ՀՅԴ ԳՄ-ն գուժում է ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչի) անժամանակ մահը

ՀՅԴ ԳՄ-ն գուժում է ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչի) անժամանակ մահը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը գուժում է ազատամարտիկ, ազգային-յեղափոխական երգերի կատարող, գաղափարի ընկեր Մկրտիչ Մկրտչեանի (Մակիչի) անժամանակ մահը եւ ցաւակցում նրա ընտանիքին, հարազատներին ու մտէրիմներին:

Մկրտիչ Մկրտչեանը ծնուել է 1962 թ. ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշէն գիւղում:

1988 թ. ընդունուել է Երեւանի պետական կոնսերուատորիայ:

1990 թ. Մկրտիչ Մկրտչեանը միանում է Թաթուլ Կրպեյեանի գլխաւորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին, Գետաշենի անկումից յետոյ տեղափոխւում Շահումեանի շրջան եւ ընդգրկւում Վերիշենի ջոկատում, իսկ Շահումեանի անկումից յետոյ տեղափոխւում Մարտակերտ:

Յետագայում Մկրտիչ Մկրտչեանն ընդգրւում է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողութիւնների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու, Քարովաճառի շրջաններում: 1993 թ. մարտի 7-ին Մանիքլու գիւղի մատոյցներում վիրաւորուել է:

Մկրտիչ Մկրտչեանը մասնակցել է նաեւ 2016 թ. քառօրեայ եւ 2020 թ. 44-օրեայ պատերազմներին: 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրաւորուել է:

Մկրտիչ Մկրտչեանը ՀՀ վաստակաւոր արտիստ էր, պարգեւատրուել է ԼՂՀ «Արիութիւն» եւ ՀՀ «Մարտական ծառայութեան համար» մեդալներով: Նրա կատարումները մարտակոչ են հանդիսացել Արցախեան գոյապայքարի ողջ ընթացքում:

Տեղեկացնում ենք, որ Մկրտիչ Մկրտչեանի հոգեհանգիստը տեղի կ’ունենայ նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ից Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, յուղարկաւորութիւնը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ին «Եռաբլուր» պանթէոնում:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
04.11.2023 թ.

Share