Արամ Համբարեանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի յայտարարութիւններին

Արամ Համբարեանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի յայտարարութիւններին

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի կենտրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ վերջերս արած յայտարարութիւններին եւ կոշտ քննադատութեան ենթարկել ԱՄՆ վարչակազմին՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու եւ, ըստ այդմ, ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանի կազմում էթնիկ զտման եւ ցեղասպանութեան վտանգի առջեւ կանգնեցնելու դիրքորոշման համար։

Նախագահ Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարեանը համարել է անխոհեմ եւ որակել որպէս Արցախի 120․000 հայ բնակչութեան մահապատիժ։ Հայ դատի յանձնախմբի նախագահը նկատել է՝ նման վախկոտ կեցուածքը հարիր չէ Ամերիկայի նման պետութեան, որը ձգտում է միջազգային բազմոլորտ առաջնորդութեան։ Ըստ նրա՝ Միացեալ Նահանգները կրում է ինչպէս բարոյական, այնպէս էլ միջազգային իրաւական պարտաւորութիւններ՝ կանխելու էթնիկ զտումները: Ադրբեջանի գործողութիւնները հէնց ապացոյց են այն բանի, որ Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների հայերը կանգնած են ցեղասպանութեան վտանգի առաջ։

Համբարեանն արձանագրել է՝ Արցախը պաշտպանելու համար ԱՄՆ վարչակազմի կողմից վճռական եւ կանխարգելիչ գործողութիւններ չձեռնարկելը Միացեալ Նահանգներին մեղսակից է դարձնում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման քաղաքականութեանը։ Աւելին, վարչակազմը քաջալերում է ադրբեջանական ագրեսիան՝ շարունակելով ԱՄՆ ռազմական օգնութիւնը Ադրբեջանին, մերժելով ԱՄՆ-ի մարդասիրական օգնութիւնն Արցախին եւ բազմիցս չկարողանալով պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին իր ռազմական յանցագործութիւնների եւ իրաւունքների ոտնայարման համար:
Ժամանակն է՝ Բայդէն-Հարիսի վարչակազմը կատարի Ամերիկայի բարոյական եւ իրաւական պարտաւորութիւնները՝ կանխելու ադրբեջանական ցեղասպանութիւնն Արցախի դէմ, մասնաւորապէս․

1.ԱՄՆ-ը Բաքուի առջեւ պէտք է խիստ վերջնաժամկէտ դնի՝ շրջափակումը վերացնելու եւ Արցախի եւ Հայաստանի դէմ ագրեսիայի բոլոր գործողութիւնները դադարեցնելու համար։

2.Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամբ ԱՄՆ-ն պէտք է կիրառի «Գլոբալ Մագնիտսկու» եւ այլ պատժամիջոցներ, ամբողջութեամբ կիրարկի Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածը եւ արգելափակի ամերիկեան զէնքի կամ պաշտպանական ապրանքների փոխանցումն Ադրբեջանին։

3.ԱՄՆ-ը պէտք է անեապաղ կոնկրէտ գործողութիւններ ձեռնարկի Արցախում ցեղասպանութիւնը կանխելու համար՝ առաջնորդելով Արցախի ինքնակառավարման կարգավիճակի ճանաչման միջազգային ջանքերը եւ պահանջելով ՄԱԿ-ի անվտանգութեան երաշխիքներ, միջազգային կայուն խաղաղապահ ներկայութիւն, ամերիկեան եւ միջազգային հումանիտար աջակցութիւն, Հայաստանի հետ ապահով տրանսպորտային, առեւտրային եւ էներգէտիկ կապ, բուֆերային գօտի եւ պարենային, ջրի եւ էներգէտիկ անվտանգութիւն:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
07.07.2023թ.

Share