«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը Բաքուի դատարանի կողմից որակուել է որպէս յանցաւոր գործունէութիւն

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը Բաքուի դատարանի կողմից որակուել է որպէս յանցաւոր գործունէութիւն

Երեւան։ Մեդիամաքս։ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանն այսօր ասել է, որ «Բաքւում Ռուբէն Վարդանեանի դատավճռի ուսումնասիրութիւնը ցոյց տուեց, որ տեղի են ունեցել մարդու իրաւունքների բազմաթիւ խախտումներ»։

«Ողջ դատավարութիւնը ֆարս է հանդիսացել։ Խախտուել են ոչ միայն իրաւական ու բարոյական նորմերը, այլեւ ողջամտութեան ու բանականութեան սահմանները։ Դրա արդիւնքը լեգիտիմ չէ, եւ մենք մեր իրաւական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ։ Ռուբէն Վարդանեանի գործին արդէն իսկ տրուած է հերթական համար, գործը քննուելու է դատարանի կողմից»,– լրագրողների հետ զրոյցում ասել է Սիրանուշ Սահակեանը։

Իրաւապաշտպանն ասել է, որ Ռուբէն Վարդանեանին վերագրուել են մի քանի տասնեակ մեղադրանքներ, որոնք «իրականութեան հետ որեւէ կապ չունեն, քանի որ չի հաստատուել նրա մասնակցութիւնն իրեն վերագրուած յանցանքներին»։

«Ռուբէն Վարդանեանի կողմից իրականացուած բարեգործութիւնները ներկայացուել են որպէս յանցաւոր գործունէութիւն։ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը Բաքուի դատարանի կողմից որակուել է որպէս յանցաւոր գործունէութիւն, իսկ դափնեկիրներն ընկալուել են որպէս յանցաւոր կազմակերպութեան անդամներ»։

Ինչ վերաբերում է Ռուբէն Վարդանեանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնութեանը՝ ձեւաւորել կանանց միջազգային հումանիտար պատուիրակութիւն Բաքւում գտնուող հայ պատանդների հետ հանդիպելու համար, Սիրանուշ Սահակեանն ասել է, որ Հայաստանը դեռ պաշտօնական պատասխան չի տուել։

«Հարցը քննարկման փուլում է, ակնկալում ենք, որ հնարաւորինս սեղմ ժամկէտներում Հայաստանը դիրքորոշում կը ձեւաւորի։ Առանց պետութեան աջակցութեան ոչ միայն հնարաւոր չէ պատուիրակութեան այց իրականացնել Բաքու, այլեւ մուտք գործել փակ հաստատութիւն եւ անձնական իրեր փոխանցել հայ գերիներին»,– ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։

Անդրադառնալով Բաքւում պահուող միւս հայ գերիներին՝ իրաւապաշտպանը նշել է.

«Նրանք պահւում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացուած պայմաններում։ Խախտւում են նաեւ նրանց այլ իրաւունքներ, օրինակ՝ զբօսանքի իրաւունքը, բայց գերագոյն խնդիրը բացարձակ մեկուսացուածութիւնն է։ Արտաքին աշխարհի հետ միակ շփումը հեռախօսային խօսակցութիւնն է»։

Share