Հայկական երազանքը»՝ ընդդէմ Հայաստանի շահերի

Հայկական երազանքը»՝ ընդդէմ Հայաստանի շահերի

Յարութիւն Աւետիսեան 

Տարածաշրջանային քաղաքական առեւտուրը եռում է, սակայն Հայաստանն առեւտրի կողմից վերածուել է առեւտրի առարկայի։ Ֆորմալ առումով, իհարկէ, Հայաստանը դեռեւս մասնակցում է առեւտրին՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի։ Բայց կայ մի կարեւոր հարցադրում, որի պատասխանից է կախուած առեւտրի հետագայ ընթացքն ու Հայաստանի ճակատագիրն ընդհանրապէս․ ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինեանը Երեւան-Մոսկուա, Երեւան-Բրիւսէլ, Երեւան-Վաշինգտոն ու մնացած ուղղութիւններով խաղի մէջ․ նա լուծում է Հայաստանի պետակա՞ն շահերի սպասարկման, թէ՞ իր իշխանութեան պահպանման հարցը։

Սա կարեւորագոյն, սկզբունքային հարց է, որովհետեւ դրանցից իւրաքանչիւրի սպասարկումը ենթադրում է միանգամայն տարբեր ռեժիմներ եւ արդիւնքներ։ Ընդ որում, իրավիճակը հասել է մի հանգուցակէտի, երբ Հայաստանի շահերի քիչ թէ շատ անվնաս, իսկ իրականում՝ յարաբերականօրէն պակաս վնասակար իրացումը գործնականում հնարաւոր է միայն Նիկոլ Փաշինեանի՝ իշխանութիւնից հրաժարուելու պարագայում, եւ հակառակը՝ Փաշինեանը կարող է շարունակել պահպանել իշխանութիւնը միայն Հայաստանի շահերի հաշուին հերթական զիջման գնալու միջոցով։

Լայն իմաստով, այս հակասականութիւնը հայկական պետականութեան ու քաղաքական համակարգի ողբերգականութեան արտայայտութիւնն է, երբ պետութիւնը ղեկավարում է մարդ, ում շահերը ոչ միայն հակոտնեայ են պետական շահին, այլ կարող են իրացուել միայն պետութեան շահերի հաշուին։ Ընդ որում, այս պատկերն աւելի է խտացել այն իմաստով, որ իշխանութեան պահպանումը Նիկոլ Փաշինեանի համար վերածուել է ոչ միայն քաղաքական, այլ ընդհուպ ֆիզիկական գոյութեան պահպանման միակ միջոցի, ինչին նպաստել է նաեւ ընդդիմութեան որոշ հատուածի հռետորաբանութիւնը պատերազմին յաջորդած երկու տարիների ընթացքում։

Եւ ստացուել է այնպէս, որ երկու տարի շարունակ ընդդիմութիւնը՝ յայտարարելով պատժի, դատաստանների, կախաղանների եւ այլնի մասին՝ այդպիսով փորձելով Նիկոլ Փաշինեանին դրդել հրաժարականի, իրականում ակամայից աւելի է մղել դէպի իշխանութիւն՝ գործնականում զմռսելով նրան վարչապետի աթոռին, առանց որի նա չի պատկերացնում ոչ միայն քաղաքական գոյութիւնը, այլ գոյութիւնն ընդհանրապէս։ Այս իրավիճակը՝ անկախ դրա առաջացման օբիեկտիւ, սուբիեկտիւ, խուսափելի ու անխուսափելի պատճառներից, մեծագոյն նւէր է մեր տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր ուժային կենտրոններին ու երկրներին՝ սկսած Ադրբեջանից ու Թուրքիայից, մինչեւ Ռուսաստան, ԱՄՆ, Իրան ու Եւրոմիութիւն։

Նիկոլ Փաշինեանը բոլոր այդ եւ չթուարկուած այլ կենտրոնների համար «հայկական երազանք» է, ում՝ իշխանութեան պահպանման ընդհուպ բնազդային ցանկութիւնների վրայ ներազդելով, նրանք կարող են բաւարարել իրենց այնպիսի շահերը, որոնց մասին նոյնիսկ չէին երազի Հայաստանում այլ քաղաքական իշխանութեան ու առաջնորդի առկայութեան դէպքում։

Իրար հակասող, հակամէտ շահեր ունեցող երկրների շրջանում, այսպիսով, Նիկոլ Փաշինեանի անձի շուրջ ձեւաւորուել է աշխարհաքաղաքական կոնսենսուս, որը կենսունակ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինեանն առաջնորդւում է ոչ թէ հայկական շահերով, այլ տարածաշրջանային բոլոր խաղացողների պահանջներն աւելի կամ պակաս չափով բաւարարելու սկզբունքով։ Հասկանալի է, որ բոլորին չմերժելու նրա մարտավարութիւնը չի կարող յաւերժ շարունակուել, եւ գալու է մի պահ, երբ հերթական անգամ բեւեռներից մէկի պահանջների բաւարարումը յանգեցնելու է միւսի կամ միւսների այնպիսի հակազդեցութեանը, որի արդիւնքում նրա շուրջ կոնսենսուսը փլուելու է խաղաքարտէ տնակի նման։ Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանն այդքան ժամանակ չունի, եւ մինչեւ այդ պայմանական յանգուցակէտը հայկական շահերը կարող են սպառուած լինել վերջնականօրէն։

168.am

Share