Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանը «Կինոյի միջոցով շահերի պաշտպանութիւն» մրցանակը կը յանձնի Արցախում մեծացած աշխարհահռչակ կինոռեժիսորին, որի բարձր գնահատանքի արժանացած ֆիլմերը, չնայած թեմայի շուրջ առկայ զգալի քաղաքական ճնշումներին եւ գրաքննութեանը, իր հայրենիքի պատմութիւնը հասցրել են միջազգային էկրաններ։
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, Կալիֆորնիա — Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանը (ANCA-WR) հպարտութեամբ յայտարարում է, որ միջազգային մրցանակների արժանացած կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանը 2026 թուականի «Կինոյի միջոցով շահերի պաշտպանութիւն» մրցանակին կ՚արժանանայ կազմակերպութեան ամենամեայ գալա-ճաշկերոյթի ընթացքում, որը տեղի կ՚ունենայ կիրակի՝ 2026 թուականի հոկտեմբերի 11-ին, Լոս Անջելեսի Taglyan Complex-ում։ ANCA-WR-ի «Կինոյի միջոցով շահերի պաշտպանութիւն» մրցանակը շնորհւում է այն արուեստագէտին, որի ստեղծագործութիւնը Արցախի եւ հայ ժողովրդի յիշողութիւնը, ինքնութիւնն ու պատմութիւնը հասցնում է աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսին։
«Իր ֆիլմերի միջոցով Ջիւան Աւետիսեանն արել է այն, ինչ մեր համայնքում շատ քչերն են հնարաւորութիւն ունեցել անել՝ Արցախի պատմութիւնը հասցնել այնպիսի հանդիսատեսի, որը հակառակ դէպքում գուցէ երբեք չլսէր դրա մասին»,- յայտարարել է ՀԴՅ Յանձնախմբի Տնօրէնների խորհրդի նախագահ Օշին Յարութիւնեանը։ «Նրա աշխատանքը դուրս է կինոյի սահմաններից. այն վկայութիւն է՝ պահպանուած եւ փոխանցուած, որպէսզի Արցախի ճշմարտութիւնն ու յիշողութիւնը երբեք չջնջուեն։ Այս տարուայ «Կինոյի միջոցով շահերի պաշտպանութիւն» մրցանակակիր ճանաչուելը արտացոլում է այն կենսական դերը, որ արուեստն ունի մեր շահերի պաշտպանութեան գործում»։
Աւետիսեանի պատմութիւնը սկսուել է Գիւմրիում, որտեղ նա ծնուել է, եւ շարունակուել Արցախում, որտեղ մեծացել է եւ, իր իսկ վկայութեամբ, ապրել երեք պատերազմ։ Տեղահանութեան ու կորստի այդ փորձառութիւնը դարձել է նրա կեանքի գործի հիմքը՝ կինոյի միջոցով պահպանել այն, ինչ պատերազմը կարող էր խլել իր ժողովրդից, բայց չէր կարող ջնջել յիշողութիւնից։ Այժմ նա բնակւում է Երեւանում, որտեղ Fish Eye Art Cultural Foundation-ի համահիմնադիրն ու գլխաւոր գործադիր տնօրէնն է, ինչպէս նաեւ LifeTree Pictures, LLC-ի հիմնադիրն ու գլխաւոր գործադիր տնօրէնը։

«Ես ֆիլմեր եմ նկարահանում, որովհետեւ չեմ ուզում, որ Արցախը անհետանայ աշխարհի յիշողութիւնից»,- ասել է Աւետիսեանը։ «Չեմ ուզում, որ իմ ժողովուրդը դառնայ ընդամէնը պատմութեան գրքի մի գլուխ։ Ուզում եմ, որ նրանց դէմքերը յիշուեն, նրանց ձայները լսուեն, իսկ նրանց պատմութիւնները շարունակեն փոխանցուել։ Կինոն չի կարող փոխել անցեալը կամ վերակառուցել մեր կորցրած տները, բայց կարող է պահպանել այն, ինչը երբեք չպէտք է մոռացուի։ Եւ քանի դեռ ձայն ու տեսախցիկ ունեմ, շարունակելու եմ պատմել Արցախի պատմութիւնը»։
Աւետիսեանը Berlinale Talents 2020 ծրագրի շրջանաւարտ է, Cinelink Producers’ Lab 2024-ի մասնակից եւ Եւրոպական կինոակադեմիայի քուէարկող անդամ։ Նա նկարահանել է աւելի քան տասը վաւերագրական եւ կարճամետրաժ ֆիլմ, ինչպէս նաեւ միջազգային մրցանակների արժանացած երեք լիամետրաժ ֆիլմ՝ «Թեւանիկ» (2014), «Վերջին բնակիչը» (2016) եւ «Դրախտի դարպասը» (2019)։ Դրանցից իւրաքանչիւրը ստեղծուել է միջազգային համարտադրութեամբ եւ միջազգային դերասանական կազմի մասնակցութեամբ։ Նրա ֆիլմերը ցուցադրուել են Միացեալ Նահանգների AMC կինոթատրոններում եւ Եւրոպայի տարբեր փառատօներում՝ միաժամանակ բախուելով զգալի քաղաքական ճնշումների եւ գրաքննութեան՝ Արցախի պատկերման պատճառով։
Աւետիսեանի յաջորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Վերածնուածը», միջազգային համարտադրութեան եւ հրատապ պատմողականութեան իրեն բնորոշ համադրութիւնը տեղափոխում է նոր հարթութիւն։ «Վերածնուածը» ներկայացւում է որպէս պատերազմի, յիշողութեան եւ այն հետեւանքների էպիկական ուսումնասիրութիւն, որոնք առաջանում են, երբ բուժելու նպատակով ստեղծուած տեխնոլոգիան վերածւում է զէնքի։ Աւետիսեանն ու նրա թիմը մշակման փուլում ունեն նաեւ մի շարք այլ նախագծեր, այդ թւում՝ «Black List Angels 2020» եւ «5000 Years, 9 Months, 10 Days» լիամետրաժ ֆիլմերը, «Baa’bel» անիմացիոն ֆիլմը եւ «The Stateless Diplomat» հեռուստամինի-սերիալը։
Ջիւան Աւետիսեանին Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի «Կինոյի միջոցով շահերի պաշտպանութիւն» մրցանակին արժանացնելը ընդգծում է կազմակերպութեան յանձնառութիւնը՝ պատուելու այն արուեստագէտներին, որոնք համաշխարհային բեմում պահպանում են Արցախի յիշողութիւնը, ինքնութիւնն ու պատմութիւնը։ Գնահատելով նրա աշխատանքը՝ Հայ դատի յանձնախումբը վերահաստատում է կինոյի եւ մշակոյթի կենսական դերը՝ Հայրենիքում եւ Սփիւռքում հայերի համար աւելի ապահով եւ արդար ապագայ կերտելու գործում։
2026 թուականի Հայ դատի յանձնախմբի գալա-ճաշկերոյթը մէկ յարկի տակ կը համախմբի հարիւրաւոր համայնքային առաջնորդների, պետական պաշտօնեաների եւ հասարակական գործուն աջակցութիւն ցուցաբերող անձանց՝ նուիրուած շահերի պաշտպանութեանն ու դրա ազդեցութեանը։
Տոմսերի, հովանաւորչութեան հնարաւորութիւնների եւ միջոցառման մասին լրացուցիչ տեղեկութիւնների համար այցելել՝ www.ancawr.org/gala։
