Հայ ծանրորդները երկամարտի 5 ոսկէ, 6 արծաթէ եւ 6 բրոնզէ մեդալ են նուաճել Եւրոպայի Մ20 եւ Մ23 առաջնութիւններում

Հայ ծանրորդները երկամարտի 5 ոսկէ, 6 արծաթէ եւ 6 բրոնզէ մեդալ են նուաճել Եւրոպայի Մ20 եւ Մ23 առաջնութիւններում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հաւաքականներն աւարտել են ելոյթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացուած ծանրամարտի Եւրոպայի Մ20 եւ Մ23 տարեկանների առաջնութիւններում՝ ընդհանուր առմամբ երկամարտում նուաճելով 5 ոսկէ, 6-ական արծաթէ եւ բրոնզէ մեդալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի թիմի վերջին մեդալը նուաճել է Մերի Թումասեանը (+87 կգ)՝ դառնալով Եւրոպայի Մ23 տարեկանների առաջնութեան փոխչեմպիոն։

Հայ մարզուհին երկամարտում գրանցել է 208 կգ (93+115) արդիւնք եւ կանգնել պատուոյ հարթակի երկրորդ աստիճանին: Պոկում եւ հրում վարժութիւններում եւս Թումասեանը փոքր արծաթէ մեդալներ է նուաճել։

Նշէնք նաեւ՝ Մ20 տարեկանների հաւաքականը Եւրոպայի առաջնութեան թիմային հաշուարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետեանը ճանաչուել է առաջնութեան լաւագոյն մարզիկ: Մ23 տարեկանների հաւաքականը թիմային հաշուարկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Մ23 տարեկանների պայքարում աւելի վաղ երկամարտի ոսկէ մեդալներին արժանացել են Ռաֆիկ Յարութիւնեանը (81 կգ), Գառնիկ Չոլակեանը (61 կգ) եւ Լիանայ Գիւրջեանը (87 կգ), իսկ Կարէն Մարգարեանը (81 կգ) եւ Պետրոս Պետրոսեանը (109 կգ) դարձել են արծաթէ մեդալակիր:

Մինչեւ 20 տարեկանների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել են Սուրէն Գրիգորեանը (89 կգ) եւ Գարիկ Կարապետեանը (102 կգ): Տիգրան Կարապետեանը (67 կգ), Գոռ Սահակեանը (73 կգ) եւ Էմմայ Պողոսեանը (81 կգ) նուաճել են արծաթէ մեդալներ, իսկ Ալեքսանդրայ Գրիգորեանը (58կգ), Ջուլիետայ Աւանեսեանը (+87) Սեյրան Խուդանեանը (55 կգ), Մերուժան Եղոյեանը (61 կգ), Մարտին Պողոսեանը (73 կգ) եւ Մնացական Աբրահամեանը (81 կգ) դարձել են բրոնզէ մեդալակիրներ:

Share