Արցախի հարցը` օրակարգում

Արցախի հարցը` օրակարգում

«Ապառաժ»-ի Խմբագրական

Արցախի հարցը շարունակւում է համահայկական ազգային ուժերով միջազգային օրակարգում պահուել: Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը կարեւոր մեկնակէտ էր այս առումով:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած 150 պատուիրակների թւում էր նաեւ Արցախի Ազգային Ժողովի նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը: Արցախի իշխանութիւններն, հայաթափումից ի վեր, առաջին անգամ հնարաւորութիւն ունեցան ներկայացնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերը: Խորհրդաժողովին Ամենայն Հայոց Գարեգին Բ․ Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա․ Վեհափառի ուղերձներում կարեւորուեց Սփիւռքի համախմբումը ազգային օրակարգերի շուրջ, Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան շուրջ, վերադարձի իրաւունքի, հայ գերիների ազատ արձակման ուղղութեամբ մէկտեղելով ջանքերը:

Խորհրդաժողովը կարեւոր արձանագրումներ արեց Արցախի ժողովրդի իրաւունքների պայքարի շուրջ: Վերահաստատեց համահայկական ուժերի համախմբումը միջազգային օրակարգում պահելու Արցախի հարցն ու տեղահանուած ժողովրդի վերադարձի իրաւունքի իրացման պայքարը, Արցախի վտանգուած մաշկութային եւ հոգեւոր արժէքների պաշտպանութեան անհրաժեշտութիւնը:

Կարեւորեց գերիների անյապաղ ազատ արձակման հարցի հետապնդումը: Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ հաւաքական վերադարձի իրաւունքի միջազգայնացման ուղղուած աշխատանքները:

Արցախի պետական կառոյցների գործունէութեան լիարժէք աջակցութիւնը:

Արցախի Հանրապետութիւնից բռնի տեղահանուած հայրենակիցների` Հ․Հ․-ում քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեան եւ ընկերային-տնտեսական խնդիրների լուծման ուղղութեամբ աշխատանքները:

Արցախի պատուիրակութիւնն առիթ ունեցաւ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին ներկայացնելու Արցախի ժողովրդի իրաւունքների հարցերն ու Բաքւում պահուող հայ գերիների ազատ արձակման ուղղութեամբ միջազգային ճնշումներ գործադրելու անհրաժեշտութիւնը:

Ներկայ հանգրուանում, երբ Հ․Հ․ իշխանութիւնները հրաժարւում են արցախցիների իրաւունքների համար պայքարից, շատ կարեւոր է համակարգուած եւ շարունակական աշխատանքը Սփիւռքի ներուժով եւ ազգային կառոյցների ջանքերով Արցախի իշխանութիւններին հնարաւորութիւն տալու ներկայացնելու միջազգային տարբեր հարթակներում Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան հարցերը:

Հայ Դատի աշխարհասփիւռ կառոյցներն իրենց անխոնջ աշխատանքով շարունակում են բարձրաձայնել արցախցիների ձայնը, սակայն Հ․Հ․ իշխանութիւնների մերժողական քաղաքականութիւնը գլխաւոր արգելքն է հանդիսանում այս կարեւոր ջանքերի: Ուստի, Յունիսի 7-ը կարեւոր է Արցախի ու արցախցիների վերադարձի իրաւունքի պայքարի համար:

Share