ՀՅԴ Երիտասարդական միութիւնների յայտարարութիւնը՝ Ադրբեջանական գերութեան մէջ գտնուող հայ պատանդների 1,000-րդ օրուայ առիթով

ՀՅԴ Երիտասարդական միութիւնների յայտարարութիւնը՝ Ադրբեջանական գերութեան մէջ գտնուող հայ պատանդների 1,000-րդ օրուայ առիթով

Այսօր ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի, Արեւելեան Ամերիկայի և Քանատայի Երիտասարդական Միութիւնները (ՀԵԴ) վերահաստատում են արդարութեան եւ Բաքւում ապօրինի պահուող հայ պատանդների անհապաղ ազատ արձակման իրենց պահանջը։

2026 թուականի Յունիսի 29-ը նշանաւորում է Ադրբեջանի կողմից ապօրինի կալանքի տակ պահուող բազմաթիւ հայ պատանդների գերութեան 1,000-րդ օրը։ Թէեւ շատերն արդէն անցել են գերութեան 1,000 օրը, միւսները բանտարկուած են աւելի քան 2,000 օր։

Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով պահուող յայտնի հայ պատանդներն ու նրանց գերութեան տեւողութիւնը հետեւեալն են.

  • Դաւիթ Ռուբենի Իշխանեան – 1,000 օր
  • Արայիկ Վլադիմիրի Յարութիւնեան – 1,000 օր
  • Արկադի Արշաւիրի Ղուկասեան – 1,000 օր
  • Բակօ Սահակի Սահակեան – 1,000 օր
  • Լեւոն Հենրիկի Մնացականեան – 1,004 օր
  • Դաւիթ Կլիմի Բաբայեան – 1,005 օր
  • Ռուբէն Կարլէնի Վարդանեան – 1,006 օր
  • Դաւիթ Անտրանիկի Մանուկեան – 1,006 օր
  • Առաքել Մարատի Բաբայեան – 1,014 օր
  • Ռաշիտ Արամայիսի Բեգլարեան – 1,063 օր
  • Ալեօշա Արամայիսի Խոսրովեան – 2,096 օր
  • Լիւտվիգ Մկրտիչ Մկրտչեան – 2,079 օր
  • Գարիկ Մարտիրոսեան – 1,000+ օր
  • Լեւոն Բալայեան – 1,000+ օր
  • Դաւիթ Ալլահվերդեան – 1,000+ օր
  • Վասիլի Բեգլարեան – 1,000+ օր
  • Մելիքսեթ Փաշայեան – 1,000+ օր
  • Գուրգէն Ստեփանեան – 1,000+ օր
  • Էրիկ Ղազարեան – 1,000+ օր

Բացի այդ, Հայկական Իրավական Կենտրոնը (Armenian Legal Center) նշում է, որ 2020 թուականից յետոյ Արցախից առնուազն 80 բռնի անհետացման եւ աւելի քան 200 անհետ կորած անձանց դէպքեր կան, որոնց վերաբերեալ Ադրբեջանը չի կատարում հետաքննութիւն իրականացնելու եւ դրանց գոյութիւնը ճանաչելու իր պարտաւորութիւնները։

Արդէն հազար օր է, ինչ Ադրբեջանը հայ պատանդներին ենթարկում է ապօրինի կալանքի, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի, կազմակերպում է կեղծ դատավարութիւններ եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ՝ փորձելով օրինականութեան տեսք տալ Արցախի դէմ իրականացուած ցեղասպանութեանը։ Այս դատավարութիւնները արդարադատութիւն չեն, այլ քաղաքական հետապնդման գործիքներ, որոնց նպատակն է յանցագործ ներկայացնել Արցախի ղեկավարութեանը, խեղաթիւրել պատմական ճշմարտութիւնը եւ բնականոն դարձնել Ադրբեջանի էթնիկ զտման հետեւանքները։

Ադրբեջանի կողմից քաղաքական նպատակներով գերեվարուած այս անձինք՝ Արցախի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի՝ իր բնիկ հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու իրաւունքի խորհրդանիշները, շարունակաբար անտեսուել են Հայաստանի ներկայիս իշխանութեան կողմից։ Դա արտացոլում է միտումնաւոր հրաժարումը պաշտպանելու նրանց, ովքեր մարմնաւորում են Արցախի ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՅԴ անդամ Դաւիթ Իշխանեանը վերջերս յղած իր նամակում յիշեցնում է, որ ադրբեջանցի պաշտօնեաները իրեն ասել են. «Դուք այստեղ կը մնաք այնքան ժամանակ, որքան Հայաստանի իշխանութիւնները կը ցանկանան»։ Իշխանեանի խօսքը յստակ է. Ադրբեջանը վստահ է, որ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած հակահայ վարչակարգն ու նրա քաղաքական համակարգը կը շարունակեն հայ պատանդների ճակատագիրը ստորադասել իրենց հակահայ օրակարգին։

Այս գնահատականը աւելի է ամրապնդւում այն տեղեկութիւններով, որոնց համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինեանը պահանջել է, որ հայ պատանդների հարցը դուրս թողնուի Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացեալ Նահանգների միջեւ եռակողմ բանակցութիւններից։ Սա փաստում է, որ նրանց ազատութիւնը բանակցութիւններից բացառելու ցանկացած փորձ իրականում նրանց ճակատագիրը յանձնում է այն վարչակարգի ձեռքը, որն իրականացրել է Արցախի ցեղասպանութիւնն ու բռնի հայաթափումը։ Ցանկացած համաձայնութիւն, որը չի նախատեսում Ադրբեջանի կողմից ապօրինի պահուող բոլոր հայերի անհապաղ ազատ արձակումը, խաղաղութեան ճանապարհ չէ, այլ անարդարութեան եւ ենթարկեցման շարունակութիւն։

Այս շարունակուող անարդարութիւնը նաեւ յստակ պատգամ պէտք է լինի հայ ժողովրդին, որ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած հակահայ իշխանութիւնը չի դարձրել Ադրբեջանի կողմից ապօրինի պահուող հայերի ազատութիւնը ազգային առաջնահերթութիւն եւ չի ներկայացրել նրանց ազատ արձակման որեւէ իրական ռազմավարութիւն։

Թէեւ մենք անվերապահօրէն պահանջում ենք Ադրբեջանի կողմից ապօրինի պահուող բոլոր հայ քաղաքացիական անձանց, ռազմագերիների եւ քաղաքական պատանդների անհապաղ ազատ արձակումը, միաժամանակ կարեւոր ենք համարում ընդունել նրանց գերութեան տարբեր իրաւական եւ քաղաքական հանգամանքները։ Բաքւում պահուող բոլոր անձանց բացառապէս որպէս ռազմագերիներ ներկայացնելը կարող է ակամայ ամրապնդել Ադրբեջանի կեղծ այն պնդումը, թէ 2023 թուականի Սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ցեղասպանութիւնն ու էթնիկ զտումը տեղի են ունեցել պատերազմի պայմաններում, այլ ոչ թէ եղել են բնիկ հայկական բնակչութեան բռնի տեղահանութիւն իր հայրենիքից։ Բանտարկուածներից շատերը քաղաքական պատանդներ են, որոնք ապօրինի կերպով պահւում են մի վարչակարգի կողմից, որը միաժամանակ ժխտում է Արցախի Հանրապետութեան գոյութիւնը եւ դատապարտում նրա ղեկավարներին՝ այն պաշտպանելու համար։

Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, որը Բաքւում ապօրինի պահուող բազմաթիւ քաղաքական պատանդներից մէկն է, կանգնած է աւելի քան քառասուն քաղաքական շարժառիթներով առաջադրուած մեղադրանքների առջեւ, այդ թւում՝ դաւաճանութեան եւ ահաբեկչութեան մեղադրանքներով, մի պետութեան դատարանի առջեւ, որը չունի իրեն դատելու իրաւական հիմք։

Իրաւաբանների Միջազգային Յանձնաժողովը (ICJ) իր վերջին՝ Justice Under Pressure: Independence of Lawyers and the Right to a Fair Trial in Azerbaijan զեկոյցում եզրակացրել է, որ Արցախի նախկին պաշտօնեաների նկատմամբ ռազմական դատարանում ընթացող դատավարութիւնները ուղեկցւում են «արդար դատաքննութեան իրաւունքների համակարգային խախտումներով» եւ կարող են համարուել «քաղաքական ցուցադրական դատավարութիւններ»։ Ադրբեջանը միաժամանակ ժխտում է Արցախի Հանրապետութեան գոյութիւնը եւ նոյն ժամանակ նրա պաշտօնեաներին դատում է Ադրբեջանի նկատմամբ դաւաճանութեան մեղադրանքով՝ բացայայտելով այդ քաղաքական հետապնդումների հիմնարար հակասութիւնը։

Մեր պատանդները շարունակում են ենթարկուել կեղծ դատավարութիւնների, մարդու իրաւունքների կոպիտ խախտումների, ադրբեջանական իշխանութիւնների հալածանքների եւ Հայաստանի ներկայիս իշխանութեան անտարբերութեանը։ Այս յայտարարութեամբ Հիւսիսային Ամերիկայի ՀՅԴ Երիտասարդական Միութիւնների երեք շրջանները վերահաստատում են Ադրբեջանի կողմից ապօրինի պահուող իւրաքանչիւր հայի ազատութեան համար պայքարը շարունակելու հրատապ անհրաժեշտութիւնը։

Հայոց պատմութեան այս ճակատագրական պահին մենք չենք կարող մեզ թոյլ տալ անտեսել կամ լքել միմեանց։ Նրանք, ովքեր որպէս ժողովուրդ եւ ազգ այսօր ամէնից շատն ունեն մեր ուշադրութեան եւ աջակցութեան կարիքը, չպէտք է մնան անտեսուած կամ մոռացուած։ Միայն վարչապետ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած հակազգային, հակահայ եւ դաւաճան իշխանութիւնը կարող էր գիտակցաբար վարել այնպիսի քաղաքականութիւն, որի հետեւանքով այս մարդիկ շարունակում են մնալ բանտերում այն պահին, երբ ամէնից շատն ունեն ամբողջ հայութեան անսասան աջակցութեան կարիքը։

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Երիտասարդական Միութիւնը, ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի Երիտասարդական Միութիւնը եւ ՀՅԴ Քանատայի Երիտասարդական Միութիւնը կոչ են անում անհապաղ ազատ արձակել Բաքւում ապօրինի պահուող բոլոր հայերին եւ ամբողջութեամբ չեղարկել նրանց դէմ ներկայացուած կեղծ մեղադրանքները։

Թող այս յայտարարութիւնը լինի թէ՛ արդարութեան հետապնդումը շարունակելու նոր կոչ, թէ՛ դիմում բոլոր հայերին՝ մերժելու Հայաստանի ներկայիս իշխանութեան անտարբերութիւնն ու հաշտուողականութիւնը իր հիմնական պարտականութեան՝ հայ պատանդների ազատութիւնն ապահովելու հարցում։

Share