք, որոնք գերեւարուել են դեռեւս 2020 թուականին․ 2-ը՝ 44-օրեայ պատերազմի ընթացքում, 3-ը՝ նոյեմբերի 9-ի յայտարարութեան յաջորդած օրերին։ Միւս բոլոր դէպքերը կապուած են 2023թ․ իրադարձութիւնների հետ։ 2 անձի ձերբակալում ունեցանք 2023 թուականի յուլիս-օգոստոս ամիսներին․ խօսքը՝ Վագիֆ Խաչատրեանի եւ Ռաշիդ Բեգլարեանի մասին է։ Իսկ միւսները կամ գերեւարուել են կամ ձերբակալուել են 2023թ․ սեպտեմբերեան յարձակման ընթացքում կամ դրա դադարից յետոյ, երբ ադրբեջանակն կողմը ամբողջական վերահսկողութեան հասաւ Արցախի նկատմամբ։ Մեր մասնագիտական գնահատմամբ՝ այստեղ կան քաղաքացիական գերիներ, կան ռազմագերիներ, որոնց գերեւարում իրապէս կապուած է եղել կոնֆլիկտի հետ, եւ կան քաղաքացիական անձանց ձերբակալումներ, որոնք անմիջական կապ չէն ունեցել ռազմական գործողութիւնների հետ, եւ մեր գնահատմամբ՝ նրանք քաղաքական դրդապատճառներով հետապնդման ենթարկուող անձինք են, աւելի ճիշտ տէրմինը կը լինի քաղբանտարկալը։ Այստեղ, իհարկէ, նկատի ունենք Լեռնային Ղարաբաղի նախկին եւ ներկայ բարձրաստիճան պաշտօնեաներին։ 

— Ես հէնց այդ թեմային էի ցանկանում անդրադառնալ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկակաւարութեան 8 ներկայացուցիչներ այժմ Ադրբեջանում ազատազրկման մէջ են։ Փաստացի նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են համարւում, եւ Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւորութիւն ունի իր քաղաքացիների նկատմամբ՝ պաշտպանել նրանց իրաւունքները եւ ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Բայց այնպիսի տպաւորութիւն է, որ այս թեման առհասարակ մոռացութեան է մատնուել, պետական մակարդակով ոչ ոք չի խօսում, ոչ ոք չի բարձրաձայնում։ Ներկայում կա՞ն ինչ-որ գործընթացներ եւ ռեալ հնարաւորութիւն նրանց վերադարձի կազմակերպման համար, թեկուզ միջազգային ճնշման ձեւով։ 

— Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը այն նոյն գործողութիւնն է արել, ինչը կը ձեռնարկեր կամ ձեռնարկել է որոշ գերիների առնչութեամբ։ Այսինքն՝ միջպետական գանգատի շրջանակում, ի թիւս այլ հարցերի, ներառել է նաեւ այս անձանց ձերբակալման կամ գերեվարման խնդիրները։ Այսինքն՝ նոյնական, հաւասար դրութեան մէջ է դրել նոյն 2023 թուականի պատերազմի հետեւանքով գերեւարուած զինծառայողներին եւ Արցախի բարձր ղեկավարութեանը, միջպետական գանգատի շրջանակներում որպէս մի հատուած ներառել է նրանց անազատութայն մէջ պահելու խնդիրները։ Վստահ եմ՝ յետագայում նաեւ կլրացուի, ապօրինի դատապարտումների հետ կապուած իրաւական հարցադրումներ կը լինէն։ Այս պահին մենք ունենք միջպետական գանգատ որը չի կարող արագ արդիւնք ապահովել, եւ այստեղ կան օբյեկտիւ պատճառներ։ Միջպետական չորրորդ գանգատի շրջանակներում ներառուած են շատ լայն խնդիրներ, օրինակ՝ Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը կամ 2023 թուականի պատերազմի հետեւանքով հրետակոծութիւնները, այդ թւում որոշ քաղաքացիական բնակավայրերի եւ ամենակարեւորը՝ բռնի դէպորտացիան։ Հասկանալի է, որ 100 հազարից աւել մարդկանց դէպորտացիայի, սեփականութեան իրաւունքերի հարցերի քննարկումն օբյեկտիւօրէն ժամանակատար պրոցես է, եւ Եւրոպական դատարանին կը պահանջուի լաւագոյն դէպքում 3-5 տարի, որպէսզի այս գործին հանգուցալուծում տա։ Ես կարծում եմ, որ նման ձեւաչափով իրաւունքների պաշտպանութիւնը անմիջական արդիւնք չունի, եւ որոշ չափով այն ուշացած է։ Հայաստանի Հանրապետութիւնը այլ գործելակերպի հնարաւորութիւն ունէր։ Օրինակ՝ տարբերակ կարող էր լինել 8 բարձրաստիճան պաշտօնեաների մասով նոր միջպետական գանգատի ներկայացումը, ինչը, աեօ, քաղաքական առումով միգուցէ անցանկալի ազդակ կը լինէր Ադրբեջանին, բայց աւելի արդիւնաւետ կը պաշտպաներ այդ քաղաքացիների իրաւունքները։ Այստեղ գործի քննութիւնը կարող էր աւելի կարճ լինել, որովհետեւ գանգատի առարկան շատ որոշակի էր, եւ մենք որոշ գործընթացներ արագացնելու ճանապարհով կարող էինք, օրինակ՝ միջպետական գանգատով ունենալ իրաւունքների խախտման արձանագրման դատական ակտէր։ Եւ իհարկէ, ՀՀ-ն հնարաւորութիւն ունի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում պատանդառութեան կոնուենցիայի հիմքով գանգատ ներկայացնել, եւ ես կարծում՝ թէ՛ նախկինում ռազմագերիները եւ թէ՛ ներկայում յատկապէս բարձրաստիճան ղեկավարները առաւելապէս ունեն առեւանգուածի, պատանդի կարգավիճակ, եւ նրանց պատանդառութիւնը կապուած է քաղաքական օրակարգի հարցերի բաւարարման պահանջների հետ։ Սա շատ ազդեցիկ միջոց կը լինէր, սակայն ՀՀ-ն նոր միջպետական գանգատ չի ներկայացնում, եւ ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանի իշխանութիւնները ենթարկւում են ադրբեջանական ճնշումներին։ Մենք նաեւ բազմատեսակ տեղեկութիւններ ենք ստանում, որ բանակցութիւններում շատ բացասաբար է գնահատւում Հայաստանի ակտիւ ներգրաւուածութիւնը իրաւական գործընթացներում, եւ որպէս խաղաղութեան օրակարգի նախապայման՝ կարծթէ թէ դիտարկւում է Հայաստանի կողմից միջպետական գործերից հրաժարուելը։ Նրանք յատկապէս թիրախաւորելու են ՄԱԿ-ի դատարանում խտրականութեան հիմքով գործընթացը։ Իհարկէ, Եւրոպական դատարանի գործընթացներն էլ ռիսկի են ենթարկուած։ Պարզապէս նշեմ, որ եւրոպական դատարանում մեր դիրքերը աւելի ապահով են, քանի որ ՄԻԵԴ-ում իրաւական գործընթացները դիւերսիֆկացուած են, եւ միջպետական գանգատներին զուգահեռ կան անյատական գործեր, եւ հարիւրաւոր գանգատներ ներկայացուել են հէնց զոհերի իրաւայաջորդների կողմից։ Եւ իհարկէ, այստեղ միջպետական գանգատից հրաժարուելը կենսական շահեր կը վնասի, սակայն մենք այդ բացը կարող ենք լրացնել անյատական գանգատների միջոցով, իսկ ՄԱԿ-ի դատարանը, ցաւօք, անյատական գործելակերպի հնարաւորութիւն չի տալիս, եւ միակ դիմող կողմը կարող է լինել պետութիւնը։ Այստեղ շատ վտանգաւոր գործընթացներ կարող են լինել, եթէ Հայաստանի իշխանութիւնները ենթարկուեն ճնշումների եւ որոշեն, որ կարող են հրաժարուել նման լուրջ հարցադրումների առնչուող իրաւական գործընթացներից։ 

— Օրինակ՝ ի՞նչ վտանգաւոր գործընթացներ կարող են տեղի ունենալ։

— Մենք քաղաքական տեսանկիւնից շատ վատ դրութեան մէջ ենք, եւ հակապետական մօտեցումներ են իրացւում։ Այս բալանսը վերականգնելու միակ հնարաւորութիւնն իրաւական ատեաններն են։ Արցախի հիմնախնդրի տեսանկիւնից բեկումնային նշանակութիւն կարող է ունենալ ՄԱԿ-ի դատարանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականութեան վերաբերեալ, եւ այն նախ կարող է ապալեգիտիմացնել արդէն իսկ ձեռք բերուած քաղաքական պայմանաւորուածութիւնները, եւ միւս կողմից վերահաստատել հայերի իրաւունքները, այդ թւում՝ իրենց պատմական հողերի նկատմամբ, ինչը երկարաժամկէտ հեռանկարում այս իրաւունքի իրացման համար պայքարելու նախադրեալներ կստեղծի։ Այսինքն՝ մենք կ’ունենանք իրաւական հիմքերը, եւ եթէ երկիրը բերէնք մի մակարդակի, որը կ’ունենայ ռազմական եւ տնտեսական հզօրութիւն, գոնէ յաջորդ սերունդների համար սա կարող է մի օր լուծելի խնդիր լինել։ Բայց եթէ այս իրաւական գործընթացները կասեցուէն եւ քաղաքական հարթակներում հակահայկական դիրքորոշումներ իրացուէն, մենք արհեստականօրէն կփակէնք Արցախի պատմական էջը։

— 2023-ի տարեվերջին Հայաստանը վաւերացրեց Հռոմի ստատուտը՝ դրանով ընդունելով Միջազգային քրէական դատարանի իրաւազօրութիւնը։ Եւ մեր պետութեան դիրքորոշումն այն է, որ այդ ստատուտը վաւերացնելու նպատակը Ադրբեջանի նոր ռազմական յանցագործութիւնները կանխելն է։ Միեւնոյն ժամանակ, մէկ անգամ չէ, որ Ալիեւի ռեժիմը ցոյց է տուել, որ թքած ունի միջազգային ատեանների որոշումների վրայ։ Դրա վառ օրինակը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերեալ որոշումն էր, որը Ադրբեջանը մինչեւ վերջ անտեսեց։ Իրականութեան եւ գործողութեան մէջ Հռոմի ստատուը վաւերացնելը մեր պետութեանը ի՞նչ օգուտ կարող է տալ։

— Սպառնալիք կարող է իր մէջ պարունակել Ադրբեջանի համար, եւ այս սպառնալիքը ներկայում աւելի գործնական նշանակութիւն ունի՝ հաշուի առնելով, որ ադրբեջանական ուժերը ներկայում օկուպացրել են Հայաստանի Հանրապետութեան տարածքը, եւ յանցագործութիւնների աշխարհագրութիւնն է փոխուել։ Եթէ նախկինում մարդկութեան դէմ ուղղուած պատերազմական յանցագործութիւնները տեղի էին ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում, ներկայում դրանք տեղափոխուել են եւ իրականացւում են ՀՀ սւուերէն տարածքում։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը չի վաւերացրել Հռոմի ստատուտը, եւ սա միտումնաւոր քայլ է, պետական քաղաքականութեան ուղղութիւն է։ Նրանք դրանով ապահովագրում են իրենց սահմանների ներսում այլ ազգերի հանդէպ կատարուող յանցագործութիւններից քրէական պատասխանատուութեան ենթարկելու սպառնալիքից։ Քանի որ նրանք կատարել են դա Լեռնային Ղարաբաղում, եւ արդէն այդ յանցագործութիւնները 2021 թուականի մայիսից տեղափոխուել են ՀՀ տարածք, Հռոմի ստատուտը վաւերացնելով՝ մենք ճանաչում ենք դատարանի իրաւազօրութիւնը Հայաստանի տարածքում կատարուող այս յանցագործութիւնների նկատմամբ, եւ սա կարող է զսպող նշանակութիւն ունենալ։ Այսինքն՝ Ադրբեջանը անկախ իր վաւերացման հանգամանքից, զուտ Հայաստանի վաւերացման ուժով եթէ յանցագործութիւններ կատարի ՀՀ սւուերէն տարածքում, ապա դա տեսական առումով ընկնելու է դատարանի մանդատի ներքոյ։ Բայց մենք նաեւ շատ լաւ գիտենք, որ դատարանը ծանրաքարշ համակարգ է եւ ցաւօք, 21-րդ դարում մենք աշխարհի տարբեր կէտէրում տեսնում ենք միջազգային յանցագործութիւններ, եւ դատարանը ունակ չէ արձագանքել բոլոր դէպքերին։ Մեծ մասամբ արձագանքում է այն իրավիճակներին, որտեղ կարծես թէ, միջազգային քաղաքական կոնսենսուս կայ պատժելու կատարողներին։ Այսինքն՝ այս կատարողները չէն վայելում միջազգային կարեւոր դերակատարների հովանաւորութիւնը։ Մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն փաստաթղթի վաւերացումը, այլ նաեւ այնպիսի արտաքին քաղաքական նախադրեալնէի ձեւաւորումը, որի պայմաններում իրական սպառնալիք կը լինի Ադրբեջանի նկատմամբ, եւ այդ ծանրաքարշ համակարգը կը սկսի գործել՝ ի շահ հայերի։ Այստեղ մենք թղթի վրայ վաւերացումից զատ կ’ունենանք պրակտիկ նշանակութիւն ունեցող գործողութիւններ, որոնք կապահովագրէն մեր ազգին 21-րդ դարում նոր ցեղասպանութիւնից։ Եւ այստեղ, ստուգման հետաքրքիր հանգամանք կարող է լինել բռնի դէպորտացիայի եւ 2021 թուականից յետոյ կատարուած որոշ յանցագործութիւնների մասին դատարանի արձագանքը։ Մենք գիտենք, որ Հայաստանը նաեւ յետադարձութեան վերաբերեալ յայտարարութիւն է տուել, այսինքն՝ 2021 թուականի մայիսից յետոյ կատարուած յանցագործութիւնները իրաւական առումով արդէն իսկ դատարանի իրաւազօրութեան տակ են։ Մենք նաեւ գիտենք, որ բռնի տեղահանման տուժողները գտնւում են ՀՀ-ում եւ իրենց հետ շարունակաբար բերել են իւրիսդիկցիան, եւ այստեղ շատ կարեւոր է հասկանալ ՀՀ գործողութիւնը։ Մեր պետութիւնը դէպքը կարող է յղել դատարանին, եւ դա կարող է անել ինչպէս ինքնուրոյն, այնպէս էլ շատ այլ երկրների հետ համագործակցութեամբ։ Օրինակ՝ ուկրաինական դէպքերով իրավիճակը յղել էր ոչ միայն Ուկրաինան, այլ նաեւ 4 տասնեակից աւել պետութիւններ, ինչը շատ տեսանելի քաղաքական աջակցութիւն է։ Եթէ Հայաստանն այս գործողութիւնը չկատարի, ես մտավախութիւն ունեմ, որ այլ պետութիւններ ինքնուրոյն իրավիճակը չէն յղելու, եւ այս ամբողջ ծանրաբեռնուածութիւնը ընկնելու է իրաւապաշտպանների ուսերին։ Նման հնարաւորութիւն կայ, երբ իրաւապաշտպանները տարբեր կառոյցները միջազգային յանցագործութիւնների վերաբերեալ տեղեկութիւններ փոխանցում են դատախազին, եւ դատախազը, այդ դէպքերը ուսումնասիրելով, սեփական նախաձեռնութեամբ կարող է քննութիւն սկսել։ Ուղղակի այստեղ մենք գործ կ’ունենանք դատախազական հայեցողութեան հետ,։ Եթէ պետութեան գործելակերպի պարագայում գործընթացի մեկնարկը երաշխաւորուած է, ապա հասարակական կազմակերպութիւնների գործունէութեան պարագայում սա միջնորդաւորուած է լինելու դատախազական հայեցողութեամբ, եւ մենք չգիտենք՝ այդ հայեցողութիւնը ինչպէս կօգտագործուի։ 

— Մի քանի օր առաջ Ադրբեջանը մէկ տարով հեռացուեց Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ), որին հետեւեց Բաքուի այն յայտարարութիւնը՝ սպառնալով, որ նրանք կարող են դուրս գալ առհասարակ Եւրոպայի խորհրդից։ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը Եւրոպայի խորհրդի ինստիտուտներից է, եւ եթէ մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը դուրս է գալիս Եւրոպայի խորհրդից, եւ հետեւաբար չի ճանաչում նաեւ ՄԻԵԴ-ի իրաւազօրութիւնը, ապա դա ի՞նչ ազդեցութիւն կարող է ունենալ յետագայ գործընթացների վրայ։

— Նախ նշեմ, որ դուրս գալու պարագայում դա վերաբերելու է ապագայում ծագած յարաբերութիւններին, այսինքն՝ Ադրբեջանի նոր խախտումների առնչութեամբ մենք եւ պետութիւնը զրկուած ենք լինելու հայցեր ներկայացնելու հնարաւորութիւնից, սակայն դա չի ազդում մինչեւ դուրս գալը առաջացած մարդու իրաւունքների պարտականութիւնների եւ պատասխանատուութեան վրայ։ Սա նշանակում է, որ արդէն իսկ ընթացող գործերով դատարանը պահելու է վճիռներ կայացնելու իր իրաւասութիւնը, եւ Ադբեջանը ունենալու է պարտականութիւն կատարել այդ գործերով դատական ակտէրը։ Սակայն, իհարկէ, մենք շատ լաւ հասկանում ենք, որ դուրս գալու պարագայում նուազելու է այս ատեանի հետ համագործակցութիւնը, անգամ ներկայում Ադրբեջանը չի համագորածկցում պատշաճօրէն Եւրոպայի խորհրդի հետ։ Մենք բազմիցս տեսել ենք, որ անգամ ռազմագերիներին առնչուող հարցադրումներում պատշաճ տեղեկատուութիւն չէն տրամադրել դատարանին, եւ այս առիթով խնդիրը նօթիֆիկաացուել էր նախարարաների կոմիտեին։ Նշեմ, որ հայերի առնչութեամբ կայացուած դատական ակտէրով Ադրբեջանը որեւէ կատարողական գործողութիւններ չի ձեռնարկել անգամ այն մինիմալ, դատարանի կողմից որոշուած գումարը վճարելու պարզունակ պարտականութիւն չի կատարում, ինչը յստակ ազդակ է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին եւ հայերին առնչուող խնդիրները չի ցանկանում լուծել իրաւական հարթակների միջոցով։ Այստեղ էապէս նուազելու է Ադրբեջանի համագործակցութիւնը դատարանի հետ, եւ եթէ Եւրոպայի խորհուրդը չուժեղացնի իր գործընկերութիւնը այլ կառոյցների հետ եւ նրանց հնարաւորութիւնների օգտագործմամբ ճնշում չբանեցնի Ադրբեջանի նկատմամբ, ես կարծում եմ՝ այդ դատական ակտէրի գործնական նշանակութիւնը էապէս կարող է նուազել։ Սակայն եթէ կոորդինացուած գործեն, այստեղ կարող են այլ տեսակի ճնշումներ գործադրել Ադրբեջանի նկատմամբ եւ վարքը դարձնել կառավարելի։ Իմ գնահատմամբ՝ լաւագոյն ճնշման ձեւերից մէկը պատժամիջոցների գործադրումն է, կարելի է սկսել պաշտօնեաների նկատմամբ, նրանց ինստիտուտների նկատմամբ սահմանափակումների կիրառումից, եւ եթէ դրանք ազդեցիկ չլինէն, ապա պատժամիջոցներ նախատեսուէն հէնց պետութեան նկատմամբ։

— Բայց այստեղ բացի Եւրոպայի խորհրդից կարեւոր է մեր արտաքին քաղաքականութիւնը, այսինքն՝ մենք քաղաքական խողովակներով ազդակներ յղենք միջազգային կառոյցներին եւ պետութիւններին Ադրբեջանի վրայ ճնշումը մեծացնելու նպատակով։

— Իհարկէ, դա անհրաժեշտ գործոն է։ Եթէ պետութիւնն այդ պատժամիջոցների կամ ճնշման պահանջարկը չի ձեւաւորում, ապա միջազգային հարթակում նման առաջարկ արտայայտող նման պետութիւններ չէն լինի։ Առանց պետութեան գործելակերպի, հասարակական կազմակերպութիւնների ջանքերն այս առումով շատ սիմուոլիկ են։ Եւ մենք բազմիցս ունեցել ենք խօսակցութիւններ, երբ մէզ նշել են, որ թէեւ որպէս կազմակերպութիւն, հասարակական միաւորներ՝ դուք այս խնդիրը դնում ենք, բայց մենք համանման խնդիրներ չենք լսում իշխանութիւններից, իսկ պետութեան դիրքորոշումը նմանատիպ հարցերում ունի առանցքային նշանակութիւն։

— 2023 թուականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով Արցախն ամբողջութեամբ հայաթափուեց, 100 հազարից աւել արցախցիներ բռնի տեղահանուեցին իրենց տներից։ Այժմ պարբերաբար խօսւում է նրանց իրաւունքների պաշտպանութեան մասին, վերադարձի իրաւունքի, սեփականութեան իրաւունքի։ Այս հարցում դուք որեւէ իրական հնարաւորութիւն տեսնու՞մ եք նրանց իրաւունքների պաշտպանութեան համար, երբ կարելի է շօշափելի արդիւնքի հասնել, թե՞ մենք հաշուի ենք առնում, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային ատեանների բոլոր որոշումները, եւ պայքարը համարում ենք անիմաստ։ 

— Նախ ես այն մօտեցման կողմնակիցն եմ, որ անգամ նրանց չընդունելու պարագայում այդ մեխանիզմներից պէտք է ակտիւօրէն օգտուել եւ պատկերաւոր ասած, սուր կախել Ադրբեջանի գլխին ու շարունակաբար ճնշել այքան ժամանակ, քանի դեռ կամքը կոտրուած չէ եւ հնարաւորութիւնները սահմանափակուած չէն։ Եւ պէտք չէ թոյլատրել, որ նրանք հեշտ ճանապարհով իրենց յանցաւոր օրակարագը կեանքի կոչէն։ Եթէ մենք չօգտուենք միջազգային ատեանների ընձեռած հնարաւորութիւններից, կարծես թէ հեշտացնում ենք այս յանցաւոր օրակարգի իրականացումը։ Ես առաւել քան վստահ եմ, որ վերադարձի իրաւունքը առաւելապէս ունի քաղաքական լուծում, քան իրաւական, եւ միայն իրաւունքը առանց քաղաքական լուծումների չի ապահովելու այս հնարաւորութիւնը։ Կարող եմ յստակ օրինակ բերել․ մենք ունենք «Սարգսեանն ընդդէմ Ադրբեջանի» գործը, որը կապուած է Շահումեանից տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքի հետ։ Այստեղ դատարանը եւ՛ արձանագրել է նրանց սեփականութեան իրաւունքի խախտումը, եւ՛ արձանագրել է վերադարձի իրաւունքը անվտանգային միջոցների ապահովմամբ։ Ընդ որում, այս գործընթացները նախաձեռնուել են դեռեւս 2000-ականներին, այսինքն՝ տասնեակ տարիներ անց մենք չունենք անձի վերադարձ միայն իրաւական լուծմամբ։ Այստեղ մէկ անձի կամ խմբերի վերադարձը հնարաւոր չի լինի, եթէ մեխանիզմներ չգործարկուեն, եւ եթէ միջազգային վերահսկողութեամբ այս խնդիրը չլուծուի, դատարանի ակտը, որպէս այդպիսին, կատարելի չէ, քանի որ այն պէտք է համակցուի անվտանգային միջոցառումներին, եւ առանց դրանց ապահովման մենք ուղղակի նոր սպառնալիքներ ենք ստեղծում անձի համար։ Հիմա այս գործը գտնւում է նախարարների կոմիտէի վերահսկողութեան ներքոյ, բայց երկխօսութիւնների արդիւնքում դեռ չի բացուել այն մեխանիզմը, որը պաշտպանուած եւ արժանապատիւ վերադարձի հնարաւորութիւն կը տայ։ Բայց դատարանի ներգրաւածութիւնը թոյլ է տալիս, որ այս հարցը բաց մնա եւ տարաբնոյթ քննարկումների արդիւնքում ձեւաւորուի այն քաղաքական կոնսենսուսը, որն իր մէջ, միգուցէ, նաեւ հանուն մարդու իրաւունքների լուծումներ կպարունակի։ Եթէ գործընթացները չլինէին մենք մէկընդմիշտ վերադարձի հնարաւորութեան ճանապարհը փակած կը լինէինք։ Դրա համար, կարծում եմ, գոնէ դուռը պէտք է բաց թողնել, պէտք է միջազգային մեխանիզմներից օգտուել եւ թոյլ տալ, որ գոնէ ապագայում, միգուցէ նաեւ տեւական քննարկումների, բանակցութիւնների արդիւնքում մի օր իրականութիւն դառնայ վերադարձի իրաւունքը։

hetq.am

Share